«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2003-09-06 | #161, 2003-09-09 | #162, 2003-09-10


ՕԴԵՍԱՅԻ ՆԱՀԱՆԳԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ Է ՍՏԱՆՈՒՄ

Օրերս աշխատանքային այցով Օդեսա էր մեկնել Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը։ Մեր զրույցի ժամանակ նա խոսեց այցի նպատակների, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

Դեռեւս ամռանը Վանաձոր էր այցելել Օդեսայի նահանգապետարանի աշխատակազմի ղեկավար Ստեփան Դավթյանը, ասաց մարզպետը։ Նահանգապետ Սերգեյ Գրինովեցկու անունից նա պատրաստակամություն հայտնեց համագործակցություն ծավալել մեր մարզի հետ։ Եթե նկատի ունենանք, որ Օդեսայում շուրջ 50 հազարանոց հայկական համայնք կա, կասկած չպետք է լինի փոխադարձ շահագրգռվածության մասին։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ուկրաինա կատարած այցի ժամանակ եղել է նաեւ Օդեսայում, եւ համագործակցության մասին խոսակցություն է եղել։

Ս. Դավթյանն այցի ժամանակ առաջարկներ էր բերելՙ տնտեսական, մշակույթի, տուրիզմի ոլորտներում համագործակցություն սկսելու մասին։

Մենք եւս համապատասխանաբար մեր առաջարկներն ուղարկեցինք Օդեսա, որին հետեւեց հրավերը։ Մեկշաբաթյա այցի ժամանակ նահանգապետի հետ առավել կոնկրետ քննարկեցինք համագործակցության ոլորտները։ Առիթ ունեցա նաեւ հանդիպելու գործարար շրջանակների, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Ինձ հետ տարել էի նաեւ թեթեւ արդյունաբերության արտադրանքի նմուշներ, որոնք տեղի մասնագետների հավանությանն արժանացան։ Նրանք հավաստեցին, որ մեր արտադրանքն Օդեսայում սպառման շուկա կունենա։ Ի վերջո, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նահանգապետին պաշտոնական հրավեր կուղարկենք եւ այս տարվա հոկտեմբերին նա կայցելի Հայաստան, կլինի Վանաձորում, ավելի բարձր մակարդակի հանդիպումներ եւս կունենա։ Այսինքնՙ համագործակցություն է նախատեսվում նաեւ հանրապետության այլ մարզերի հետ։

Տեղի արտադրողների նախաձեռնությունների, սփյուռքի հետ կապերի սերտացման հնարավորությունների օգտագործման մասին մեր հարցին Հ. Քոչինյանը պատասխանեց.

- Մեր գործարարները, ձեռնարկատերերը պետք է ավելի ակտիվ լինենՙ սպառման նոր շուկաներ դուրս գալու գործում։ Իսկ դժվարությունների դեպքում նրանք մշտապես կստանան մարզային իշխանությունների աջակցությունը։ Պետք է արդյունավետ օգտագործենք նաեւ սփյուռքահայ գործարարների ներուժը, քանզի նրանց հետ համագործակցության ժամանակ տնտեսական շահին գումարվում է նաեւ ազգայինը։

Կարծում եմ, սեպտեմբերի 22-24-ը Երեւանում կայանալիք «Հայաստան-սփյուռք» տնտեսական համաժողովը մեծ խթան կհանդիսանա այդ առումով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4