«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2003-09-17 | #168, 2003-09-18 | #169, 2003-09-19


ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ ՆԱԽՈՐԴԵՑԻՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Յալթա

Երեկ առավոտյան նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Սիմֆերոպոլ, ապա մեկնեց Յալթա։ Քանի որ նախագահների խորհրդի նիստը տեղի է ունենալու այսօր, երեկ օրն օգտագործվեց երկկողմ հանդիպումների համար։

Հայաստանի նախագահը նախ հանդիպեց հյուրընկալող երկրիՙ Ուկրաինայի իր գործընկեր Լեոնիդ Կուչմայի հետ, որի ընթացքում առանձնահատուկ ուշադրության արժանացան երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Նշվեց ապրանքաշրջանառության ավելացման փաստը, որն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր շուրջ 60 տոկոսով։

Օրվա երկրորդ կեսին Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ։

Յալթայում, ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ադրբեջանի պատվիրակությունը ղեկավարում էր ոչ թե երկրի նախագահը, այլ նրա որդինՙ վարչապետ Իլհամ Ալիեւը։ Վերջինս այդ պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ հանդիպում ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Գագաթաժողովի նախօրյակին քննարկվող հիմնական հարցն ԱՊՀ 4 երկրներիՙ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ միասնական տնտեսական տարածք ստեղծելու համաձայնագիրն էր։ Երեկ ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացվեց, որ վերոնշյալ 4 երկրների վարչապետներն իրենց հավանությունն են տվել այդ համաձայնագրին, որը նախագահները կստորագրեն այսօր։ Այդ կապակցությամբ անմիջապես իր դժգոհությունը հայտնեց Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջոն Հերբստը, ասելով, որ միասնական տնտեսական տարածքի մեջ ընդգրկվելը չի համապատասխանում Ուկրաինայի պետական շահերին։

Ինչ մնում է այսօր տեղի ունենալիք գագաթաժողովին, ապա օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերից կարեւորվում է հատկապես ահաբեկչության դեմ պայքարի եւ զենքի (մասնավորապես զենիթային կայանքների) վաճառքի հսկողության խնդիրը։

Լիվադյան պալատում, որտեղ պետք է կայանա գագաթաժողովը, ընդամենը 2 օր առաջ հանդիսավորապես նշվել էր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4