«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2003-09-17 | #168, 2003-09-18 | #169, 2003-09-19


ՀՀԿ-Ն ԼՌԵՑ, ԻՍԿ ՕԵ-Ն ՄՈՌԱՑԱՎ ՊՈՊՈՒԼԻԶՄԸ

Քաղաքական կոալիցիայի անդամներից ՀՀԿ-ն, մեղմ ասած, խուսանավեց որեւէ կերպ ՀՅ Դաշնակցության երեկ ներկայացրած հաշվետվությանը մոտեցում կամ վերաբերմունք արտահայտելուց։ 3-4 հանրապետականի դիմելուց հետո եզրակացրին, որ ոչ մեկն էլ չի խոսի։

Ավելի վատ իրենց համար։

Ինչ վերաբերում է կոալիցիոն մյուս կուսակցությանըՙ «Օրինաց երկրին», ապա, ինչպես մեզ տեղեկացրեց ՕԵ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը, մի քանի օրից կամ մեկ շաբաթից կուսակցությունը կներկայացնի իր դիրքորոշումը։ Պրն Բալասանյանը նշեց, որ Դաշնակցությունը ճիշտ է վարվել, ՕԵ-ն էլ իր համար կներկայացնի 100 օրվա հաշվետվություն։ Այսինքնՙ դիրքորոշումը չի հայտնվելու միասին, այլ առանձին-առանձին։

Թե արդյոք եղե՞լ է առանձնաբար հաշվետու լինելու պայմանավորվածություն, Սամվել Բալասանյանը ենթադրեց, թե նման պայմանավորվածություն երեւի եղել է, բայց ինքը տեղյակ չէ։

Այս դեպքում ուղղակի ակնհայտ է, որ կոալիցիայի միասնական պատասխանատվության դրույթը «ապրեց» 100 օր, ավելի ճիշտՙ դրա չգոյությունը հաստատվեց այդ ժամկետի ավարտին։ Այս դեպքում իմաստավորվում է նաեւ այդքան բարձր գնահատված եւ քաղաքական մեծ ձեռքբերում որակված կոալիցիայի բովանդակությունը։

Թերեւս հենց սա էլ պետք էր սպասել, քանի որ ի սկզբանե անհամատեղելի բաղադրամասերով երբեք էլ միասնական կոկտեյլ չի ստացվում։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4