«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2003-09-17 | #168, 2003-09-18 | #169, 2003-09-19


ՆՈՒՐԻԶԱԴԵՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐԱՆՈՒՄ ՀՈՄԱՆԻՇ ԵՆ

¬ Երբ սկսեցի ձեր գրականությամբ եւ մշակույթով զբաղվել, մեկ սպիտակ մազ չունեի, հիմա մեկ սեւ մազ չի ճարվում։ Ձեր մշակույթին ծառայելովՙ սպիտակեցի,- այսպես կատակեց միջազգային հայագիտական գիտաժողովին մասնակցող իրանցի բանաստեղծ եւ թարգմանիչ Ահմադ Նուրիզադեն, ապա լրջանալով ավելացրեց,- բայց եւ ուրախ եմ, որ կյանքս նվիրել եմ աշխարհի ամենահին ազգերից մեկի հարուստ եւ շատ մարդկային գրականությանն ու մշակույթին։

Այս խոսքերը հնչեցին ամենամաքուր հայերենով։ Ասենքՙ այս գիտաժողովում հիանալի հայերեն իմացող օտարերկրացի հայագետների պակաս չէր զգացվում. Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թեո Վան Լինտը նույնպես գիտաժողովի հայ մասնակիցների հետ շփվում էր բացառապես հայերենով։

Իր կյանքի երեսունից ավելի տարիները Ահմադ Նուրիզադեն նվիրել է Իրանում հայ մշակույթի տարածմանը։ Հայկական բովանդակությամբ 15 գիրք է հրատարակել պարսկերեն եւ հեղինակել է հայերեն «Բարեւ ձեզ, հայեր» բանաստեղծությունների ժողովածուն։ Առավել համահավաք գրքերից են «Հարյուր տարվա հայ բանաստեղծություն», «Հարյուր տարվա հայ արձակ» թարգմանական ժողովածուները, որոնցից առաջինում ամփոփված է մեկդարյա հայ պոեզիանՙ Պետրոս Դուրյանից մինչեւ Արմեն Մարտիրոսյան, իսկ երկրորդում նույն ժամանակաշրջանի 20 վիպակ է ներկայացված։ Իսկ «Հայաստանի պատմությունն ու մշակույթը» ծավալուն աշխատությունն իր յոթ բաժիններում ներառել է հայոց պատմությունըՙ հնագույն ժամանակներից սկսած մինչեւ քսաներորդ դարավերջ։

¬ Մեծացել եմ Էնզելի քաղաքում, հայ ընկերներիս հետ։ Նրանցից եմ սովորել լեզուն, եւ մի օր էլ, երբ արդեն համբավ ունեցող բանաստեղծ եւ լրագրող էի, սկսեցի թարգմանել հայ պոեզիան։ Հետո օգտվեցի իմ համբավից ու արդեն լրջորեն սկսեցի ներկայացնել հայ գրականությունը, պատմությունը, մշակույթը մամուլի էջերից, հեռուստացույցով, ռադիոյով։ Մարդս մահկանացու է, եւ ես կուզենայի շարունակելի տեսնել այն գործը, որի հիմքը ես ստեղծել եմ, դրա համար ձեր օժանդակության կարիքն ունեմ...

Այո, իրենց դժվար վիճակից բողոքում են ոչ միայն հայ գրողները։ Առաջինՙ Նուրիզադեին չեն հասնում ժամանակակից գրողների գրքերը։ Երկրորդՙ ուրիշի մշակույթը տարածողի համար իր հայրենիքում ֆինանսական խնդիրները եւս զգալի են։ Թեեւ, օրինակ, «Հարյուր տարվա հայ բանաստեղծություն» անթոլոգիան Իրանում գրքի սեւ շուկայում իր անվանական արժեքից տասն անգամ ավելիով է վաճառվում, բայց նրա հեղինակին դրանից ոչինչ չի հասնումՙ նախնական պայմանագրի փոքրիկ տոկոսից բացի։

¬ Եթե ես վաղն ընկնեմ-մեռնեմՙ ինձանից հետո չեք գտնելու այնպիսի մեկին, որ իմ հեղինակությունն ունենա, երկու լեզուն համարժեք իմանա, բանաստեղծ լինի ու նրա թարգմանությունն ընդունելի լինի պարսիկ ընթերցողի համար, ընդունելի չեղավՙ արածն արժեք չի ունենա։ Թարգմանիչ լինելը հատուկ մասնագիտություն է։ Բացի այդՙ չի ունենա այն ազատ մուտքը հեղինակավոր մամուլ, հեռուստատեսություն, ռադիո, որ ես ունեմ։ Եթե հայկական որեւէ կազմակերպություն ուզենա գնել այն ժամերը, որոնց ընթացքում ես միայն հեռատեսիլով հայ մշակույթի մասին եմ խոսելՙ հավատացեք, հարյուր հազարներ է ծախսելու։

Այս բոլորը մենք պետք է ասենք, ոչ թե ինքը։ Մեզ է պետք հարեւան Իրանում բարձր որակով մշակույթ պրոպագանդելՙ Նուրիզադեն լիներ, թե չլիներ։ Նուրիզադեն կա, եւ նրա արած գործը երիցս շնորհակալ ու հայանպաստ է։ Ուրեմն արժի սատար կանգնել նրան։

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ. Գ. Արդար լինելու համար ասենք, որ երկու տարի առաջ Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանը Ա. Նուրիզադեին պարգեւատրել է Մովսես Խորենացու մեդալով։ Այս անգամ հայ մշակույթի քարոզման գործն առավել առարկայական մոտեցում է պահանջում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4