Մոսկվայի «Կոմպոզիտոր» հրատարակչությունն այս տարի լույս է ընծայել արվեստագիտության դոկտոր, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Սարգսյանի «Հայ երաժշտությունը XX դարի մշակութային համատեքստում» ուսումնասիրությունը։ (Հեղինակի առաջին գիրքը տպագրվել է Երեւանումՙ «Հայ ժամանակակից երաժշտության հարցերը» խորագրով)։ 4 տարի առաջ Սվետլանա Սարգսյանն այս թեման իբրեւ գիտական թեզ, պաշտպանել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում։
Առաջին անգամ գիտականորեն ուսումնասիրված եւ ամփոփված է XX դարի կեսի հայ երաժշտական կյանքը։ Աշխատության հեղինակը հանգամանալից դիտարկումներ է կատարում հայ եւ օտարազգի կոմպոզիտորների մշակութային առնչությունների համաշխարհային երաժշտական գործընթացում հայ կոմպոզիտորի դերին եւ կրած ներազդեցությունների շուրջ։ Ուսումնասիրելով XX դ. երկրորդ կեսի համաշխարհային դասական երաժշտության հիմնական տենդենցներըՙ արվեստաբանը բացահայտում է հայ ժամանակակից երաժշտության կապը նույն այդ տենդենցների հետ։ Հիմնավորելով այն տեսակետը, որ համաշխարհային մշակութային (եւ առհասարակ) կյանքը համընդհանուր նկարագիր եւ ուղղվածություն ունի, որից անմասն չենք, անշուշտ, նաեւ մենք։ Երաժշտագետն անդրադարձել է հայ երաժշտության ավանդույթների ազդեցություններին ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների վրա, եւ թե ինչպես են դրանք (նաեւ առանձին անհատ ստեղծագործողների ավանդույթները) գործում այսօր։ Առհասարակ յուրաքանչյուր կոմպոզիտորի (նաեւ հայ) պրոբլեմը, ըստ ուսումնասիրողի, վերջին տասնամյակներում եղել եւ շարունակում է մնալ սեփական ազգային երաժշտական հենքի վրաՙ ինքնաորոնումը համաշխարհային մշակույթի համատեքստում։
Հայ եւ արեւմտաեվրոպական ժամանակակից երաժիշտների համեմատական սույն վերլուծությունը պարունակում է նաեւ այլազգի երաժիշտներին հետաքրքրող ընդհանուր դրույթներ, նաեւ, թե ինչպիսի արդյունք կարող է ունենալ տարբեր երաժշտական մշակույթների շփումները։
Պրոֆեսիոնալիստական բարձր ունակություններով եւ լեզվական կուլտուրայով գրված սույն ուշագրավ ուսումնասիրությունը ներկայացված է այս տարվա «Գրականություն եւ արվեստ» պետական մրցանակաբաշխությանը, սպասում է իր արժանի գնահատականին։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ