«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2003-09-17 | #168, 2003-09-18 | #169, 2003-09-19


ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԻՐ ՓՐԿԱՐԱՐԻՆ

Արարատյան հարթավայրի մոռացված հարստությունը

Հարյուրամյակներ շարունակ մեր վայրի բնության ծաղիկը եղել է որդան կարմիրը, որի բոսոր գույները Հայաստանի անունը ճանաչ են դարձրել ողջ աշխարհում։ Դեռ մինչեւ անցյալ դարի կեսերը որդան կարմիրը մեծ տարածքներ էր զբաղեցնում Արարատյան հարթավայրում։ Այնքան, որ ինչպես նկարագրում է ռուս ճանապարհորդ Շոպենը, Էջմիածնի դաշտերում արածող ոչխարների ոտքերը օրվա վերջում ներկված էին լինում վառ կարմիր։ Հավաստի վկայություններ կան, որ Ռեմբրանդը, Միքելանջելոն, նաեւ Այվազովսկին, Բաշինջաղյանն ու Սուրենյանցը իրենց կտավներում օգտագործել են որդանի տաք երանգները։

Արդեն 7-8 տարի որդան կարմիրի արգելավայրը լիակատար մոռացության է մատնվել։ Ոչ ոքի այսօր չի հետաքրքրում միջատի ճակատագիրը, որեւէ գիտական ուսումնասիրություն չի կատարվում այստեղ։ «Վերջին անգամ, երբ եղա արգելավայրում, տպավորությունս ծանր էր ու ճնշող, որդան կարմիրի կերաբույսերը խեղդվում էին խառնիխուռն աճած մոլախոտերի մեջ, գայլուկը փաթաթվել էր նրանց, մնացել էին ստվերում, եւ պարզ է, որ կամաց- կամաց շարքից դուրս են գալու», պատմում է կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ գյուղակադեմիայի թղթակից անդամ Վոլոդյա Ոսկանյանը։ Որդան կարմիրի արգելավայրը 2 տեղամաս ունիՙ Արմավիրի մարզի Արազատ գյուղում (200 հա) եւ 47 հա էլ Ջրառատ գյուղում (Էջմիածնի կայարանի շրջակայքում)։ Իհարկե, դրանց վրա կառավարիչներ են կարգված, բայց եղած- չեղած մեկ են։ Ինչպես այլ արգելավայրեր, այստեղ էլ այսօր գիտնականի ոտք չի մտնում։ Որդանի վիճակը չի հետազոտվում ոչ դաշտային, ոչ էլ լաբորատոր պայմաններում։

Որդան կարմիր միջատը հողի մակերես է դուրս գալիս սեպտեմբերին, եւ միայն այդ ժամանակ, դատելով քանակից, կարելի է ենթադրություններ անել, թե ինչքանով են պահպանվել այս միջատները։ Որդանախոտն ու եղեգնը, որոնցով սնվում է, աճում են միայն աղակալած հողերի մեջ։ Որդանի կերակուրը դրանց կոճղարմատներն են, ապրում է հենց դրանց վրաՙ կենսահյութով հագենալով։ Որքան լավ աճեն այդ կերաբույսերը, այնքան որդանն իրեն լավ կզգա։ Որդան կարմիրը բնաջնջման սպառնալիքի դատապարտվեց 1960-70 թթ., երբ ինտենսիվ կերպով ձեռնարկվեց Արարատյան հարթավայրի աղուտների յուրացումը։ Մինչ այդ որդանի բոլոր բնակատեղիները միասին կազմում էին մոտ 4000 հա։ Այն տարածվում էր նաեւ Արաքսի մյուս ափերին, նաեւ դեպի Նախիջեւան։ Հայկական տեղամասերում արդյունաբերական կառույցներ հայտնվեցին, ստեղծվեցին արհեստական լճեր, եւ միջատի կենսամիջավայրն աղետալիորեն կրճատվեց։ Արդեն այն ժամանակ 200 հա¬ի վրա ստեղծվեց որդան կարմիրի արգելավայրը։ Սակայն կարճ ժամանակ անց արգելավայրի ցանկապատը մաս-մաս թալանվեց, իսկ այսօր այստեղ անվերահսկելիորեն շարունակվում է նաեւ կենդանիների գերարածեցումը։ Խախտվել են կերաբույսերի աճի համար նպաստավոր էկոլոգիական բոլոր պայմանները։ Այստեղ այսօր այնպիսի բուսատեսակներ են աճում, որոնք խանգարում են որդանախոտի ու եղեգնի նորմալ աճին։ Ժամանակին դրանք անխնա ոչնչացվում էին։ Կենսաբանական գիտությունների դոկտոր Նազիկ Խանջյանի համոզմամբ, որդան կարմիրը կորստից փրկելու առաջին քայլը պիտի լինի արգելավայրին արգելոցի կարգավիճակ տալը, որը պահպանության ավելի խիստ ռեժիմ է նախատեսում, այսինքն բացառում է տնտեսական գործունեություն, մարդկային որեւէ միջամտության։ Ընդամենը 2 ամիս առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց նաեւ որդան կարմիր արգելավայրի կանոնադրությունը։ Սակայն առայժմ սա ընդամենը որոշում է թղթի վրա, եւ հայտնի չէ, հետեւողականություն կցուցաբերվի՞ արդյոք, թե կկրկնվի նույնը, ինչ մյուս արգելավայրերի դեպքում է, այսինքն, կանոնադրությունները կան, բայց դրանց առկայությունը լոկ ձեւական իրողություն է։

Կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Բարսեղյանը իր գիտական գործունեության 15-20 տարիները նվիրել է որդան կարմիրի ուսումնասիրությանը։ Նա պատմում է, որ տարիներ առաջ, դաշտային գիտահետազոտական աշխատանքներ կատարելուց հետո Երեւան է վերադարձել վերնաշապիկի թեւքերը կարմրած վիճակում։ Լաբորատոր ուսումնասիրությունը պարզել է, որ դրանք իսկապես ներկված են եղել որդանի ներկով։ Գիտնականը ցավով է խոսում այն վիճակի մասին, որում հայտնվել է «Արարատյան հարթավայրի պարծանքը»։

Ոչ վաղ անցյալում ՀՀ կենդանաբանության ինստիտուտում ստեղծվել էր հատուկ լաբորատորիաՙ ջերմատնային պայմաններում որդան կարմիրի բազմացման ու ներկանյութի ստացման համար։ Նույնիսկ մեկ վեգետացիոն շրջանում հաջողվեց բույսի մի քանի բերք ու որդանի մի քանի սերունդ ստանալ։ Բայց այդպես էլ լայն արտադրություն չներդրվեց։ Էրմիտաժի ղեկավարության խնդրանքով այնտեղ ուղարկվեց ներկի որոշակի քանակՙ դարերի ընթացքում խունացած գեղանկարչական մի շարք գլուխգործոցների վերականգնման համար։ Հրաշալի արդյունքներ եղան, եւ կենդանաբանության ինստիտուտին անմիջապես առաջարկեցին պայմանագրային աշխատանքներ նախաձեռնել արտասովոր կարմրաներկի արտադրությունը կազմակերպելու համար։ Սակայն լաբորատորիայի վարիչ Ռոբերտ Սարգիսովի մահից հետո որդանի հետ կապված բոլոր աշխատանքները դադարեցվեցին։

Որդան կարմիր ողջ աշխարհում ընդամենը 3 տեղ կաՙ Լեհաստան, Մեքսիկա եւ Հայաստան։ Երանգների բացառիկ հարստությամբ ու ամրությամբ ամենաարժեքավորը համարվում է հայկական որդանը։ Հայկական գորգերի, կարպետների, կանանց հանդերձանքի (հատկապես շալերի) ստեղծման մեջ շռայլորեն օգտագործվել են որդան կարմիրի հարուստ նրբերանգները։ Որդան կարմիրը այլ անգնահատելի արժանիքներ եւս ունի. դրանից ստացված ճարպն ու պատրաստուկներն օգտագործվել են հոդացավերի բուժման, ջերմությունն իջեցնելու, իբրեւ հակաբորբոքային ու հակաբեղմնավորիչ միջոց։ Առանց երկմտելու որդան կարմիրը կարելի է օգտագործել նաեւ սննդի ու օծանելիքի արդյունաբերության մեջ։

Այսօր սինթետիկ ծագման ներկանյութերը գրավել են այս ասպարեզներըՙ անպատիժ վնասելով մեր ու եկող սերնդի առողջությունը։ Կենսաբան գիտնականների մեծամասնության կարծիքով, եթե որեւէ մեկը լրջորեն ձեռնարկի որդանի ներկանյութի վերակենդանացման ծանր առաքելությունը, դեռեւս հնարավոր է փրկել այն։ Որդան կարմիրի արտադրությունը թանկ հաճույք է լինելու։ Ըստ հաշվարկների 1 հա-ից կարելի է հավաքել 40 կգ միջատ։ 1 կգ կենսազանգվածից կարելի է ստանալ ընդամենը 50 գ բյուրեղացված ներկ։ Միջատների կշռի 5 տոկոսն է միայն կազմում ներկի բաղադրությունը։ Բացի այդ, պարզվել է, որ միջատների հավաքման տեխնիկական միջոցները ոչ ցանկալի, ոչ էլ արդյունավետ են։ Ձեռքի աշխատանքի հին ու փորձված մեթոդն է միակ նախընտրելին։ Պետք է գտնել այն գործարարին ու ներդնողին, ում կարող է հետաքրքրել խնդիրը, ով դրա գոյության մասին, հնարավոր է, պատկերացում անգամ չունի։ Միջոցներ են հարկավոր ուսումնասիրության, կարմիր ներկի ստացման տեխնոլոգիական մեթոդների մշակման համար։ Այսօր Արարատյան դաշտավայրում հողերն աղուտանում են։ Գիտնականները խոսում են անապատացման ու էրոզիայի վտանգի մասին։ Բայց, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի։ Տվյալ դեպքում խիստ հավանական է, որ նույնիսկ բազմաթիվ անցանկալի գործոնների առկայությամբ նպաստավոր պայմաններ են ստեղծվել որդանի կերաբույսերի զարգացման համար, որոնք բազմանում են բացառապես աղակալած հողերում։ Այնպես որ նրանք, ովքեր կխիզախեն կյանք տալ որդանի փրկության հրաշալի գաղափարին եւ միջոցներ չեն խնայի դրա համար, մի օր լիուլի վարձատրվելու են։ Հիշենք, որ այն, ի վերջո, լայնորեն արդյունահանվել է ու նույնիսկ արտահանվել Հայաստանից։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4