Հայագիտական համաժողովի պատմության մասնաճյուղում, ինչպես եւ մյուս մասնաճյուղերում, երեկ լսվեցին վերջին զեկուցումները։ Նախորդների պես դրանք կամ նման էին հաշվետվության, կամ էլ բացահայտում էին նոր, դեռեւս անհայտ փաստեր ու իրողություններ։ Այսպես, ԳԱԱ նախագահական նիստերի դահլիճում կայացած երկրորդ նիստում գերմանացի հայագետ Հերման Գոլթցը հանդես եկավ «Յոհաննես Լեփսիուսՙ հրեշտակ, լրտես, թե՞ կեղծարար» զեկուցումով, որում հաղորդվեցին մեզ բոլորովին անծանոթ տեղեկություններ հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկի մասին։
Մատենադարանի գիտաշխատող Ստելլա Վարդանյանը ներկայացրեց «Հայ բժշկագիտության պատմության ասպարեզում 1832¬2002 թթ. ընթացքում կատարված ուսումնասիրություններն ու ապագա անելիքները» թեման։
Ազգագրագետ Դերենիկ Վարդումյանը խոսեց հայ ազգագրության հիմնական ձեռքբերումների ու հեռանկարների մասին, ընդգծելով, որ թեեւ հայոց մշակութակենցաղային յուրահատկություններին վերաբերող տեղեկությունները գալիս են վաղնջական ժամանակներիցՙ ժայռապատկերներ, ազգագրական նյութեր եւ այլն, սակայն հայ ազգագրությունը որպես գիտություն ձեւավորվել է XIX դ. կեսերինՙ բուռն զարգացման հասնելով XX դ. սկզբներին։
Ուրախալի է, որ համաժողովի մասին հնչում են հիմնականում դրական կարծիքներ, մասնակիցները մեծ մասամբ գոհունակություն են հայտնում, բայց, իհարկե, կան նաեւ մասնակի դժգոհություններ ու դիտողություններ. ոմանք բացահայտորեն արտահայտվում են, ոմանք էլՙ հրաժարվում ու թաքցնում իրենց բացասական կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ։
Մխիթարյան միաբանության վարդապետ Հարություն Պզտիկյանը իր մտքերն արտահայտելու մեջ բավականին անմիջական է ու ազատ, հետեւաբար, մեզ հետ զրուցելիս նախ բարձր գնահատեց համաժողովը, ապա նշեց աչքի համար անհաճո, մի քանի մանր թվացյալ երեւույթներ։ «Այս համաժողովը, հիրավի, մեծ հաջողություն արձանագրեցՙ հայագիտական բոլոր ուժերը համախմբելու փորձը դարձնելով հնարավոր ու իրականանալի։ Ամենամեծ ուրախությունս ծնվեց Երեւանի պետական համալսարանի եւ ԳԱ ակադեմիայի դերը վերստին արժեքավորված տեսնելու իրողությունից. մի բան, որ վերջին տարիներին ցավալիորեն մոռացված էր։ Ինձ քաջալերում է, որ պետությունն ու եկեղեցին այսօր մեծ կարեւորություն են տալիս հայ ժողովրդի մշակութային արժեքներինՙ հաշվի առնելով ժողովրդի փափագն ու մղումները։ Առանց վարանելու կարելի է ասել, որ սա մեր մշակութային վերածննդի առաջին նշանն է, որին պետք է սատարել։
Հետաքրքրական շատ ելույթներ եղան, օրինակ, Լեփսիուսի մասին զեկուցումը նորություն էր, քանզի նա մեզ հայտնի է որպես հայասեր եւ հայ դատին նվիրված անձնավորություն, իսկ գերմանացի բանասերը զանազան տեսակետներ առաջ քաշեց։ Վարկածներից մեկն այն էր, թե իբր Գերմանիան Լեփսիուսին ուղարկել էր որպես լրտեսի, միտում է եղել հայերին դարձնելու գերմանասեր, մի խոսքով, իբր այնքան էլ անմեղ անձնավորություն չի եղել։ Սա արեւմտյան մոտեցում է, քանի որ նրանց համար ազգային հարցերն այնքան կարեւոր չեն, որքան լրտեսական եւ այլ հարցերը։
Հիմա դառնանք կազմակերպչական մի քանի մանրուքների, որոնք տեղացիների համար թերեւս նկատելի չեն, սակայն սփյուռքահայերի զգացումները վիրավորում են, օրինակՙ թուրքերեն գրություններով ավտոբուսով մեզ պտտելը, «օքյուլ դեֆտերի» տետրեր տալը, սրանք գուցե երկրորդական են թվում, բայց մեր մշտական ձգտումը հայ հողի վրա ամեն ինչ հայկական տեսնելն է»։
Մեր զրույցին մասնակից դարձավ նաեւ «Հայկական ֆորում» ամերիկյան ամսագրի խմբագիր Վինսենթ Լիման։ Համաժողովը համարելով բավականին հաջողված, նա անդրադարձավ կազմակերպչական բնույթի երկու հարցերի։ Մասնաճյուղերի նիստերը իրարից բավականին հեռու գտնվող հայագիտական օջախներում անցկացնելը, նրա կարծիքով, մասնակիցներին զրկում է ինչոր չափով տարբեր ելույթների ներկա գտնվելուց, իսկ հայաստանյան հայագետներին ճաշի չհրավիրելըՙ սեղանի շուրջ միմյանց հետ մտերմիկ զրուցելու հնարավորությունից։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ