«Ազգը» մանրամասն անդրադարձել է եգիպտահայ վարժարանների սաների համաշխարհային հավաքի ընթացքին, որ օրերս կայացավ Հայաստանում։ Մասնակիցներից համարյա բոլորը պնդում էին, որ այդ մտահղացումը հրաշալի է, եւ առաջիկա տարիներին էլ կցանկանային հավաքվել մայր հայրենիքում, որպեսզի էլ ավելի մոտիկից ծանոթանան ու շփվեն իրենց հայրենակիցների հետ։ Իսկ ամենագլխավորըՙ Հայաստանը դարձավ հանդիպման վայր շատերի համար, ովքեր իրենց դասընկերներին չէին հանդիպել 20-30-40-50 եւ ավելի տարիներ։ Նշեմ նրանցից մի քանիսին միայն։
Եգիպտահայերՙ 78-ամյա Արմինե եւ Էդվարդ Փեշտիմալջիները (ԱՄՆ, Նուբարյան վարժարան), Վահե Քարամյանը (Վիրջինիա նահանգ, Նուբարյան վարժարան), Լիզա եւ Վահե Ամիրյանները (Նյու Ջերսի), Լիզբեթ եւ Զավեն Ալաջաջյանները (Կալիֆոռնիա), Հարություն Մեկերյանը (ԱՄՆ, Գալուստյան վարժարան)։ Վերջինս էլ Եռաբլուր այցելության ժամանակ տեղում նախաձեռնեց հանգանակություն եւ հավաքված 717 ԱՄՆ դոլարը հանձնվեց Եռաբլուրի պանթեոնի սպասարկման ծառայության պետ Ալբերտ Առաքելյանին, ծիսակատարությունների բաժնի պետ, կապիտան Գագիկ Մինասյանին եւ նույն բաժնի սպա Արման Խաչատրյանին, որպեսզի այդ նյութական օգնությունը բաշխվի զոհվածների ընտանիքներին։ Հուսանք, գումարները հասցեատերերին կհասնեն։
Եգիպտահայ դոկտոր Հրայր Տեր-Գեւորգյանը Մոնրեալի (Կանադա) ՌԱԿ ատենապետն է եւ իր տիկնոջՙ Մանուշակ Անգալաթյանի հետ մասնակցում են եգիպտահայ վարժարանների համաշխարհային հավաքին։ Դոկտ. Հրայրի մտքով անգամ չէր անցնի, որ հենց Հայաստանում հանդիպելու է իր դասընկերուհուն եւ մոտ դրացունՙ Մակի Վարձպեդյանին, որին չէր տեսել 50 տարի ի վեր։ Ջերմ ու մտերմիկ զրույցները, պատանեկան տարիների հիշողությունները երկուսին էլ մտովի տեղափոխեցին Գալստյան եւ Նուբարյան ազգային, շատ սիրելի վարժարաններ Առիթից օգտվելով, դոկտ. Հրայրից ցանկացա իմանալ Մոնրեալի ԹՄՄ գործունեության մասին, եւ թե ինչպե՞ս են պատրաստվում տոնել Վահան Թեքեյանի 125-ամյակը։
- Թեքեյանի մշակութային գործերին շատ մոտիկից եմ առնչվում։ Միությունը մշտապես զբաղված է շատ կարեւոր հայապահպան գործունեությամբ, ու մշակութային առօրյան լեցուն է ծրագրերով։ Մենք ունենք մեր միության շենքը, եւ գաղութի մի մասը միշտ մեզ հետ է։ Մենք, անշուշտ, մասնակցում ենք նաեւ մյուս միությունների ձեռնարկներին, որոնք վերաբերում են գաղութի հարցերին։ Իսկ տոնակատարությունների անցկացման մշակված ծրագիր ունենք եւ նոյեմբերի 2-ին կնշենք Վ. Թեքեյանի 125-ամյակը։
Եգիպտահայ Անդրանիկ Չատրչյանը Ֆրեզնոյից է (Կալիֆոռնիա) եւ հինգ տարի է Թեքեյան մշակութային միության ատենապետն է։ Միությունը ջանք չի խնայում կալիֆոռնիահայերի, հատկապես երիտասարդների մեջ սերմանելու հայրենասիրությունն ու հայապահպանությունը։
¬ Դժբախտաբար, այնպիսի երկրի մեջ ենք ապրում, որ կամա թե ակամա, ամերիկյան մեծ ձուլարանը, որի մեջ են մեզ նմանները, լինեն հայ թե այլ ազգի, ամերիկյան դաստիարակություն են տանում։ Դրա դեմն առնել նշանակում է հոսանքին հակառակ լողալ, որ չես կարող։ Հետեւաբար մնում է քո ազգի համար բավականաչափ ջանասիրաբար գործել։
¬ Պրն Անդրանիկ, Ֆրեզնոյում տոնելո՞ւ եք Վ. Թեքեյանի 125-ամյակը։
¬ Անշուշտ, տոնելու ենք։ Ունենք մշակված ծրագիր։ Հոկտեմբերի առաջին շաբաթը նախապատրաստել ենք մեծ հանդիսություն, որի ժամանակ ելույթ կունենան շատ ճանաչված արվեստագետներ, մշակույթի ներկայացուցիչներ եւ, իհարկե, Նունե Ավետիսյանը։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ