1996 թ. աշնանից Կրասնոդարում լույս է տեսնում Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» հասարակական-քաղաքական անկախ թերթը։ Այն լուսաբանում է Ռուսաստանի, մերձավոր ու հեռավոր արտասահմանի երկրների հայկական համայնքների կյանքը, հրապարակում լուրեր Հայաստանից ու Ղարաբաղից։ «Երկրամասի» խմբագրությունից ստացված տեղեկանքը հայտնում է, որ թերթը չի արտահայտում հայկական այս կամ այն հասարակական կազմակերպության պաշտոնական դիրքորոշումը եւ ընթերցողներին ներկայացնում է անաչառ տեղեկատվություն։
16 էջանոց երկշաբաթաթերթի տպաքանակը 10 հազար է։ Հիմնականում տարածվում է Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերում, Ռոստովի մարզում եւ Ադըղեի Հանրապետությունում։ Բաժանորդներ կան նաեւ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կաբարդինա-Բալկարիայում, Հյուսիսային Օսիայում, Իրկուտսկի մարզում, Աբխազիայում։ «Երկրամասի» անունը կա Կրասնոդարի երկրամասի պարբերականների ցանկում։ Կան նաեւ հասարակական տարածողներ։
2001 թ. «Երկրամասը» Մամուլի համառուսաստանյան կոնգրեսի հիմնադրմանը հրավիրված միակ էթնիկական պարբերականն էր։ 2000 թ. թերթի ինտերնետային էջը ճանաչվեց Ռուսաստանի համայնքային լավագույն էջ։ Անկախ մամուլի հարավռուսաստանյան ընկերակցությունը «Երկրամասը» ճանաչեց ՌԴ հարավի էթնիկական լավագույն հրատարակություն։ 2003 թվականից թերթը հավատարմագրված է ՀՀ նախագահի վարչակազմին առընթեր։
Թերթի հիմնադիրն է էթնոքաղաքական հետազոտությունների կենտրոնը, որը տեղեկություններ է հաղորդում ռուսաստանյան եւ արտասահմանյան ԶԼՄ-ներին։ «Երկրամասը» նաեւ գործակցում է ՀՀ, ԼՂՀ, Սփյուռքի տեղեկատվական ծառայությունների հետ։ Բոլոր շփումների նպատակը Հայաստանի, Ռուսաստանի եւ մյուս երկրների հայերի համար տեղեկատվական եւ տնտեսական ընդհանուր տարածքի ստեղծումն է։
Թերթի անմիջական մասնակցությամբ Կրասնոդարի երկրամասում ստեղծվել են Հայկական գիտական տեղեկատվական-մշակութային «Համշեն» կենտրոնը, «Հայրենիքի կանչ» երկրամասային հասարակական կազմակերպությունը, հայկական թեմաներով հրատարակվել մի շարք գրքեր ու գրքույկներ։
Վերջերս խմբագրատունը կողոպտվեց։ 300 հազար ռուբլի կազմող վնասների հետեւանքները դեռ չեն հաղթահարվել։ «Երկրամասի» գլխավոր խմբագիր եւ Էթնոքաղաքական հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրեն Տիգրան Թավադյանը նաեւ Հայկական գիտական տեղեկատվական-մշակութային «Համշեն» կենտրոնի տնօրենն է եւ «Հայրենիքի կանչ» երկրամասային հասարակական կազմակերպության փոխնախագահը։
Պ. Ք.