«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2003-09-18 | #169, 2003-09-19 | #170, 2003-09-20


Վ. ԿԱԶԻՄԻՐՈՎ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ Է ՓՈՔՐ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Ադրբեջանական «Էխո» թերթի ինտերնետային էջում հրապարակվել են ԵԱՀԽ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի տեսակետները Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ։ Կազիմիրովը մասնավորապես խոսում է նույն խնդրի առթիվ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովի արտահայտած մտքերի եւ իրենց մի շարք տարաձայնությունների մասին։

Կազիմիրովը նշում է, որ բանակցությունների նպատակահարմար ձեւերի հարցում իր եւ Զուլֆուգարովի դատողությունները շատ են տարբերվում։ Սակայն Զուլֆուգարովը կողմ է «լիազոր փորձագետների մակարդակով» բանակցությունների։ Ընդունելով բանակցություններին փորձագետների մասնակցության անհրաժեշտությունը, Կազիմիրովն այդուհանդերձ անչափ կարեւոր է համարում պատվիրակությունների ղեկավարների բարձր մակարդակի եւ բավարար լիազորությունների ապահովումը։

Իհարկե, դա չի բացառում հարկ եղած դեպքերում բարձր մակարդակի հանդիպումները։ Սակայն Կազիմիրովը «հակացուցված» է համարում բանակցությունների ընթացքի համար ամբողջ պատասխանատվությունը հանրապետությունների առաջին դեմքերի վրա դնելը, քանի որ կողմերի պահանջները հակադիր են, իսկ հասարակությունն «ալերգիա ունի զիջումներից»։

Կազիմիրովը խոստովանում է, որ ինքը կնախընտրեր փաթեթային լուծումը, եթե հակամարտության յուրահատկությունը դա հնարավոր դարձներ։ «Բայց փաթեթային լուծում պահանջելը ժամանակի կորուստ է կամ ձգձգում», նշում է ռուս դիվանագետը։ Նրա խոսքերով, այդ տարբերակը դարձել է երկու ժողովուրդներին ոչ ձեռնտու «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» ստատուս քվոյի սառեցման միջոց։

Զուլֆուգարովը եւ Կազիմիրովը համամիտ են, որ այժմ գլխավորը ռազմական գործողությունների վերսկսում թույլ չտալն է։ Զուլֆուգարովը նախօրոք նեղացնում է բանակցությունների թեմատիկան, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի տարրերը բացառելով այն հիման վրա, թե «ինքնավարության իրավունքները եւ անկախ պետության իրավունքները տարբեր բաներ են»։ Կազիմիրովի կարծիքով, եթե իրավունքներն իրական են, ապա դրանց միակ արմատական տարբերությունը ծավալի մեջ է։ Սակայն հարկավոր է բոլոր բանակցություններն աստիճանաբար հանգեցնել իրական տարաձայնություններին, համաձայնեցնելով մնացյալը։

Բացի դրանից, Ադրբեջանը ժամանակին չէր մերժում ԼՂ կարգավիճակի հիմնական տարրերի մշակման հնարավորությունը, հիշեցնում է ռուս դիվանագետը։

Կազիմիրովն առաջարկում է խնդիրը լուծել «փոքր փաթեթներով», ընդգրկելով փաստորեն բոլոր հարցերըՙ միջադեպերի հարթումը, պատերազմի վերսկսում թույլ չտալուն ուղղված ապառազմականացման պարամետրերը, տարածքների ազատումը, ԼՂ կարգավիճակի տարրերը, կողմերի տնտեսական շահերը, տեղահանվածների վերադարձը, պաշտոնական թշնամական քարոզչության դադարեցումը եւ այլն։ Դա պետք է արվի առանց փոխադարձ վերջնագրերի։

1990-ական թթ, սկզբներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձեւերի գլխավոր պահանջը ռազմական եւ թշնամական գործողությունների անհապաղ դադարեցումն էր։ Կազիմիրովը հիշեցնում է, որ 1993 թ. հենց Բաքուն է խուսափել այդ պահանջի կատարումից, եւ դա վավերական փաստ է։ Ռուս դիվանագետն ընդգծում է, որ Բաքվի մեղքով 1993թ. հոկտեմբերին եւ դեկտեմբերին երկու ժողովուրդները զգալի թվով զոհեր տվեցին։

Ադրբեջանի ներկայիս արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը չի բացառում բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորությունը։ Կազիմիրովը զարմանք է արտահայտում. մի՞թե Բաքուն կնախընտրի առանձին-առանձին բանակցել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ։ Ժամանակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ-ն եւ Ռուսաստանը խրախուսել էին կողմերի անմիջական շփումները։ Մնում է պարզելՙ Գուլիեւի խոսքերը լո՞ւրջ առաջարկություն են, թե՞ լեզվի սայթաքում։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4