«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2003-09-18 | #169, 2003-09-19 | #170, 2003-09-20


ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա պանծալի խորհրդով շնորհավորում եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին։

Սիրելի ժողովուրդ հայոց, Բարձրյալի ողորմությամբ խաղաղ երկնքի ներքո տոնում ենք հայրենի մեր պետականության վերականգնման տասներկուերորդ տարեդարձը։ Այսօր օրհնում ենք սեպտեմբեր 21-ի այն ավետաբեր օրը, երբ մեր ժողովուրդը միասնաբար ընտրեց ազատ ապրելու իր իրավունքը։

Արդարեւ, ազատ է մեր Հայրենիքը հայրենյաց սուրբ արժեքներով ապրելու, իր վաղվա նոր օրը կառուցելու, ազատ էՙ աշխարհասփյուռ իր զավակներին հայրենի տան հարկի ներքո խնդությամբ ընդունելու, ազատ էՙ իր ստեղծագործ ոգու արգասիքները բերելու ժողովուրդների ու պետությունների բարեկամությանն ու համագործակցությանը։ Հավատարիմ մնանք մեր ընտրությանը, լինենք աստվածպարգեւ մեր երկրի տերն ու բարի տնտեսը եւ մեր գործերով, մեր սիրով ու նվիրումով արդյունավորենք նրա ամեն օրը։

Փառք Հայաստանի ազատությանը իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին։

Փառք ազատ Հայաստանի նոր կյանքը կառուցող աշխարհասփյուռ մեր ժողովրդին։

Իջման Սուրբ սեղանի առջեւ աղոթում ենք Բարձրյալին, որ Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո միշտ խաղաղ պահի մեր Հայրենիքը եւ առաջնորդի դեպի շինություն ու բարօրություն։

Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ եւ ընդ ամենեսեան. ամէն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4