Կառլեն Ժիրայրի Միրզախանյանը ծնվել է 1923 թ. Երեւանումՙ նշանավոր մտավորականներ Ժիրայր եւ Եվգենյա Միրզախանյանների ընտանիքում։
Ավարտելով Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ ասպիրանտուրան, հաջողությամբ պաշտպանել է գիտական թեզըՙ պատմագիտության բնագավառում։
50-ական թվականներին Կառլեն Միրզախանյանը Համամիութենական իրավաբանական ինստիտուտի հայկական մասնաճյուղի ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտորն էր։ Այնուհետեւ մոտ կես դար աշխատել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Նա հիմնադրեց եւ շուրջ 30 տարի ղեկավարեց համալսարանի գեղագիտական դաստիարակության, ապա կուլտուրայի ֆակուլտետները։
Աշխատելով հայ արվեստի նշանավոր ներկայացուցիչների հետ, Կառլեն Միրզախանյանի կազմակերպչական ջանքերի շնորհիվ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը դարձավ երկրի մշակութային ասպարեզի բարձրորակ մասնագետների պատրաստման կարեւոր դարբնոց։ Հանրապետության մշակութային հիմնարկների աշխատակիցների զգալի մասը այդ կրթօջախի շրջանավարտներ են։ Նրանց թվում են հայ անվանի գործիչներ։
Մեծ է գիտնական, պատմաբան Կառլեն Միրզախանյանի ավանդը պատմագիտության զարգացման գործում։ Նա չորս գրքերի եւ հարյուրից ավելի գիտական եւ հրապարակախոսական հոդվածների հեղինակ էր, առաջիններից էր լուսաբանել Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին շրջանը խորհրդային պատմագիտության մեջ։
Կառլեն Ժիրայրի Միրզախանյանը ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ էր։
Կառլեն Ժիրայրի Միրզախանյանը մեծագույն մանկավարժ էր։ Նա հայրական սեր էր տածում ուսանողության նկատմամբ, հոգատար էր յուրաքանչյուրի հանդեպ։ Բարի, անմիջական, հումորի զգացումովՙ այդպիսին էր պրոֆեսոր Կառլեն Միրզախանյանըՙ քաղաքացին, գիտնականը, մանկավարժը։
Կառլեն Միրզախանյանն արժանացել է բազմաթիվ պետական պարգեւների, նրան շնորհվել է հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։ Պրոֆեսոր Միրզախանյանը երկրի կրթական համակարգի նշանավոր ներկայացուցիչներից էր։
Հազարավոր մարդկանց հիշողության մեջ միշտ վառ կմնա հիշատակը Կառլեն Ժիրայրի Միրզախանյանի։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ