Հայաստանին ցույց տրվող աջակցության ծավալները
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Դոնա Դոուսետ-Քոյրոլոն երեկ հրավիրված մամլո ասուլիսում ամփոփեց Հայաստան կատարած իր մեկշաբաթյա այցի արդյունքները։ Պաշտոնյան մեր երկիր է ժամանելՙ Հայաստանին Համաշխարհային բանկի հետագա աջակցության ռազմավարությունը իշխանությունների հետ քննարկելու նպատակով։ Ինչպես ինքն է նշում, աշխատանքային շաբաթը հագեցած է եղել։
Համաշխարհային բանկի այժմ իրականացվող ծրագրերը Հայաստանում ընդգրկում են 2001-2003 թվականները, հաջորդը կազմվում է առաջիկա չորս տարիների կտրվածքով։ Տրամադրվելիք գումարները նպատակաուղղվելու են սոցիալական, առողջապահության եւ կրթության ոլորտների զարգացմանը։ Մեծ ուշադրություն է դարձվելու մասնավոր հատվածին։
Տիկին Քոյրոլոն բարձր է գնահատում Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, որը համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը քննարկելու է նոյեմբերի 6-ի նիստում։
Ինչո՞ւ են այս անգամ ծրագրերը մշակվում ոչ թե առաջիկա երկու տարվա համար (ինչպես նախորդ անգամ էր), այլ ավելի երկարՙ չորս տարի ժամանակահատվածի համար։ Սա պայմանավորված չէ, ըստ տիկին Քոյրոլոյի, մեր երկրի նկատմամբ ունեցած «վերաբերմունքի փոփոխությամբ»։ Պարզապես փոփոխվել է Համաշխարհային բանկի աշխատանքի մեթոդոլոգիան։ Չնայած սրան, պաշտոնյան նշում է, որ «Համաշխարհային բանկը բարձր է գնահատում Հայաստանում բանկի ծրագրերի իրականացումը»։
Համեմատելով Հարավային Կովկասի մյուս երկրների հետ, տիկին Քոյրոլոն արձանագրում է, որ Հայաստանում իրականացված ծրագրերն ամենաարդյունավետն են եղել տարածաշրջանում։ «Սա չի նշանակում, թե խնդիրներ չեն առաջացել, սակայն դրանք ընդամենը գործընթացը դանդաղեցրել են»։
Տարածաշրջանային տնօրենը նշում է, որ Համաշխարհային բանկը մտադիր է ավելացնել Հայաստանին ցույց տրվող աջակցության ծավալները։ 2001-2003 թվականների ծրագիրը ենթադրել է 112 միլիոն դոլար (տարեկան մոտ 40 միլիոն), իսկ ընդհանուր առմամբ, վերջին տասը տարիներին Համաշխարհային բանկը Հայաստանում իրականացրել է 736 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ շուրջ 30 ծրագրեր։
Մ. Հ.