ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանի մամլո ասուլիսն ամբողջությամբ նվիրված էր վերջին 2-3 շաբաթվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արտասահմանյան այցելություններինՙ Բուլղարիա, Յալթա։ Անդրադարձ եղավ նաեւ Լիտվայի նախագահի պաշտոնական այցին Հայաստան։
Սեպտեմբերի 8-9-ը Բուլղարիայում էր ՀՀ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը։ Աշոտ Քոչարյանը նշեց, որ իրավապայմանագրային լուրջ հիմքեր են ստեղծվել երկու երկրների համագործակցության համարՙ տնտեսական, գիտատեխնիկական, առեւտրային ասպարեզներում։ Միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագրեր են ստորագրվել առողջապահության, կրթության ու գիտության ոլորտներում։ Հաստատվել է նաեւ հյուպատոսական կոնվենցիաՙ երկու երկրների քաղաքացիների համար հեշտացնելու այցագրային ռեժիմը։ Առաջիկայում նախատեսվում է ստորագրել նաեւ տրանսպորտային եռակողմ համաձայնագիրՙ Հայաստանի, Բուլղարիայի եւ Վրաստանի միջեւ։ Եվ Բուլղարիայի, եւ Հայաստանի նախագահները մասնակցել են բիզնես ֆորումի եզրափակիչ նիստին։ Ֆորումին բուլղարական կողմից մասնակցել են 30 ֆիրմաների եւ 4 բանկերի, հայկական կողմիցՙ 14 ֆիրմաների եւ 10 բանկերի ներկայացուցիչներ։ Հայ-բուլղարական տնտեսական համագործակցությունն ամրագրվել է Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության, ինչպես եւ երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների համաձայնագրերովՙ գյուղմթերքների վերամշակման, նավթամթերքների ներկրման, բանկային ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Աշոտ Քոչարյանը Բուլղարիայի հետ բարեկամությունը կարեւորեց հատկապես այն առումով, որ այս երկիրն էլ ապրում ու զարգանում է եվրոպականացման ճանապարհով։
Մանրամասն ներկայացվեց նաեւ Յալթայի գագաթաժողովին մեր պատվիրակության մասնակցության եւ ընդհանրապես գագաթաժողովի սցենարը։ Գագաթաժողովը գնահատվել է իբրեւ ԱՊՀ վերակենդանացման հաջող փորձ, հենց թեկուզ նկատի առնելով այն հանգամանքը, որ ընդունվել է տնտեսական փոխգործակցության ծրագիր 2003-2010 թթ. համար։ Չորս երկրներ (Ուկրաինա, Ռուսաստան, Ղազախստան եւ Բելառուս), չնայած որոշ մտավախությունների, համաձայնագիր են ստորագրել ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ։ Դեռ հստակված չէՙ Հայաստանը հետագայում կմիանա այդ երկրներին, թե ոչ։
ՀՀ նախագահը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի հետ։ Քննարկվել են դարձյալ տնտեսական համագործակցության հարցեր։ ՀՀ նախագահի երկրորդ հանդիպումը եղել է Վրաստանի նախագահի հետ։ Թե ինչու ՀՀ նախագահն այս անգամ չի հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մամուլի քարտուղարը բացատրեց գագաթաժողովի աշխատանքային գերծանրաբեռնված գրաֆիկով։
Աշոտ Քոչարյանն առանձնահատուկ կարեւորեց Լիտվայի նախագահի այցը Հայաստան այն հիմնավորմամբ, թե «ցանկացած երկկողմ բարձր մակարդակի այցելություն քաղաքական բարձր արժեք ունի, եւ բացի այդ, այս երկրում էլ բուռն զարգանում են եվրաինտեգրացման գործընթացները»։ Լիտվայի հետ ստորագրվել են երեք համաձայնագրերՙ երկկողմ հարաբերությունների, տնտեսական հարաբերությունների զարգացման եւ խորացման վերաբերյալ։ Եվ իբրեւ նշանակալից նորույթ շրջանառվել է նորՙ 3+3 ձեւաչափի գաղափարը, որը ներառելու է մերձբալթյան 3 եւ Հարավային Կովկասի երկրները։
Առաջիկայում ՀՀ նախագահի այցելությունների աշխարհագրությունը լինելու է հետեւյալըՙ Հնդկաստան, Ռումինիա, իսկ տարեվերջինՙ Բելգիա։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ