Հայը եւ հայը բարիկադի տարբեր կողմերում, պատերազմից տասը տարի անց
Առաջին աշխարհամարտի տարիներին ամերիկացի սենատոր Հիրամ Ջոնսոնն ասել է. «Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է»։
Աբխազիայի պատերազմը, որ ձգվեց մեկ տարուց փոքր ավելի (1992 թ. օգոստոսի 14-ից 1993 թ. սեպտեմբերի 30), խլեց ավելի քան 8.000 մարդու կյանք եւ պատճառ դարձավ մոտ 200.000 փախստականների։ Ողբերգությունը բաշխվեց բազմազգ Վրաստանի ժողովուրդների, այդ թվումՙ վիրահայության եւ աբխազահայության վրա։
«Ազգի» թղթակիցը երեք թղթակցություններով (երկուսը Աբխազիայից, մեկը Վրաստանից) կանդրադառնա Աբխազիայի պատերազմի «հայկական շեշտադրությանը», ավելի պարզՙ վիրահայության եւ աբխազահայության դերին, ինչը նվազ ուսումնասիրված թեմա է եւ, ցավոք, վրացական մամուլում ներկայացվում է բացառապես սեւ ու սպիտակ գույներով։
Մենք հավակնություն չունենք փրկելու պատերազմի առաջին զոհինՙ ճշմարտությանը, սակայն կփորձենք ողբերգության մեջ գտնել այլ գույներեւ լինել անաչառ։
Գամված իր սայլակին ու հոգու մեջ խեղդելով ցավը, Գեորգի Ղարղարիշվիլին ասում է. «Պատերազմն իր հետ տարավ վրաց, աբխազ, հայ երիտասարդությանը, մարդկանց, ովքեր պետք է ապրեին, սովորեին, ամուսնանային»։
«Ցավոք, նրանք այլեւս չկան», ասում է նա։
Այժմ անդամալույծ Գեորգի Ղարղարիշվիլին Աբխազիայի պատերազմի ժամանակ, ընդամենը 26 տարեկանում, վրացական զորքերի գլխավոր հրամանատարն էր, իսկ մեկ տարի անցՙ 27 տարեկանում, նշանակվեց Վրաստանի պաշտպանության նախարարՙ գեներալի կոչումով։
Հարցնում եմ. «Ինչպե՞ս էին կռվում հայերը։ Նոր եմ վերադարձել Աբխազիայից, աբխազական կողմն ասում է, որ իրենց կողմից հայերը լավ են կռվել, օրինակՙ «Բաղրամյանի գումարտակը»։
Պատասխանում է.«Հարցն այդպես չի դրվել. Վրաստանի հայերը կռվում են Աբխազիայի դեմ, կամՙ աբխազահայերը կռվում են Վրաստանի կամ Վրաստանի հայերի դեմ։ Այդ պատերազմն ուներ այլ արմատներՙ անջատողականության արմատներ, որոնք Վրաստանում չէին ցանվել»։
Թբիլիսիում հաստատված Աբխազիայի վտարանդի կառավարության ղեկավար Թամազ Նադարեիշվիլին ասում է. «Պետք չէ անդադար կրկնել, թե Աբխազիայի հայերը կռվել են վրացիների, Վրաստանի դեմ»։
«ԽՍՀՄ փլուզումը, Վրաստանի անկախացումը, «Վրաստանը միայն վրացիներին» ու նմանօրինակ կարգախոսներ այլ ազգություններին, ովքեր մեզ հետ ապրում էին Աբխազիայում, զգուշավոր դարձրեցին։ Այդ էր պատճառը, որ նրանք անցան աբխազների կողմը։ Ցավոք, Վրաստանի կողմից սխալներ թույլ տրվեցին։ Հույները, հրեաները, ռուսների, հայերի մի մասը հեռացան։ Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, շատ հայեր նաեւ մեր կողմից էին կռվում, ինչպես Սմբատ Սահակյանը (Աբխազիայի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ), որը գնդակահարվեց։ Ես կարող եմ շատ հայերի թվարկել, ովքեր աջակցում էին Վրաստանին», ասում է Նադարեիշվիլին։
Վրացական մամուլում, հասարակության մեջ տիրապետող է այն տեսակետը, թե պատերազմի տարիներին Աբխազիայի հայերը կռվում էին Վրաստանի դեմ, Վրաստանի հայերը չէին կռվում Աբխազիայի դեմ, իսկ աբխազահայերից ձեւավորված «Բաղրամյանի գումարտակը» վճռորոշ դեր է ունեցել պատերազմումՙ հօգուտ Աբխազիայի հաղթանակի։
«Դժվարանում եմ ասել, թե վրացական զորքերի կազմում որքան հայ քաղաքացիներ են մասնակցել պատերազմին։ Կարող եմ ասել, որ շատ էին։ Թբիլիսիի զինվորական ուսումնարանում շատ հայեր էին սովորում, նրանցից շատ-շատերը արժանապատվորեն կռվում էին հանուն Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման, ընդդեմ անջատողականության։ Մեր կողմից շատ հայեր սպանվեցին, մի մասը գերվեց», ասում է Ղարղարիշվիլին։
«Եթե այսօր որեւէ մեկը փորձի դժգոհել, թե ինչու Վրաստանի հայության մեծամասնությունը չկանգնեց վրացիների կողքին, ապա առաջին հերթին ես դժգոհելու առիթ ունեմ վրացիներից, ովքեր չկանգնեցին վրացիների կողքին։ Գալիի (Աբխազիա), Զուգդիդի շրջանի վրացիները, բոլոր զվիադիականները չմասնակցեցին պատերազմին, քանի որ նրանք դեմ էին Շեւարդնաձեի իշխանությանը։ Անգամ նրանք ողջունեցին չեչեն գրոհայինների մուտքը Աբխազիա, ովքեր կռվում էին վրացական զորքերի դեմ», ասում է Նադարեիշվիլին։
Վրաց հասարակության մեջ տիրապետող է մեկ այլ տեսակետՙ աբխազահայերը, «Բաղրամյանի գումարտակը» անասելի դաժանություններ են գործել Աբխազիայի վրացի խաղաղ բնակչության նկատմամբՙ կտտանքների են ենթարկել, կենդանի այրել, բռնաբարել։
Աբխազական կողմը, մասնավորապես «Բաղրամյանի գումարտակի» մարտիկները, որոնց վրացական կողմն անվանում է գրոհայիններ, ավազակներ, կտրականապես հերքում են եւ նմանօրինակ դաժանությունների մեջ մեղադրում Ջաբա Իոսելիանիի, Թենգիզ Կիտովանիի գրոհայիններին։
«Աբխազիայի հայ բնակչությունը գաղափարապես պատրաստված էր լինելու աբխազ անջատողականների կողքին, դեմ էր Վրաստանի ինքնիշխանությանը եւ կողմ ԽՍՀՄ-ի պահպանմանը։ Այո՛, «Բաղրամյանի գումարտակ» եղել է, մեզ հայտնի են այդ գրոհայինների ազգանունները», ասում է Նադարեիշվիլին եւ ավելացնում, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո նրանք, ովքեր «դաժանություններ են գործել, պետք է պատիժ կրեն»։
«Ցավոք, ինքըՙ պատերազմը, կապված է արյան, մահվան հետ։ Բայց պատերազմում գործում է չգրված մեկ օրենքՙ բարոյականության կոդեքսը։ Այն խոսակցությունները, որոնք հասնում էին Թբիլիսի, պատիվ չեն բերում «Բաղրամյանի գումարտակի» մարտիկներին։ Նրանք անցնում էին թույլատրելի սահմանըՙ կտտանքներ, ծաղրուծանակ, բռնաբարություն, արնախմություն, ինչը չէր գեղեցկացնում ռազմական գործողությունները», ասում է Ղարղարիշվիլին։
Ամբողջ պատերազմի ընթացքում Աբխազիայի մեծ մասըՙ Գալիից մինչեւ Սուխում ներառյալ, գտնվում էր վրացական զինված ուժերի վերահսկողության տակ։ Պատերազմական գործողությունները ծավալվում էին բացառապես Աբխազիայի (մասնավորապեսՙ հայերով բնակեցված շրջաններում) տարածքում։
«Դաժանություններ հավանաբար եղել են նաեւ վրացական կողմից։ Չեմ բացառում։ Եղել են ալան-թալան, դիակապտության դեպքեր։ Կային վրացական զինված խմբավորումներ, որոնք վերահսկելի չէին։ Եթե Վրաստանն ուժեղ պետություն լիներ, ալան-թալանի, դիակապտության դեպքեր թույլ չէր տա, եւ Աբխազիայի հայերը չէին լինի աբխազների հետ մեր դեմ պատերազմում։ Ուզում եմ ասել նաեւ հետեւյալը. Գագրայում հայերն իրենց տներում փրկել են վրացիների կյանքը», ասում է Ղարղարիշվիլին։
«Վրացական զորքերի հետ Աբխազիա մտան նաեւ ավազակներ, ովքեր օգտագործելով պահը, սկսեցին թալանը։ Այնպես էր ստացվել, որ ճանապարհին հայկական գյուղեր էին, եւ նրանք թալանում էին հայերին։ Այդ ավազակները թալանում էին վրացական, էստոնական, մյուս գյուղերը», ասում է Նադարեիշվիլին։
Սոխումում, Գագրայում, Աբխազիայի այլ բնակավայրերում այսօր մնացել են փոքր քանակությամբ վրացիներ։ Երեք օր մենք հյուրընկալվեցինք վրացի Ջիկիաների ընտանիքում։ Տանտիկինըՙ Լեյլա Ջիկիան, ասաց, որ նախ վրացիները թալանում էին աբխազներին, վրացիներին, հայերին եւ ում պատահի, ապա, երբ վրացական զորքերը պարտվեցին եւ հեռացան, թալանը շարունակեցին աբխազները։
«Նրանք մտնում էին լքված վրացական պտղատու այգիները եւ խնձոր հավաքելու համար կտրում խնձորի ծառը», ասում է նա։
Ազգությամբ աբխազ Յուրա եւ Զաուր Անտիա եղբայրները պատերազմում կորցրել են իրենց մյուս երեք եղբայրներին, այժմ կերակրում են ինը մանուկ որբերի։
«Վրացիներն ունեին բոլոր հնարավորություններըՙ զենք, տեխնիկա, մարդկային ուժ գրավելու Աբխազիան, բայց պարտվեցին, քանի որ թալանելու էին եկել։ Առաջին հերթին թալանում էին հայերին։ Եթե ազգանունդ «յան»-ով է վերջանում, ուրեմն ունես փող, ոսկի, հարստություն։ Մենքՙ աբխազներս, ո՞ւր էինք։ Սարերում, լեռներում էինք, հետո իջանք քաղաք», ասում է Յուրան։
Իր սայլակին գամված Գեորգի Ղարղարիշվիլին Աբխազիայի պատերազմն անվանում է սեւ էջ, ողբերգություն։ Թեեւ Աբխազիայի պատերազմում ինքն է եղել վրացական զորքերի գլխավոր հրամանատարը, ասում է, որ դեմ է եղել Աբխազիայի պատերազմին։
«Այդ օրերը պատիվ չեն բերում հայ-վրացական, վրաց-աբխազական հարաբերություններին։ Դրանք մեր օրերի սեւ էջերն էին։ Երեւի եկել է ժամանակը, որ մենքՙ պատերազմի վետերաններս, ջնջենք այդ սեւ էջերը ու մեր ժողովուրդների համար ապահովենք խաղաղ կյանք, բարգավաճում», ասում է Ղարղարիշվիլին։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Սուխում-Թբիլիսի