«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2003-09-20 | #171, 2003-09-23 | #172, 2003-09-24


ԻՆՉ ՉԱՓՈՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ ԶԼՄ-ԻՆ

Զսպաշապի՞կ, թե՞ ժողովրդավարության հագուստ հագցնել նրան

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ինչպես եւ սպասվում էր, երեկ ԱԺ-ում բուռն քննարկում ընթացավ ԶԼՄ օրենքի նախագծի շուրջ։ Արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը ներկայացրեց օրենսդրական փաթեթը եւ դրանում հնարավոր փոփոխությունների կատարման ընթացքը։ Նա հավաստեց, որ լրագրողական կորպուսի եւ նախագծի այլ ընդդիմադիրների առաջարկությունները առաջին ընթերցումից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում անպայման կքննարկվեն։ Ընդդիմադիր պատգամավորների հակափաստարկն այն էր, որ ենթադրվելիք այդ փոփոխություններն արդեն իսկ պիտի լինեին փաթեթում, եւ ոչ թե հենց այս պահին վերացական երաշխիքներ տրվեն դրանց վերաբերյալ։ Այլապես անիմաստ է քննարկման դնել նախագիծը եւ անցկացնել առաջին ընթերցմամբ։ Աշոտ Աբովյանը, հակառակը, համոզված էր, որ ընդդիմության եւ լրագրողական կորպուսի առաջադրած սրբագրումներն այնքան լուրջ չեն, որ օրինագծի տապալման պատճառ դառնան։ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հնարավոր փոփոխությունների քննարկման վերաբերյալ կառավարության ներկայացուցչի համաձայնությունը պարզապես «բարյացակամություն» որակեց, որովհետեւ «ՄԱԱ-ն օրենսդրական նախաձեռնության իրավունք չունի, եւ եթե կա էլ այլընտրանքային նախագիծը, ապա պիտի մինչ այժմ ներկայացված լիներ ԱԺ-ին»։

Հընթացս բազմիցս նշվեց, որ օրինագծի փոփոխությունների ձեւակերպմանն ակտիվորեն մասնակցել եւ հեղինակների հետ փոխհամաձայնության են եկել Հայաստանի ժուռնալիստների միությունը, Երեւանի մամուլի ակումբը, Ինտերնյուս կազմակերպությունը, «Իրավունք» թերթը։ Այսինքնՙ այն պնդումը, թե օրենքը քննարկման է դրվել առանց լրագրողական հանրույթի մասնակցության, մտացածին է։ Իսկ ինչ վերաբերում է ՄԱԱ-ին, ապա, ըստ Աշոտ Աբովյանի, ի սկզբանե այն դեմ է եղել որեւէ օրենքի մամուլի վերաբերյալ եւ միայն վերջին ամիսներին սեփական նախագիծ է ներկայացրել։ Իսկ այդ ընթացքում որեւէ առարկության կամ փոփոխության առաջարկ նրա կողմից չի եղել։

Իսկ ինչպիսի հարցադրումներ են հուզում օրինագծի հակառակորդներին։ Երկար ու մանրակրկիտ քննարկվեց այն խնդիրը, թե որն է լինելու օրենքի կարգավորիչ դերակատարման գլխավոր առաքելությունըՙ լրագրողների իրավունքների ու պարտականությունների սահմանո՞ւմը, թե՞ լրատվության սուբյեկտի ու այս ոլորտի իրավահարաբերությունները։ Օրենքը լրագրողի մասին հիշում է միայն հավատարմագրման կարգը սահմանելիս։ Լրագրողի իրավունքներին ու պարտականություններին ոչ մի տողով չի անդրադառնում, բնականաբար այլ օրենքներում եւս այդ մասին հիշատակություն չկա։ Թե ինչու է այդպես, Աշոտ Աբովյանի բացատրությամբՙ այդ խնդիրը վերապահված է միայն տվյալ լրատվամիջոցի ղեկավարին։ «Չպետք է մտնել լրագրողի եւ գլխավոր խմբագրի արանքը», խրատեց նա։ Իսկ, ըստ գլխադասային հանձնաժողովի նախագահ, գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի, այդ սահմանումներն օրենքով չեն ամրագրվել լոկ լրագրողի ազատությունը չսահմանափակելու նպատակով, այսինքնՙ պետք չէ լրագրողին որեւէ շրջանակի մեջ դնել։ Սույն դատողությունը հարուցեց «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանի զայրույթը։ Նրա դիտարկմամբ, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ուրեմն կոչված է բռնանալու մարդկանց ու հասարակական հարաբերությունների վրա։

Վիճահարույց խնդիրներից մյուսը վերաբերում է ԶԼՄ միջոցինՙ նախագծով վերապահված սահմանմանը։ Այդ սահմանումը ներառում է ոչ միայն լրագրերը, հեռուստատեսությունը, ռադիոն, ամսագրերը, այլեւ ինտերնետը, որի կարգավորման հնարավորությունը մեկ պետության սահմաններից դուրս է։ Խիստ ընդհանրական այս ձեւակերպումը, սպասվում է, որ պիտի խմբագրման ենթարկվի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։

Եվ իհարկե, խոսքի ազատության ապահովման երաշխիքներն էին հարցադրումների կիզակետում։ Այս առթիվ Հրանուշ Հակոբյանը խոստացավ. «Ոչ թե պետք է փորձենք մեղմացնել գրաքննության խնդիրը, այլ իմպերատիվ կարգով հայտարարենք, որ ՀՀ-ում լրատվության գրաքննությունն արգելվում է եւ վերջակետ դնենք»։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցների գործունեության սահմանափակմանը, ինչի վերաբերյալ մտավախություններ ունեն գործող ԶԼՄ-ներից ոմանք, ապա դա կլինի միայն ռազմական դրության եւ արտակարգ իրավիճակների դեպքում։ Օրենքից ընդհանրապես հանվելու է գաղտնի համարվող տեղեկություն բովանդակող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող լրատվամիջոցի տվյալ թողարկումը դատական կարգով արգելելու դրույթը։ Վերջնարդյունքում, հանձնաժողովի նախագահի համոզմամբ, օրենքի նախագիծը բավական լիբերալ, ժողովրդավար նախագիծ է, չնայած մեծ աղմուկ հանեց։

Նախագծի հակառակորդները, սակայն տրամագծորեն հակառակ կարծիքի էին, թե հիմնական խնդիրները հմտորեն, միտումնավոր հետին պլան են հրվումՙ առաջ մղելով ոչ էականը։ Եվ որ օրինագիծը կարող է դառնալ տագնապահարույց, վտանգավոր իրադարձությունների մեկնարկի դրդիչ մեր հասարակության մեջ։

Ինչեւէ, ամենանախանձախնդիր ու մանրակրկիտ վերլուծությունների պատվի արժանացած նախագծի քվեարկությունը կկայանա այսօր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4