Սերբիայի եւ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում էր տարիքային 5 խմբով։ Ամենակրտսեր տարիքային խմբում գերազանց ելույթ ունեցավ 10-ամյա վանաձորցի շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը, որն, ինչպես եւ սպասվում էր, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Ավարտական տուրում էլ հայ պատանին վստահ խաղացՙ սպիտակներով պարտության մատնելով ռուսաստանցի Վլադիմիր Բելոուսին։ Սամվելը մրցաշարում հասավ գերազանց արդյունքիՙ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր (7 հաղթանակ, 2 ոչ-ոքի)։ Երկրորդ տեղը գրավեց ռուսաստանցի Սանան Սյուգիրովը (7,5 միավոր), որը հաղթեց գերմանացի Օլիվեր Միհոկին։ Բրոնզե մրցանակակիր դարձավ ռուսաստանցի Գերման Բազեեւը։
Մրցանակակիր կարող էր դառնալ նաեւ մինչեւ 14 տարեկանների մրցաշարում հանդես եկած Զավեն Անդրեասյանը։ Վերջին տուրից առաջ Զավենը 6,5 միավորով նորվեգացի Մագնուս Կառլսոնի հետ գլխավորում էր աղյուսակը։ Ցավոք, ավարտական տուրում Զավենն անհաջող խաղաց, պարտվեց բելառուսցի Սերգեյ Զիգալկոյին եւ զրկվեց մրցանակային տեղից։ Անդրեասյանը 6,5 միավորով գրավեց 4-րդ տեղը։ Նույնքան միավոր ուներ նաեւ բրոնզե պարգեւին արժանացած նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը հայ շախմատիստին գերազանցեց գործակիցների աղյուսակով, թեեւ մրցաշարի ընթացքում պարտվել էր նրան։ Զավենի նկատմամբ տարած հաղթանակը, փաստորեն, ոսկու արժեք ունեցավ բելառուսցի շախմատիստի համար, որը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Այնպես որ, եթե այդ պարտիայում Զավենը հաղթեր, կամ նույնիսկ ոչ-ոքի խաղար, ապա ինքը կճանաչվեր ուժեղագույնը։ Ցավալի է, իհարկե, որ պատանի շախմատիստը վերջում «սայթաքեց»։ Արծաթե մեդալը 7 միավորով նվաճեց Տորնիկե Սանիկիձեն, որը չեմպիոնին զիջեց միայն գործակիցների աղյուսակով։
Մինչեւ 12 տարեկանների մրցավեճում չեմպիոն հռչակվեց Ադրբեջանը ներկայացնող Էլթայ Սաֆարլինՙ 7,5 միավոր, որն ուկրաինացի Վլադիմիր Օնիշչուկին շրջանցեց միայն գործակիցների աղյուսակի շնորհիվ։ Տարիքային այս խմբում Հայաստանը ներկայացնող Հրայր Սիմոնյանը 6 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը, իսկ Տիգրան Սիմոնյանը 5 միավորով 26-րդ տեղում է։ Մրցաշարին մասնակցում էր 65 շախմատիստ։
Չեմպիոնի կոչման համար բավական համառ պայքար էր ծավալվել մինչեւ 16 տարեկան պատանիների միջեւ։ Արդյունքում 3 շախմատիստներՙ հունգարացի Չաբա Բալոգը, ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովն ու վրացի Դավիթ Մագալաշվիլին վաստակեցին հավասարՙ 7-ական միավոր։ Գործակիցների աղյուսակի շնորհիվ նշված հերթականությամբ էլ նրանց բաժանվեցին ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ։ Սմբատ Բոթոյանը ցույց տվեց համեստ արդյունք (3 միավոր)ՙ 54 շախմատիստների մեջ գրավելով 48-րդ տեղը։
Մինչեւ 18 տարեկան շախմատիստների մրցավեճում գերազանց արդյունքի հասավ Մաթեուս Բարթելը (Լեհաստան)ՙ 8,5 միավոր։ 4,5 միավորով Դավիթ Պետրոսյանը 29-րդ տեղում է։
Աղջիկների մրցավեճում ըստ տարիքային խմբերի չեմպիոններ դարձան Նազի Պաիկիձենՙ 8 միավոր (10 տարեկան), Անաստասիա Բոդնարուկը (Ռուսաստան)ՙ 9 (12 տարեկան), Աննա Մուզիչուկը (Ուկրաինա)ՙ 7,5 (14 տարեկան), Մարիա Ֆոմինյուկը (Ռուսաստան)ՙ 7,5 (16 տարեկան) եւ Նատալի Պոգոնինան (Ռուսաստան)ՙ 7,5 (18 տարեկան)։
Հայաստանի ներկայացուցիչներից բոլորից հաջող հանդես եկավ մինչեւ 18 տարեկանների մրցավեճին մասնակցած Սիրանուշ Անդրեասյանը, որը 5 միավորով գրավեց 15-րդ տեղը։ 4,5-ական միավոր վաստակեցին Անահիտ Խառատյանը (22-րդ տեղ, մինչեւ 16 տարեկաններ) եւ Վարդուհի Քալաշյանը (24-րդ տեղ, մինչեւ 14 տարեկաններ)։ 4 միավոր (31-րդ տեղ) վաստակեց ամենակրտսեր մասնակիցըՙ Սոնա Բաղդասարյանը։ Իսկ 12-ամյա Արուսյակ Քարհանյանը 2 միավորով 44-րդ տեղում է։ Մրցաշարը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ Հայաստանի պատանի շախմատիստների շրջանում կան տաղանդավոր երեխաներ, որոնց մեծ ապագա է սպասվում։