«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2003-09-20 | #171, 2003-09-23 | #172, 2003-09-24


ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼՈՒՄ ԷՐ

Հայաստան-սփյուռք տնտեսական համաժողովի երկրորդ օրը տեղի ունեցան ոլորտային քննարկումներ։ «Արմենիա» հյուրանոցային համալիրի սրահներում տեղի եւ սփյուռքի գործարարները կառավարության ներկայացուցիչների հետ քննարկեցին տնտեսական քաղաքականության, տարածքային զարգացման, հարկային եւ մաքսային քաղաքականության, պետական եւ մասնավոր հատվածի համագործակցության, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության եւ ակնագործության, թեթեւ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների խնդիրները։ Տեղի ունեցած նիստերի մանրամասները ներկայացնելու խնդրանքով դիմեցինք վերոնշյալ ոլորտները համակարգողներին։

Տնտեսական քաղաքականության ոլորտը համակարգում էր առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյանը։

- Երկու հիմնական ուղղություն էր քննարկվում։ Առաջինըՙ տնտեսական քաղաքականության խնդիրները եւ դրանց լուծումները, երկրորդՙ այն ծրագրերը, որոնք իրականացվում են այստեղ։ Ներկայացվեցին մեր անցած ճանապարհը, այն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառները, որոնք ինչ-որ չափով նպաստել կամ դանդաղեցրել են զարգացումները, վեր հանվեցին հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք, չնայած վերջին տարիներին արձանագրվող աճի տեմպերին, խոչընդոտում են զարգացմանը։ Առանձնացվեցին հատկապես բնակչության ցածր կենսամակարդակի, եկամուտների խիստ բեւեռացվածության, կենսաթոշակների ցածր լինելու հանգամանքները, կրթական եւ առողջապահական ոլորտի հիմնախնդիրները։ Նշվեց, որ դեռեւս տնտեսության արդյունավետությունը բավարար մակարդակի վրա չէ, շուկայական ենթակառուցվածքի տարրերը լիարժեք չեն ձեւավորվել։ Պետք է վերացնել տեխնոլոգիական խզվածքը, ինչը կառավարության ծրագրով նախատեսված է առաջիկա 4 տարում։ Դրանից հետո պետք է առավել ուշադրություն դարձվի որակական կողմին, որպեսզի մենք զարգացման խնդիրը լուծենք։

Ասեմ, որ շատ հետաքրքրական քննարկում էր, լսվեցին արժեքավոր առաջարկություններ սփյուռքի մեր գործընկերներից։ Մեզ ընդդիմախոսեց Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը, որը շատ լուրջ հարցադրումներ արեց։

Առեւտրի եւ տնտեսական զարգացման մյուս փոխնախարար Արա Պետրոսյանը համակարգում էր զբոսաշրջության ոլորտը։

¬ Առարկայական քննարկումներ եղան, լուրջ եւ գործնական առաջարկներ հնչեցին ինչպես սփյուռքի գործարարների, որոնք արդեն հայկական շուկայում ներդրումներ են կատարել, այնպես էլ տեղի ընկերությունների կողմից, որոնք նույնպես երկարատեւ աշխատանքի փորձ ունեն։

Ոլորտում տարեկան 20-30 տոկոս կայուն աճ ունենք, իսկ 2002 թ. այդ աճը գերազանցեց 50 տոկոսը։ Խոչընդոտները վերաբերում են ենթակառուցվածքների ձեւավորման, ծառայությունների որակի բարձրացման խնդիրներին, որոնք կառավարությունն ի սկզբանե վեր է հանել եւ գտնվում են լուծման փուլում։ Նիստի ընթացքում, բնականաբար, եղան գործնական առաջարկներ, որոնք կներգրավվեն համաժողովի եզրափակիչ փաստաթղթերի մեջ։ Հետագայում մենք ձեռնամուխ կլինենք դրանց իրագործմանը։

Մասնավոր եւ պետական հատվածների համագործակցության խնդիրները քննարկող նիստը համակարգում էր առեւտրի եւ տնտեսական զարգացման մեկ այլ փոխնախարար Տիգրան Դավթյանը։

- Հիմնական նպատակն էր պարզել, թե ինչպես մասնավոր հատվածը կարող է օգնել երկրի սոցիալական խնդիրների լուծմանը։ Կարծում եմ, որ մեր մասնավոր հատվածն այնքան է զարգացել, որ պետք է մտածի նաեւ երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, հնարավորություն գտնի աջակցելու աղքատության նվազեցման, ենթակառուցվածքների ձեւավորման եւ այլ խնդիրների լուծմանը։ Այս նախաձեռնությունն արվել է մեր նախարարության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի համատեղ ջանքերով։ Խոսքն առանձին խնդիրների լուծման մասին է, լինի դա կրթության, սոցիալական ապահովության, մշակույթի բնագավառներում, թե կոնկրետ սոցիալական ծրագրերի առումով։ Մեզ հետաքրքրական էր, թե մեր բիզնեսըՙ հայաստանյան եւ սփյուռքի, սկզբունքորեն պատրա՞ստ է այդ նախաձեռնությանը մասնակցելուն։ Այդ հարցի պատասխանը միանշանակ դրական էր։

Երեկ ոլորտային քննարկումներն ավարտվեցին, իսկ այսօր տեղի կունենա Հայաստան-սփյուռք տնտեսական համաժողովի եզրափակիչ լիագումար նիստը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4