ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջնական շահագործման համար այսօր փորձարկվեց «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված Աշտարակի կամրջի երկրորդ թեւը, որով կամբողջանա Երեւան-Գյումրի ավտոճանապարհի կամրջային անցումը։ Այսուհետեւ մեքենաները կարող են անվտանգ երթեւեկել երկկողմանի կամրջով։ Կամրջի առաջին հատվածը շահագործվել է 1994 թվականին, երկրորդ հատվածը, որը եւս եղել է նախագծում, ֆինանսական միջոցների բացակայության պատճառով մնացել էր անավարտ։
Փորձարկումն իրականացրեց մոտ 300 տոննա ընդհանուր կշռով 12 մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը, որը 5 կմ/ժամ արագությամբ, իրարից 5 մ հեռավորության վրա մի քանի անգամ անցավ կամրջով։ Փորձարկման խմբի ղեկավար, Երեւանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի «Ճանապարհներ եւ կամուրջներ» ամբիոնի վարիչ Ալբերտ Ավետիսյանի պարզաբանմամբ, այս բեռնվածությունը կամուրջների նախագծային նորմերով սահմանված հեռանկարային բեռնվածք է։ Ավելի ծանր բեռնվածության դեպքում հատուկ թույլտվությամբ կատարվում են բոլոր հաշվարկները, որից հետո կամ ընտրվում է այն հատվածը, որով այդ ծանրաբեռնվածությամբ անվտանգ կարող է անցնել մեքենան, կամ ամրացվում է կամուրջը։
Ըստ «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Էդվարդ Բեզոյանի, կառույցը շահագործվել է նախատեսված ժամկետից (հոկտեմբերի 20) շուտ։ Շինարարությունն իրականացրել է կամրջաշինության մեջ մասնագիտացած «Կամուրջշին» ընկերությունը։ 2002 թ. հունիսից սկսած կառուցապատման աշխատանքների վրա ծախսվել է 1 մլն 780 հազար դոլար։ Է. Բեզոյանը նշեց, որ կամրջի պաշտոնական բացումը կկատարվի հավանաբար հոկտեմբերի սկզբին։
«Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ծրագրով վերանորոգվել է նաեւ Նոր Հաճընի երկհարկանի կամուրջը, ինչպես նաեւ ճանապարհների վերակառուցման հատվածներում գտնվող մի շարք փոքր կամուրջներ։