ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Արմենտել»-ի կողմից թիվ 60 լիցենզիայի խախտման կապակցությամբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ անցկացված բաց ժողովի նախագահի եզրակացությունը կհրապարակվի սեպտեմբերի 26-ին։ Այս մասին հայտնեցին ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովից։
Հայաստանի հեռահաղորդակցության բնագավառում մենաշնորհ ունեցող «Արմենտել» ընկերությունը, որի բաժնետոմսերի 90%-ի սեփականատերն է հունական OTE ընկերությունը, 10%-ի սեփականատեր հանդիսացող ՀՀ կառավարության կողմից մեղադրվում է նշված լիցենզիայի պայմանները չկատարելու մեջ։ Հարցի շուրջ կազմակերպված լսումներին, որոնք անցկացվեցին օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը, հարցաքննվեցին մոտ մեկ տասնյակ վկաներ, ներկայացվեցին կողմերի փաստարկները։ Հայաստանի կառավարությունը հանդես եկավ «Արմենտել»-ին մենաշնորհից զրկելու առաջարկությամբ։ Որպես անկախ կազմակերպության ներկայացուցիչ բաց ժողովի նախագահող էր ընտրվել ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մուրադյանը։