ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Բենիկ Բախշյանը համոզված է, որ Ղարաբաղի գյուղատնտեսության զարգացումը մեծ մասամբ պայմանավորված է մանր տնտեսությունների խոշորացմամբ։ Փոշիացված տնտեսությամբ հնարավոր չէ երաշխավորված բերք ապահովել, որովհետեւ այն տարերայնորեն է կառավարվում, այլ ոչ թե կազմակերպված եւ գիտականորեն հիմնավորված։
Գյուղնախարարն օրերս լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ այս տեսակետը հիմնավորեց ընթացիկ տարում ԼՂՀ-ում ստացված հացահատիկի բերքի առատությամբ։ Ոչ մի երաշխիք չկա, որ եկող տարի այսչափ հացահատիկ կհավաքվի, իսկ ավելին ստանալու մասին խոսելն անհամոզիչ կլիներ։ Արցախում հացահատիկի արտադրությամբ զբաղվում են մեծ թվով մենատնտեսներ, սակայն այս բնագավառում «եղանակ ստեղծողները» խոշոր հողատերերն են։ Իսկ ընդհանրապես, այս գյուղմթերքի զանգվածային մշակումը լեռնային եւ նախալեռնային գոտիներում պատճառ է դառնում հողի հողմնահարման։ Գյուղնախարարի տվյալներով, հանրապետության 45 համայնքներում սկսվել է հողմնահարումը, որը սպառնում է առավել մեծ չափեր ընդունել։ Անհրաժեշտ է մշակվող հողատարածքների մի մասը տրամադրել գյուղատնտեսական այլ կուլտուրաների ցանքերին։ Այս ուղղությամբ նախարարությունը ծրագիր է մշակել։ Մասնավորապես, ընթացիկ տարում Ղարաբաղում սկսել են ցանել սիսեռ։ «Ակադեմիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ցանած 100 հա սիսեռի ցանքատարածքից ստացված սերմացուն թույլ կտա հաջորդ տարի եւս 1200 հա սիսեռ ցանել։ Նախատեսվում է զարգացնել նաեւ արեւածաղկի, եգիպտացորենի ու կարտոֆիլի արտադրությունը, ընդ որում, գյուղնախարարի կարծիքովՙ Ղարաբաղը հնարավորություն ունի բավարարելու կարտոֆիլի իր պահանջները սեփական արտադրությամբ։
Այսօր ԼՂՀ-ում գյուղատնտեսության զարգացման ամենահեռանկարային ճյուղը խաղողագործությունն է։ Ներկայումս Արցախում կա 1500 հա հին եւ 300 հա նորատունկ խաղողայգի։ Նախարարության մշակածՙ տնտեսությունների խոշորացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել տնկարաններ, որտեղ պետք է աճեցվեն շուրջ մեկ միլիոն տնկիներ։ Դրանք կբաժանվեն խաղողագործությամբ զբաղվել ցանկացող գյուղացիներին, որովհետեւ վերջիններս ի վիճակի չեն առանց աջակցության խաղողի այգի հիմնել։ Տնկարանի ստեղծումից հետո հնարավոր կլինի Ղարաբաղում տարեկան հիմնել 600-700 հա նոր այգի։ Միեւնույն ժամանակ, այս ծրագրի շրջանակներում, մոտ 3300 հա խաղողի այգի պետք է հատկացվի արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին։ Խաղողի այգիների ստեղծմամբ շոշափելիորեն կլուծվի աշխատատեղերի հարցը։ Ըստ գյուղնախարարի, մեկ հեկտարի վրա աշխատում է երկու մարդ, եւ եթե այս հաշվարկով առաջնորդվենքՙ պետք է որ առաջիկա տարիներին ԼՂՀ-ում, առանձնապես գյուղական շրջաններում, էականորեն լուծվի աշխատանքի տեղավորման հարցը։
Գյուղատնտեսության կայուն զարգացման խոչընդոտ է նաեւ գյուղտեխնիկայի անմխիթար վիճակը։ Այս խնդիրն առկա է հանրապետության բոլոր գյուղերում։ Եվ թերեւս դրանով է պատճառաբանվում ամեն տարի Արցախում արտադրված բերքի շուրջ 1/3-ի կորուստը։ Տրամաբանական է, որ ֆերմերները եւ մենատնտեսները ի զորու չեն սեփական միջոցներով գյուղատնտեսական նոր տեխնիկա ձեռք բերել։ Բ. Բախշյանի խոսքերով, բանակցություններ են տարվել Մինսկից լիզինգի կարգով նոր գյուղատնտեսական տեխնիկա ստանալու, եւ կան նախադրյալներ, որ ոչ հեռու ապագայում խնդիրը դրական լուծում կստանա։
ԼՂՀ գյուղնախարարի, որն ի պաշտոնե նաեւ փոխվարչապետ է, տեսակետովՙ Արցախում հացի թանկացման միտումը չի կարող կասեցնել նույնիսկ ցորենի առատությունը, որովհետեւ Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ գտնվում է նույն տնտեսական եւ մաքսային դաշտում, ուստի եւ կախված է Հայաստանի գնային շուկայից։ Ի դեպ, Արցախում հացի թանկացման վերաբերյալ (իսկ հացը ամռան ընթացքում երկու անգամ է թանկացել) շատ յուրօրինակ պարզաբանում է տվել Ստեփանակերտի հացի գործարանի գործադիր տնօրեն Գրիշա Հայրապետյանը։ Վերջինիս բնութագրմամբՙ հացի թանկացման «մեղավորը» մենատնտես գյուղացին է, որն իբր դիտավորյալ թանկ է վաճառում իր ցորենը։ Թե ինչ կերպ կարող է շուկայի վրա ազդել գյուղացու արտադրած 2-3 տոննա ցորենը, Գ. Հայրապետյանը չի մանրամասնել։
Գյուղնախարար-փոխվարչապետը իրավացիորեն գտնում է, որ հացի գնի կայուն պահպանման լավագույն միջոցը հանրապետությունում հացահատիկի պահուստային ֆոնդ ստեղծելն է։ Նրա խոսքերով, նախատեսվում է 200 մլն դրամ հատկացնել հաջորդ տարի շուրջ 2000 տոննա հացահատիկ գնելու եւ պահեստավորելու նպատակով։ Դա թույլ կտա հնարավորինս կանոնակարգել հացի գնային շուկան ԼՂՀ-ում։ Այդուհանդերձ, ըստ Բ. Բախշյանի, այսօր Արցախում հացի գինը, 1 կգ-ի հաշվով, 20 դրամով զիջում է հայաստանյան գներին։
ԼՂՀ-ում գյուղատնտեսության զարգացման կարեւոր խթան կլինի նաեւ ոռոգման համակարգի ընդարձակման ծրագրի իրականացումը։ Ղարաբաղը երբեւէ մեծ ծավալներով ոռոգման համակարգ չի ունեցել, որովհետեւ Ադրբեջանի խտրական քաղաքականության հետեւանքով երկրամասի գետերի ջրերը միշտ ոռոգել են հարթավայրային ադրբեջանաբնակ գոտիների հողատարածքները։ Այժմ ԼՂՀ-ում այս ուղղությամբ միայն տեղային աշխատանքներ են տարվում։ Պետբյուջեով հատկացված տարեկան 80 մլն դրամը ծախսվում է միայն գործող ջրանցքների վերանորոգման համար։ Համաձայն ծրագրիՙ հետագայում պետք է հանրապետությունում 20.000 հա ոռոգովի հողատարածքներ ստեղծել, իսկ դա արդեն կապված է ֆինանսական մեծ խնդիրների հետ։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ