«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2003-09-20 | #171, 2003-09-23 | #172, 2003-09-24


ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԹԻՎ ՀՈՒՇԱՐԱՐՆԵՐ ՈՒՆԻ

Ամբաստանյալ Գրիգոր Պետրոսյանը չգիտեր ում լսել

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նորքի դատարանի շենքում երեկ շարունակվեց Տիգրան Նաղդալյանի սպանության դատաքննությունը։ Նախ Տիգրան Նաղդալյանի քույր Կարինե Նաղդալյանն ընդգրկվեց դատավարության մեջ որպես տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ։ Այնուհետեւ դատարանում արդեն ցուցմունք տված Գեղամ Շահբազյանի ցուցմունքների կապակցությամբ միջնորդություն եղավ դիտել վերջինիս ցուցմունքների տեսաձայնագրությունը։ Բայց մինչ կնայեին հիշատակված տեսաերիզը, ամբաստանյալ Գեղամ Շահբազյանը հայտնեց, որ նախաքննության ժամանակ ինքն ինչ գրել է, հետո դա էլ ասել է։

Տեսաձայնագրության մեջ Գեղամ Շահբազյանը պատմում էր մեզ արդեն իսկ հայտնի իր ցուցմունքները։ Մասնավորապես թե երբ եւ որտեղ է խոսվել պատվերի մասին, ով պետք է լիներ զոհը, ինչպես են հետեւել նրան եւ իրականացրել պատվերը։

Ըստ Հովհաննես Հարությունյանի (Ապեր) պաշտպան Հոկտեմբեր Քարամյանի մեջբերած ցուցմունքի, որ Գեղամ Շահբազյանը տվել է ձայնագրման, հաջորդ օրն ամբաստանյալը հայտարարել է, որ իրեն սպանության պատվեր տվել է ոչ թե Ապերը, այլ Լյովա Հարությունյանը։ Ամբաստանյալ Լյովա Հարությունյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը մեջբերեց նույն ցուցմունքի մեկ այլ հատված, որում Գեղամ Շահբազյանը նշում է, որ Լյովա Հարությունյանն ասել է մոռանալ իր առաջարկի մասին։ Դրանից հետո, այսպես ասած, պատվիրատուի դերում հանդես է եկել Ապերը։

Երեկ դատարանը լսեց մեկ այլ ամբաստանյալիՙ Գրիգոր Պետրոսյանին։

Վերջինս պնդեց նախաքննական ցուցմունքները, ապա խնդրեց հրապարակել դրանք, պատճառաբանելով, թե ամբողջությամբ ցուցմունքը լավ չի հիշում։ Հետո մտքափոխվելով, ավելի ճիշտՙ դատախազների ու չգիտես դահլիճից էլ ում հետ հայացքով, ձեռքով ու մի երկու բառ խոսելով, Գրիգոր Պետրոսյանը որոշեց, որ պետք է ցուցմունք տա։ Միանգամից եւ մեկ շնչով ամբաստանյալ Պետրոսյանը հայտարարեց, որ Գեղամ Շահբազյանն իր մանկության ընկերն է, իսկ Ապերըՙ մոտիկ ընկերը։ «Մի օր խոսակցություն եղավ, Գեղամն ասաց, որ Լյովան սպանության պատվեր ունի, ինչ-որ լրագրողի մասին էին խոսում»։ Այդ խոսակցության ընթացքում Լյովա Հարությունյանն ասել է, թե որտեղ է աշխատում Տիգրանը, բայց հետագայում հրաժարվել է պատվերը տալուց։

Այստեղ Գրիգոր Պետրոսյանը կրկին մտափոխվեց, թե պետք է հրապարակել իր նախաքննական ցուցմունքները։ Եվ որպեսզի արդարացնի իր «չխոսկանությունը», ամբաստանյալը հայտարարեց. «Իմ դերն այստեղ (սպանության գործում-Ա. Հ.) եղել է լսելը, եթե խուլ լինեի, այստեղ (ամբաստանյալի աթոռին-Ա. Հ.) չէի լինի, ոչ մի ակտիվ գործողության ես չեմ մասնակցել»։

Գրիգոր Պետրոսյանը եւս մեկ անգամ մտքափոխվեց, ուստի հրապարակեցին նրա ցուցմունքները։ Պետրոսյանի պաշտպան Լուսնթագ Բադալյանն առաջարկեց հրապարակել Պետրոսյանի բացատրությունը, որ երբ վերջինս իմացել է իր հետախուզվելու մասին, ինքնակամ է ներկայացել եւ ցուցմունք տվել։ Բայց քանի որ օրենսդրությունը պահանջում է հրապարակել միայն ցուցմունքները, ուստի դատարանում հրապարակվեցին 2003 թ. մարտին եւ մայիսին Պետրոսյանի տված ցուցմունքները։

Ըստ այդ ցուցմունքների, Գրիգոր Պետրոսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մասնակիորեն մեղավոր է ճանաչել, նշելով, որ սպանությունն իրագործողների կողմից ինքն ակամա է ներքաշվել հանցագործության մեջ։ Իսկ պատմությունը, Գրիգոր Պետրոսյանի համար, սկսվել է այսպես։ Գեղամ Շահբազյանը Գրիգոր Պետրոսյանին ասել է, որ Լյովա Հարությունյանն սպանության պատվեր ունի, որի համար մեծ գումար կտան։ Ըստ Շահբազյանի, փողը Լյովա Հարությունյանը պետք է վերցներ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանից։ Գեղամ Շահբազյանը ցանկացել է ճշտել, թե Արմեն Սարգսյանն արդյոք սպանության համար գումար կտա՞։ Դրա համար էլ հանդիպել է Հովհաննես Հարությունյանին (Ապեր)։ Ապերն, ըստ Շահբազյանի, ասել է, թե Արմեն Սարգսյանը կտա 50 հազար դոլար։

«Հանդիպումների ժամանակ, երբ տղաները քննարկում էին լրագրողի սպանությունը, ես հուզվել եմ, անգամ լաց եղել, անգամ առաջարկել դրա փոխարեն բանկ կտրել», իր ցուցմունքում նշել է Գրիգոր Պետրոսյանը։

Երբ զենքերի հարցն է բարձրացվել, Գրիգոր Պետրոսյանը տվել է տանն ունեցած իր զենքըՙ 4 փամփուշտով, սակայն հետո մտածելով, որ այդ զենքի միջոցով կարող են բռնել նաեւ իրեն, վերադարձրել է իր զենքը, Ապերին ասելով, թե դա գրանցված է եւ կարող են գտնել։ Ըստ Պետրոսյանի, Ապերը չի ցանկացել հանդիպել անմիջապես պատվերը կատարողներիՙ Ֆելիքսի եւ Ջոնի հետ։ Դրա համար կապն ըստ էության պահպանվել է Գրիգոր Պետրոսյանի եւ Գեղամ Շահբազյանի միջոցով։ Գրիգոր Պետրոսյանը տեղյակ է եղել նաեւ գումարի, դրա ուշացման հետ կապված պատմություններին։ Իսկ որ իրեն տրվել է 2,5 հազար դոլար, Պետրոսյանը ժխտում է։

Հետաքրքրական է, որ իր ցուցմունքում Գրիգոր Պետրոսյանը նշել է, թե տեղեկանալով սպանվածի ինքնության մասին, ինքը հանդիմանել է եւ «տղաներին», եւ Ապերին, թե «դրա տակից դուրս գալ կլինի՞»։

Եվս մեկ հետաքրքրական հանգամանք Գրիգոր Պետրոսյանի ցուցմունքից։ Թե որտեղից են վերցվել սպանության ժամանակ օգտագործված զենքերը, Գրիգոր Պետրոսյանի լրացուցիչ ցուցմունքում ասվում է, թե իր լսելով զենքերը պիտի տար Վազգեն Սարգսյանի թիկնապահ Մոսոն։

Հայտարարված ընդմիջումից հետո Գրիգոր Պետրոսյանը, ըստ իրեն, բացատրեց սպանության մասնակիցների դրդապատճառները, որոնցից թերեւս հետաքրքրական էր այն, որ բոլորի նման փողային հարցեր լուծելուց բացի Ապերը ցանկացել է նաեւ ներկայանալ որպես Վազգեն Սարգսյանի վրեժը լուծող։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4