«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2003-09-23 | #172, 2003-09-24 | #173, 2003-09-25


ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՎՈ ԿԱՆՏՈՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՄՐԵՆՊՐԵՍ։ Շվեյցարիայի Դաշնային Հանրապետության Վո կանտոնը սեպտեմբերի 23-ին ճանաչել Է Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես հայտնեցին ԱԳն հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից, կանտոնալ խորհրդարանի Մեծ խորհուրդը 74 կողմ, 64 դեմ եւ 9 ձեռնպահ ձայներով քվեարկել է Մասսիմո Սանդրիի ներկայացրած պոստուլատի նախագծի օգտին, որը հրահանգում է Պետական խորհրդինՙ կանտոնի կառավարությանը, պաշտոնապես ճանաչել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը։ Փաստաթղթում խորհրդանշական է համարվում այն հանգամանքը, որ որոշումն ընդունվում է Լոզանում, որտեղ 1923 թ. Դաշնակիցների եւ Թուրքիայի միջեւ կնքված պայմանագրով, փաստորեն, «Հայաստանը ջնջվեց քարտեզի վրայից»։ «Եկել է պահը, որպեսզի Վո կանտոնը հանդիսավոր ակտով ճանաչի հայերի ողբերգությունը։ Փաստաթղթի ընդունմամբ Վո կանտոնը կնպաստի թուրքերի եւ հայերի միջեւ արդար եւ տեւական խաղաղության հաստատմանը, խաղաղություն, որի գլխավոր խոչընդոտն այսօր «ժխտողականությունն» է, որն ավելի է խորացնում մի ողջ ժողովրդի ցավն ու տառապանքը», ասվում է պոստուլատի տեքստում։ Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է 1998 թ. Ժնեւի Մեծ խորհրդի եւ 2001 թ.ՙ նույն կանտոնի կառավարության կողմից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4