«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2003-09-23 | #172, 2003-09-24 | #173, 2003-09-25


ՇՈՒՏՈՎ ՈՐՈՇ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐ ԿԱԶԱՏԵՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸՙ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ «ՆՎԻՐԵԼՈՒ» ՀԱՄԱՐ

Երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Անդրադառնալով ՀՅ Դաշնակցության կողմից կառավարության իր անդամների 100 օրվա աշխատանքի հաշվետվությանը, Անդրանիկ Մարգարյանը հայտնեց, որ երեւի նորանշանակ նախարարների համար անհրաժեշտություն է եղել տալ 100 օրվա աշխատանքի գնահատականը։ Եվ այն, որ վարչապետի խոսքերով, փորձել են ներկայացնել իրենց նախարարների աշխատանքը, դրական է։ Ի դեպ, ըստ Անդրանիկ Մարգարյանի, եռամսյա հաշվետվություն ներկայացնելը ոչ թե նոր ավանդույթ է, այլ արդեն 4 տարի գործող։ Ինչ վերաբերում է վերջերս հնչող այն լուրերին, թե կոալիցիայի ուժերը փոխնախարարների պաշտոններ են պահանջում, վարչապետը պարզաբանեց, որ դա բնական է, պարզապես արհեստականորեն հարցը սրվել է։

«Բնականաբար, պետք է որոշ հայեցողական պաշտոններ առաջարկվեին կոալիցիայի կուսակցություններին», հայտարարեց Անդրանիկ Մարգարյանը։ Նա ավելացրեց, որ կառավարությունը կփորձի ընտրել պրոֆեսիոնալ թեկնածուների։ Այս հարցը թերեւս հաջորդ շաբաթ կքննարկվի կոալիցիայի խորհրդի նիստում, որտեղ եւ կառավարությունը կներկայացնի այն փոխնախարարներին, որոնց մտադիր է ազատել աշխատանքից։

Կոալիցիայի ներսում տիրող մթնոլորտի, Դաշնակցության հաշվետվության մեջ տրված գնահատականների առումով Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ կոալիցիայի ներսում մթնոլորտը շատ լավ է։ Իսկ Դաշնակցության այսպես ասած մեղադրանքները վարչապետը համարում է նոր նախարարների աշխատանքային փորձի պակաս։ Չնայած դրան, պրն Մարգարյանն ավելացրեց, որ ՀՅԴ հաշվետվությունը կարդալիս ինքը կոալիցիայի մյուս ուժերին վերաբերող մեծ վերագրումներ չի տեսել։

«Մենք կոալիցիայի ներսում տարակարծություններ չունենք, որոշ խնդիրների շուրջ ունենք տարբեր մոտեցումներ», եզրափակեց Անդրանիկ Մարգարյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4