Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը
Երեկ Հայաստանի ժուռնալիստների միությունը, Երեւանի մամուլի ակումբը եւ «Մամուլի աջակցության ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը հրավիրել էին մամուլի ասուլիսՙ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնելու նպատակով։ «Մամուլի աջակցության ինտերնյուս» հասարակական կազմակերպության իրավաբան Լուսինե Աբովյանը մերժեց տարածված այն հայտարարությունը, թե վերոհիշյալ կազմակերպությունները որեւէ փաստաթուղթ են ստորագրել, որ համաձայն են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի նախագծին։
«Մենք ոչ մերժում, ոչ ընդունում ենք նախագիծը, ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Մենք պարզապես որոշ առաջարկություններ ունենք»։
Ըստ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանիՙ այս երեք կազմակերպությունները եւ կառավարությունըՙ ի դեմս արդարադատության փոխնախարար պրն Աբովյանի, կետ առ կետ քննարկել են նախագիծը։ Ըստ Ա. Գեւորգյանիՙ նախնական տարբերակը բացարձակապես անընդունելի էր լրագրողական կառույցների համար։ Չնայած նախագծի այսօրվա տարբերակը լուրջ փոփոխություններ է կրել եւ շատ է տարբերվում նախկինից, այս կազմակերպություններին նույնպես չի բավարարում։
Երեւանի մամուլի ակումբի նախագահի տպավորությամբՙ լրագրողական կառույցների եւ կառավարության քննարկումները ինչպես դրական, այնպես էլ բացասական արդյունքներ են ունեցել։ Պրն Նավասարդյանը հիշեց հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքի նախագծի քննարկումները եւ արդյունքում լրատվամիջոցներին չգոհացնող օրենքի ընդունումը, ինչպես նաեւ վերջին ամիսներին լրագրողական այս կառույցների եւ կառավարության քննարկումները, որոնք շատ դրական մթնոլորտում են ընթացել։ Այսօր կազմակերպությունները հույս ունեն, որ իրենց առաջարկներն ավելի մեծ ուշադրության կարժանանան եւ արդյունքը դրական կլինի։
«Մենք ոչ իշխանամետ ենք, ոչ էլ ընդդիմադիր, պարզապես մեր մասնագիտական պարտականությունն ենք կատարում, ասաց ՀԺՄ նախագահը։ Ամեն դեպքում մենք ունենք մեր հզոր ուժըՙ լրագրողական համերաշխությունը, եւ միասին կաշխատենք մինչեւ վերջ։ Անհրաժեշտ է հիմա հանդես գալ առաջարկություններով, այլապես վաղն արդեն ուշ կլինի»։
Վերջում Բորիս Նավասարդյանը նշեց, որ ԵԽ ներկայացուցիչների կողմից կա հստակ ցանկություն, որ օրենքն ընդունվի համաձայնության պայմաններում։ Նա կոչ արեց բոլոր լրատվամիջոցներին ԱԺ համապատասխան հանձնաժողովին ներկայացնել իրենց դժգոհությունները օրինագծի վերաբերյալ, հանդես գալ առաջարկություններով, քանի որ սա է լավ օրենք ունենալու միակ ճանապարհը։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ