Ազգային ժողովը երեկ ընդունեց զանգվածային լրատվության օրենքը 69 կողմ քվեարկությամբ։ Թեեւ որոշ կողմ, ձեռնպահ, քվեարկությանը չմասնակցած պատգամավորներ հայտարարեցին, որ քվեարկության արդյունքներում իրենց ձայնը ճիշտ չի հաշվարկվել, զանգվածային լրատվության օրենքը համարվեց ընդունված։
Խորհրդարանը երեկ կողմ քվեարկեց նաեւ վարչական օրինախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագծին։ Ըստ կատարված լրացումների, պաշտոնատար անձանց կողմից ԶԼՄ թողարկման ազատությունը խոչընդոտելը կամ սահմանափակելը կառաջացնի տուգանք։ Կրկնվելու դեպքումՙ վարչական տույժ։ Նմանապես կպատժվի նաեւ տեղեկություն տալու պարտականությունը չկատարելը, երբ տեղեկատվությունն արգելված չէ։
Օրինագծի հաջորդ կետերը վերաբերում էին էրոտիկ բնույթի հաղորդումների եւ սարսափ ֆիլմերի հեռարձակման անթույլատրելիությանը չնախատեսված ժամերին, ինչպես նաեւ արգելված վայրերում էրոտիկ բնույթի նյութերի վաճառքին։ Այս իրավախախտումների համար էլ նախատեսված են տուգանքներ։
Ա. Հ.