Լիբանանահայ դերասանուհի Սարին Խաչիկյանն արժանացել է «Վահագնի» դափնեկրի կոչման
Մի քանի օրով մայր հայրենիք են եկել բեյրութահայ մեր բարեկամներըՙ Լարա եւ Սարին Խաչիկյանները, երկու չքնաղ հայուհիներ, որոնք երբեմնի հայ ամենահզոր ու բազմամարդ գաղթօջախն են ներկայացնում։ Այցի նպատակը սոսկ Հայաստանի Հանրապետությանն առավել ծանոթ լինելը չէ։ Երկու օր հետո ՀԲԸՄ¬ՀԵԸ-ի Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախմբի արտիստուհի Սարին Խաչիկյանին է հանձնվելու համահայկական «Վահագն» մրցանակաբաշխության լավագույն արտիստուհու 2003 թվականի մրցանակըՙ Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսի ներկայացման մեջ գլխավոր հերոսուհուՙ Ֆիլումենայի դերակատարման համար։ Այս պիեսի ներկայացման հեղինակը Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, թատերական գործիչների միության նախագահ, Հ. Պարոնյանի անվան Երեւանի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանն է։ Ուստի բնական է, որ Սարինի հետ մեր զրույցը սկսվեց հենց Երվանդ Ղազանչյանի մասին խոսելով։
¬ 2000 թվականին Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանու տակ գործող «Վահրամ Փափազյան» մեր թատերախումբի անդամներս պատիվ ունեցանք մեր կողքին տեսնելու ճանաչված պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանին, որը մեզ հետ երեք բեմադրություն արեցՙ 2000-ինՙ Թեննեսի Ուիլյամսի «Ցանկության տրամվայը» (ան բեմադրվեցավ «Մենակության վերջին կանգառը» խորագրով), 2001-ինՙ Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» («Երեխաները կմնան երեխաներ») եւ վերջինըՙ 2003-ի գարնանը Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» պիեսները,- ասաց Սարին Խաչիկյանը։ - Թատերախումբի այս երեք բեմադրություններն ալ մեծ ոգեւորությամբ ընդունվեցան Լիբանանի մեջ ոչ միայն հայ, այլեւ արաբ հանդիսատեսներու կողմէ, որովհետեւ մարդկային հոգեբանության խոր շերտերու քննություն էին անոնք։
Սարին Խաչիկյանի նախասիրությունը հենց հոգեբանական բարդ իրադրություններում գտնվող կանանց կերպարներն են, ինչպես, ասենք, Էդուարդո դե Ֆիլիպոյի հերոսուհինՙ Ֆիլումենան։ Երբ Երվանդ Ղազանչյանը Բեյրութում իրականացնում էր իտալացի դրամատուրգի աշխարհահռչակ այս պիեսի բեմադրությունը, արդեն հայտնի էր ողբերգությամբ ապրող եւ այդ ողբերգությունից ձերբազատվել ցանկացող Ֆիլումենայի կերպարի փայլուն մեկնաբանությունը մեծն Սոֆիա Լորենի կատարմամբ։ Իհարկե, մեծ համարձակություն էր պետք այս պիեսի նոր մեկնաբանություն հրամցնելու համար։ Երվանդ Ղազանչյանը գիտեր, պատկերացնում էր գործի ծանրությունը։ Շատ լավ էր հասկանում նաեւ Սարին Խաչիկյանը։ Բայց եւ Ղազանչյանը, եւ Սարինը համարձակվեցին... Արդյունքը անսպասելի էր գուցե շատերի, բայց ոչՙ բեմադրության հեղինակի ու գլխավոր հերոսուհու դերակատարի համար։ Հիանալի աշխատանք ստացվեց, որը եւ, բնականաբար, արժանացավ «Վահագն» մրցանակաբաշխության հեղինակավոր հանձնախմբի գնահատականին։ Հայկական թատերախմբերի (լինեն դրանք պրոֆեսիոնալ, թե այսպես կոչված «սիրողական») բեմադրություններում լավագույնն է ճանաչվել Սարին Խաչիկյանի Ֆիլումենա Մարտուրանոյի դերակատարումը։
Հաջողության բացատրությունները կարող են լինել բազմաթիվ։ Իհարկե, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի աշխատանքն այս դեպքում անչափ կարեւոր է, սակայն, կարծում ենք, որ քիչ դեր չի խաղացել այն հանգամանքը, որ Սարին Խաչիկյանը մասնագիտությամբ հոգեբան է (Սարինն ավարտել է Բեյրութի Հայկազյան համալսարանի հոգեբանության բաժանմունքը)։
Ընդհանրապես Խաչիկյան ընտանիքի դուստրերը սերտ կապված են թատրոնին։ Սարինի ավագ քույրըՙ Լարան, «Վահրամ Փափազյան» թատերախմբի բեմադրիչի օգնականն է, իսկ քույրերից կրտսերըՙ Դալարը, պարուհի է եւ դաշնակահարուհի։ Եվ եթե այս հրաշալի հայուհիներն այսօր թատրոնում են, ապա դա կարելի է բացատրել նրանց մեծ նվիրվածությամբ։
Սփյուռքի համար հատկանշական են այսպես ասած «ոչ պրոֆեսիոնալ, սիրողական» թատերախմբերը։ Եթե տարիներ առաջ տեղիս մտավորականությունը որոշակի կողմնակալությամբ եւ ոչ լիարժեք վստահությամբ էր մոտենում «սիրողական» թատրոնի կարգավիճակին, ապա այժմ փաստորեն վերաբերմունքը կտրուկ փոխվել է, որովհետեւ մեզ մոտ էլՙ Հայաստանում իրականում զուտ «պրոֆեսիոնալ» թատրոններ գրեթե չկան։ Այստեղ եւս ներկայացումները կայանում են, եթե թատրոնների ղեկավարները գտնում են հովանավորներ։
Սարին Խաչիկյանի հետ մեր զրույցը չսահմանափակվեց լոկ թատրոնով, թեեւ դեռեւս 1994 թվականին, երբ սովորում էր Բեյրութի համալսարանի երկրորդ կուրսում, Սարինը անվերադարձ նվիրվեց թատրոնին։
Ուսումնառությունն ավարտելուց հետո Սարին Խաչիկյանն աշխատանքի է անցնում Հայկական բարեգործական ընդհանուր միության Պողոս Կարմիրյան միջնակարգ վարժարանում որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի։ Ութը տարի դասավանդելուց հետո, արդեն երրորդ տարին է, ինչ Սարինը համարվում է այդ վարժարանի տնօրինուհի։ Իսկ ինչպե՞ս է համատեղում իր հիմնական աշխատանքը թատրոնի հետ.
- Ես նույնություններ կգտնեմ երկուքին մեջ,- ասում է Սարինը։ - Այնպես որ մեկը մյուսին արգելք չեմ համարեր։ Ես այդ իմ համոզումով ու որոշումով ըրած եմ։
Հասկանալի է, որ եթե մարդը սիրում է իր գործը, նվիրված է, ապա ժամանակի պակաս չի զգա։ Իհարկե, հեշտ գործեր չկան, բայց գործը կհեշտանա, եթե սիրում ես այն։
Եվ այսպես, Բեյրութում ապրում, աշխատում եւ ստեղծագործում է հրաշալի մի հայուհի, որը կարողանում է ոչ միայն հայեցի պահելու ամենադժվար առաքելությունն իրականացնել (ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե որքան դժվար է այսօր իսկապես հայ մնալը, առավել եւսՙ մանուկ սերունդը հայ պահելը), այլեւ փորձում է հոգեբանական բարդ կերպարների որոնումներ կատարել եւ դրանք ներկայացնել հանդիսատեսին։
«Վահագն» մրցանակաբաշխության դափնեկրի կոչումը Սարինի համար առաջին լուրջ նվաճումը համարենք եւ սպասենք նոր ավետիսների։ Համոզված ենքՙ դրանք չեն ուշանա։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ