«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2003-09-23 | #172, 2003-09-24 | #173, 2003-09-25


ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՀԻՇԵՑԻՆ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

«Հայ երաժշտության պատրիարք, աշխարհահռչակ կոմպոզիտոր, թիֆլիսեցի», Արամ Խաչատրյանին նման խոսքերով ներկայացրեց վիրահայ մտավորական, մանկավարժ Խաչատուր Գեւորգյանն իր իսկ նախաձեռնությամբ կազմակերպած հուշ-ցերեկույթին, որը տեղի ունեցավ Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցում։

Արամ Խաչատրյանը ծնվել է Թբիլիսիում, առաջին երաժշտական կրթությունն ստացել այն ժամանակներում հայ մշակույթի մայրաքաղաք Թիֆլիսում։ Աշխարհահռչակ կոմպոզիտորը Թբիլիսիում ապրել է 19 տարի նախքան կընդունվեր Մոսկվայի Գնեսինի թավջութակի բաժինը։

«Խաչատրյանների ընտանիքը հաճախ էր գնում Թիֆլիսին մերձակա «Կա ջուր» վայրըՙ հանգստանալու։ Հետագայում «Կա ջուրը» դարձավ Կոջոր։ Ահա այնտեղ է 1903 թ. հունիսի 6-ին ծնվել Արամ Խաչատրյանը», կոմպոզիտորի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանն ասաց Խ. Գեւորգյանը։

Բանախոսը ներկաներին պատմեց Խաչատրյանի կյանքը, ստեղծագործական ժառանգությունը, մեջբերումներ արեց Խաչատրյանի հանճարը գնահատած ժամանակակիցների հուշերից։

Էռնեստ Հեմինգուեյը Խաչատրյանի մասին գրել է. «Ձեր երաժշտությամբ ես ճանաչեցի Հայաստանը, այն պետք է որ աշխարհի ամենագեղեցիկ երկրներից մեկը լինի։ Իմ ողջույնը տարեք ձեր երկրին»։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4