Նշանավոր համշենահայերից մեկիՙ Հաբեթ Թուլումջյանի ծննդյան տարեդարձը պատեհ առիթ էր եւս մեկ անգամ արծարծելու համշենցիների հայրենակցական միությանը մտատանջող եւ առայժմ լուծում չգտած խնդիրները։
Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Աբխազիայում արխիվային գործի հիմնադիրներից Հաբեթ Թուլումջյանը ծնվել է 1912 թվականին Աբխազիայի Գումիստայի շրջանի Էշերա հայկական գյուղում։ Հայրենի գյուղի ութամյա դպրոց, Սուխումի մանկավարժական տեխնիկում, Դոնի Ռոստովի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտ, Մոսկվայի պատմաարխիվային ինստիտուտ, թեկնածուական թեզ։ Ուսումնառության այս ճանապարհից հետո Հ. Թուլումջյանը Աբխազիայի անօթեւան երեխաների էվակուացման ընդունարանի պետն է, այնուհետեւ 35 տարի անընդմեջ (1938-73) ղեկավարել է Աբխազիայի արխիվային կենտրոնական վարչությունը։ 1980 թվականից մինչեւ կյանքի վերջը Թուլումջյանն աշխատել է Աբխազիայի լեզվի եւ գրականության եւ Վրաստանի ԳԱԱ-ի Գուլիայի անվան պատմության ինստիտուտում։ Հեղինակ է 30-ից ավելի գիտական աշխատությունների, տասնյակ պատմակենսագրական ակնարկների։ Մեծ է նրա ավանդը Աբխազիայի մասին ուղեցույցների, տեղեկատուների, փաստաթղթերի ժողովածուների պատրաստման գործում։ Եվ նրա գործունեությունը գնահատվել է ըստ արժանվույնՙ կառավարական բարձր պարգեւներով։
Հարուստ եւ հետաքրքիր կենսագրությամբ այս մարդն իր ազգանվեր գործունեությամբ ծառայել է իբրեւ կամուրջ համշենահայության եւ մայր հայրենիքի միջեւ, եւ պատահական չէ, որ թեեւ ամբողջ կյանքն ապրել է Աբխազիայում, սակայն նրա մասին գրել են մայր հայրենիքում։ Նա մահացավ 1988-ի օգոստոսինՙ այդպես էլ չտեսնելով հայ ոգու հաղթանակը։ Բարեբախտաբար, չտեսավ նաեւ, թե ինչպես իր հարուստ գրական, գիտական եւ արխիվային ժառանգությունը, որը գրավում էր գրեթե ողջ տունը, կրակի ճարակ դարձավ վրաց-աբխազական ընդհարման ժամանակ...
Հ. Թուլումջյանի կյանքի եւ կենսագործունեության մասին Համշենահայերի հայրենակցական միության փոխնախագահ Նազիկ Սարգսյանի ակնարկը հակիրճ էր, քանի որ հոբելյարին գիտեին ներկաներից գրեթե բոլորը, որոնք ինքնաբերաբար շարունակեցին զեկուցողի խոսքը։ Մասնավորապես միության նախագահ Ի. Կրբաշյանը խոսեց ղարաբաղյան պատերազմին համշենահայերի մասնակցության մասին, նշեց այն շնորհակալ գործը, որ այդ տարիներին անում էր միությունըՙ նախկին փոխնախագահներ, «Ձայն Համշենի» թերթի խմբագիր Սերգեյ Վարդանյանի եւ Կառլ Յալանոզյանի գլխավորությամբ։
60-ականների սկզբներին հիմնադրված «Համշեն» հայրենակցական միությունը աշխույժ եւ արդյունավետ էր գործում մինչեւ արցախյան շարժումը։ Շատերը երեւի կհիշեն Երեւանի «Համշեն» ազգագրական համույթի ելույթները բեմերից եւ կապույտ էկրանից։ Իսկ 1986-ի հոկտեմբերին «Էրեբունի-Երեւան» տոնակատարության ժամանակ, արդեն Աբխազիայից ժամանած նույնանուն համույթը հաղթող ճանաչվեց ազգագրական համույթների փառատոնում։ Բայց այսօր հայրենակցականը կանգնած է, ինչպես ողչ առանց չափազանցության, մի ողջ գաղթօջախի լինել-չլինելու ցավոտ խնդրի առջեւ։
«5 տարուց ավելի է Գանթիադիում գործում է թուրքական քոլեջ, որտեղ նույնիսկ կրոն է դասավանդվում, ասում է Ն. Սարգսյանը, իսկ Աբխազիայի հայկական դպրոցները կարոտ են անգամ տարրական դասագրքերի եւ ուսումնական ձեռնարկների, մինչդեռ շնորհաշատ երեխաներ ունենք, որոնք կկորչեն, եթե նրանց չկարողանանք օգնել հայրենիքում սովորելու»։
Միությունն իր հայրենակցական պարտքն է համարում Հայաստանում, Ռուսաստանում, Աբխազիայում եւ այլ երկրներում բնակվող համշենցիների համախմբումը, նրանց ուժերի եւ հնարավորությունների կենտրոնացումը։ Մեծ օգնության կարիք ունեն վրաց-աբխազական ընդհարման ժամանակ Հայաստան բռնագաղթած, արցախյան ազատամարտում զոհված, բնակարանային խնդիրներ, ցածր եկամուտ ունեցող համշենահայերը, միայնակները, բազմազավակները, գործազուրկները... Եվ Հ. Թուլումջյանին նվիրված միջոցառումն, իրոք, առիթ էր նորից ու նորից այդ խնդիրները վեր հանելու, լուծման ելք փնտրելու։ Շուրջ 15-ամյա դադարից հետո, մեծ դժվարությամբ, միությունը ջանում է վերահրատարակել «Համշեն» թերթը, որի հետ մեծ հույսեր են կապել. պետք է միշտ հիշեցնել, ավելինՙ ահազանգել հայության այս բեկորի մասին, գտնել, կապել իրար, սատարել։ Ճանապարհն այդ անչափ դժվարին է, եւ դա հասկանալի է. թիկունքում հայրենիքից կտրված, պատերազմից բզկտված ու ցիրուցան համշենահայությունն է, դիմացըՙ «շուկայական» հարաբերություններն ու դեռ նոր ոտքի կանգնող հայրենիքը։ Հեռուներում ապրող ապահովված համշենցիներին էլ ձայները չեն հասնում։ Սակայն միությունը չի ընկճվում. գործում է, բախում է հույս ներշնչող ամեն մի դուռ, դիմում ամեն մի ատյանի։ Քանզի Համշենը մենք պարտավոր ենք փրկել։
Զ. ՍԱՐԳՍՅԱՆ