«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2003-09-23 | #172, 2003-09-24 | #173, 2003-09-25


«ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՐՈՀԸ ՄԵՐ «ԱՆՈՂՆԱՇԱՐ» ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ ԿՈՒՆԵՆԱ ԼՈՒՐՋ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ»

Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ հայ գործարարների դիրքորոշումները հակադիր են

«Ազգն» իր նախորդ համարներում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանՙ վերջին շրջանում այնքան շահարկվող հարցի վերաբերյալ մեր խորհրդարանական ուժերի տեսակետներին, ներկայացրել Խորհրդային Հայաստանի պետական գործչի դիտարկումները։ Քանի որ խնդիրը բարձրացվում է հատկապես տնտեսական հարթության վրա, ներկայացնում ենք երկու գործարարների դիրքորոշումներ, որ կտրուկ հակադրվում են իրար։

«Սիլ գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը գտնում է, որ «վայրկյան առաջ պիտի բացվի հայ-թուրքական սահմանը, որպեսզի ապրանքաշրջանառություն ապահովվի, արագանա մեր ինտեգրացիան եվրոպական տնտեսական կառույցներին»։ Պրն Սուքիասյանը համոզված է, որ սահմանի բացման դրական հետեւանքները գերակշռում են բացասականներին։ «Տեսակետ կա, որ սահմանի բացումը մեր երկրում կբերի թուրքական տնտեսական էքսպանսիա, եւ որ թուրքական ապրանքատեսակները խնդիր կառաջացնեն հայաստանյան բոլոր արտադրական հզորությունների համար։ Մեր որոշ ապրանքատեսակներ թերեւս չեն դիմանա մրցակցությանը։ Կարծում եմ, սակայն, որ այդ վնասն ավելի փոքր կլինի, քան մեր հնարավոր օգուտը»։ Խ. Սուքիասյանը գտնում է, որ հայաստանյան արտադրության հարյուրավոր ապրանքատեսակներ մեծ քանակությամբ կարտահանվեն Թուրքիա եւ ոչ միայն։ «Հայ-թուրքական սահմանի բացումը Վրաստանին կստիպի վերանայել իր տրանսպորտային սակագները եւ նվազեցնել դրանք։ Այդ դեպքում մենք կկարողանանք ավելի շատ արտահանել եւ ներմուծել Ռուսաստանից։ Այլապես այսօր արտահանման տրանսպորտային ծախսերը շատ հաճախ ավելի են ապրանքատեսակի ինքնարժեքից»։

«Ինտերնեյշնլ Մասիս տոբակ» ընկերության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը համամիտ է, որ ճանապարհի բացումը կբերի տրանսպորտային ծախսերի կրճատման, հետեւաբար կնվազի նաեւ ապրանքատեսակների ինքնարժեքը։ «Սակայն նկատենք, որ դրանից ավելի շատ կշահեն թուրքական ապրանքներըՙ առավել մեծ ծավալներ ունենալու շնորհիվ», նշում է պրն Վարդանյանը։ Ըստ նրա, ընդհանուր առմամբ «թուրքական ապրանքների գրոհը Հայաստանի «անողնաշար» տնտեսական համակարգի համար կունենա լուրջ հետեւանքներ։ Եթե ոչ հիմնովին, ապա մեծ վնաս կհասցվի տեղական արտադրողին, եւ երկար ժամանակ կարող է նկատվել արտադրական ծավալների անկում։ Կխորանա երկրի վճարային հաշվեկշռի ճեղքվածքը»։ Այնպես որ, Մ. Վարդանյանի կարծիքով, թեեւ սահմանը չբացելու վերաբերյալ միանշանակ պնդումը տրամաբանական չի լինի, ճիշտ չէ սահմանի անվերապահ բացումն այսօր։

Ըստ Մ. Վարդանյանի, նախ պիտի ստեղծել երկու երկրների տնտեսությունների, շուկաների, գների շարժին վերաբերող տեղեկատվական հիմք, մշակել մաքսային կարգավորման լծակներ, հստակեցնել երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների պայմանները, ապահովել պայմաններ ներմուծումը փոխարինող արտադրական հզորությունների զարգացման համար եւ այլն։

Առանց այս հիմքի, «սահմանի բացման խնդրին առնչվող հարցադրումներին մենք պատրաստ ենք զուտ մեխանիկորեն, բայց ո՛չ քաղաքական, տնտեսական, հոգեբանական առումներով, ինչի ուղղությամբ անընդմեջ աշխատելու դեպքում անհրաժեշտ կլինի առնվազն երեք-չորս տարի։ Այսօր, կրկնում եմ, հայ-թուրքական սահմանի բացմանը պատրաստ չենք», եզրափակեց պրն Վարդանյանը։

Լ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4