«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2003-09-23 | #172, 2003-09-24 | #173, 2003-09-25


ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԱՎԵՏ Է ԻՆՉՊԵՍ ԱՐՏԱՀԱՆՈՂԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՀԱՄԱՐ

Հայաստան-սփյուռք տնտեսական համաժողովի շրջանակներում բացված Panarmenian EXPO-2003 ցուցահանդեսին մասնակցում էր նաեւ «Կոնվերս բանկը»։ Ի դեպ, ցուցահանդեսին մասնակցող միակ բանկն էր եւ ներկայացնում էր նորՙ ֆակտորինգի ծառայությունը։ Նման ծառայություն հայկական որեւէ այլ բանկ չի մատուցում, ուստի որոշ մանրամասներ տեղեկանալու նպատակով դիմեցինք բանկի մարկետինգի բաժնի պետ Կոնստանտին Սարոյանին։

¬ Ֆակտորինգային ծառայությունը շահավետ է ոչ միայն մեզ, այլեւ ձեռնարկատերերի համար, որոնք պայմանագրային հարաբերություններ ունեն այլ երկրների ընկերությունների հետ։ Երբ տեղի արտադրողն արտահանում է իր արտադրանքն այլ երկիր, արտերկրում գոյություն ունեցող գործելակերպի համաձայն ներմուծողը միանգամից գումարը կանխիկ չի վճարում։ Այդ գումարը, օրինակ, պարտավորվում են վճարել երեք ամիս հետո։ Արտահանողին դա, բնականաբար, ձեռնտու չէ։ Նա ունենում է դրամարկղային խզվածք, այսինքնՙ միջոցների սղություն։ Բանկն այս դեպքում առաջարկում է ֆակտորինգային ծառայություն։ Արտահանողին մենք վճարում ենք պայմանագրով իր արտահանած ապրանքի արժեքի 90 տոկոսը։ Հետագայում այդ գումարը վճարում է ներմուծողը, գումարած կոմիսիոն վճարները։ Վերջիններս կազմում են տարեկան 16-23 տոկոս։ Բնական է, որ ներմուծողը որքան արագ մարի պարտքը, այնքան կոմիսիոն վճարները նվազ կլինեն։ Առ այսօր ունենք արտահանմամբ զբաղվող 4 հաճախորդ։ Գործարքների ծավալները կազմում են մինչեւ 120 հազար դոլար։

Մինչ տարեվերջ նախատեսում ենք ֆակտորինգային ծառայություններ մատուցել նաեւ ներմուծողների համար։ Այս դեպքում բանկը գործարքի գումարի 90 տոկոսը տալիս է երկրից արտահանողին, իսկ պարտքը մարում է այստեղի ընկերությունը։ Դա շահավետ է, ենթադրենք մեր այն արտադրողների համար, ովքեր հումքը ներմուծում են արտերկրից։

Ֆակտորինգի մեկ այլ առավելությունն է, որ բանկն այստեղ հանդես է գալիս որպես տեղեկություն ունեցող, ստուգող։ Հաճախ արտահանողը չգիտի, թե մյուս կողմի գործընկերն ի՞նչ վճարունակություն ունի։ Դեպք է եղել, երբ մենք չենք ցանկացել աշխատել տվյալ ընկերության հետ եւ մեր արտահանողին ասել ենք, որ ֆակտորինգային ծառայություններ չենք մատուցի։ Նա մեզ չի լսել, գործարքը կնքել է եւ տուժել։ Այսինքնՙ բանկը նաեւ այդ ռիսկերն է գնահատում եւ իր վրա վերցնում։

EXPO-ին մեր մասնակցության նպատակն այս նոր ծառայությունը ներկայացնելն է։ Արդյունքներն այսպիսին են։ Մենք զրուցել ենք մոտ 70 ընկերությունների ղեկավարների հետ, որոնցից մոտ 20-25-ն իրական հետաքրքրություն են ցուցաբերել ֆակտորինգի հանդեպ։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4