Մարդու իրավունքների մոսկովյան գրասենյակը ԶԼՄ-ներին է ներկայացրել իր նոր նախագիծը, որը կոչվում է «Բազմազգ Ռուսաստանի Դաշնությունում ռասիզմի, այլատյացության, հրեատյացության եւ էթնիկական խտրականության դեմ պայքարի հասարակական արշավ»։
Նախագծի հովանավորը Եվրահանձնաժողովն է։ Մոսկվացի իրավապաշտպանների աշխատանքին կօժանդակեն Հանրային կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնի սոցիոլոգները, գլխավոր դատախազության գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները եւ ՆԳՆ աշխատակիցները։
«Ուտրո» թերթի տվյալներով, նախագծի հեղինակները հույս ունեն Ռուսաստանում հակառասիստական պայքարում հաջողության հասնել 3 տարվա ընթացքում։ Բայց այդ ժամկետն ակնհայտորեն անբավարար է երկրում այլատյացությանը վերջ դնելու համար։ Իրավապաշտպաններն ակնկալում են այդ պայքարում մշակել իշխանությունների հետ համատեղ աշխատելու մեխանիզմներ։
Հայտնի իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեեւան լրագրողներին հայտնել է, որ Մոսկվայի Հելսինկյան խմբի հետազոտությունները թույլ են տալիս պարզել, թե Ռուսաստանում ում են ամենից քիչ սիրում։ Անհաճո ազգությունների ցանկը գլխավորում են չեչենները։ Երկրորդ տեղն զբաղեցնում են այսպես կոչված «կովկասյան ազգության անձինք»ՙ Ռուսաստանում շրջանառության մեջ դրված մի անհեթեթ բնորոշում, որն օգտագործվում է իբրեւ տարբեր դավանանքներ եւ ծագումներ ունեցող տասնյակ ազգերի եւ ազգությունների հավաքական անվանում։
«Առաջատարների» եռյակը եզրափակում են ամերիկացիները։ Ռուսաստանցիների համար առանձնապես անհաճո ազգությունների ու ժողովուրդների ցանկում 4-րդ տեղն զբաղեցնում են չինացիները։ Հինգերորդ տեղում գնչուներն են, վեցերորդումՙ հրեաները։
Ռուսաստանի բոլոր 89 տարածաշրջաններում իրականացվելու է մշտական վերահսկողություն։ Իրավապաշտպաններն այլատյացների եւ նրանց զոհերի մասին տեղեկություններ կստանան իրավապահ մարմիններից։ Մարդու իրավունքների մոսկովյան գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Բրոդի խոսքերով, մասնավորապես օպերատիվ տեղեկություններ կստացվեն տագնապահարույց միջադեպերի (հուշարձանների եւ գերեզմանատների պղծում, հարձակումներ եւ այլն) վերաբերյալ։ Բոլոր տվյալներն ըստ տարածաշրջանների կմտցվեն տեղեկատվական զետեղարան։ Այս ամենը թույլ կտա հետեւություններ անել երկրում այլատյացության տարածման չափերի վերաբերյալ։