Գրում է հրեա ռաբբի Բերկովիչը
Իսրայելում մեծ հեղինակություն վայելող «Ջերուսալեմ ռիփորտ» շաբաթական հանդեսի վերջին համարում (22 սեպտեմբերի, 2003) տպագրվել է հրեական «Կոլոտ» (եբր.ՙ ձայներ) աստվածաբանական հոգեւոր սեմինարիայի անդամ, ռաբբի Մաթհեւ Բերկովիչի «Հայերի մութ պատմությունը» հոդվածը։ Այս մասին տեղեկացանք Ամերիկայի հայկական համագումարի «Հայկական ազգային ինստիտուտի» ուղարկած հաղորդագրությունից։
Իր հոդվածում Բերկովիչը համարձակ քննության է ենթարկում Իսրայելի կառավարության պաշտոնական ժխտողական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հանդեպ։ Վկայակոչելով ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթում տպագրված Հոլոքոսթի մասնագետների 2 հազար խնդրագրերն ու իսրայելցի պատմաբան Յաիր Աուրոնի հրատարակած գիտական ուսումնասիրություններըՙ նա ներկայացնում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ պետական դիրքորոշմանը միանգամայն հակառակ մոտեցումներ ու տեսակետներ։
Աչալուրջ վերաբերմունքը, ականատեսների վկայությունների հաստատումն ու Հոլոքոսթի հերքման դեմ պայքարը համարելով սեփական պատմության հանդեպ հրեաների պարտականությունների բաղկացուցիչ մասերըՙ Բերկովիչն ընդգծում է մարդկության դեմ գործած առաջին ցեղասպանության ժխտմանը մեղսակից լինելու իրողությունը։ Նա ընթերցողներին վերստին հիշեցնում է 1915 ¬1916 թթ. 1 մլն հայերին ոչնչացնելու օսմանյան Թուրքիայի իրագործած հրեշավոր արարքի, ինչպես նաեւ 1917¬1922 թթ. երիտթուրքերի գազանությունների մասին, որոնց զոհ դարձան 200¬500 հազար հայեր։ Նա անհրաժեշտ է համարում մեջբերել այդ տարիներին Թուրքիայում Մ. Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունը, որ թուրք պաշտոնյաները ծրագրել էին ողջ հայ բնակչության բնաջնջումը եւ իր հետ զրուցելիս բնավ չէին թաքցնում իրենց բուն նպատակը։
Բերկովիչը համամիտ է գիտնականների այն կարծիքին, որ որեւէ ցեղասպանության հերքումը ամենավերջին կետն է, որը կարելի է անվանել կրկնակի սպանություն։
Թուրքիան շարունակում է բոլոր հնարավոր միջոցներով Հայոց ցեղասպանությունը ժխտելու քարոզարշավը, քաղաքական անհեթեթություններն ու պատմական ճշմարտության դեմ գրոհները, եւ դրանք կարծես արդյունավետ են ընթանում։ Նրա համոզմամբ, Մ. Նահանգները պարտավոր է ճնշում գործադրել Թուրքիայի վրաՙ պարտադրելով պատասխանատվություն կրել մարդկության դեմ գործած մեղքի համար։
Նա ցավով նկատում է, որ այսօր հրեաները շարունակում են լռություն պահպանել, մինչեւ անգամ հանգստացնել Թուրքիայի կառավարությանը, որի մասին է վկայում վերջերս թուրքական օրաթերթերից մեկում տպագրված հոդվածը, թե «Ամերիկյան հրեական կոմիտեն» նամակ է հղել Սենատին, խնդրելով օրակարգից դուրս թողնել Հայոց ցեղասպանության հարցը։
Բարեբախտաբար, նշում է Բերկովիչը, հրեաներից շատերն ընդունակ չեն լռելու, ինչը բխում է նաեւ Թորայի պահանջից։ Իսրայելցի պատմաբան Յաիր Աուրոնը լայն գործունեություն է ծավալում Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությունը Իսրայելում եւ այլուր հաստատելու ուղղությամբ, հրեական 15 կազմակերպություններ արդեն ճանաչել են ցեղասպանությունը։
Այդուհանդերձ, ռաբբի Բերկովիչը համոզված է, որ Հայոց ցեղասպանության մասին լռողներն այդկերպ միանշանակ ընդունում են, որ ցեղասպանությունը դեռեւս կարող է սպառնալ մեկ այլ ժողովրդի։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ