«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2003-09-24 | #173, 2003-09-25 | #174, 2003-09-26


ԹՈՒՐՔԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՄԵԿ ԷՇ ԵՎ 3 ՄԱՐԴՈՒ

Նիկոսիայից մեր թղթակից Ջորջ Տեր-Բարթողը հաղորդում է. մի էշ եւ 3 մարդ են ձերբակալվել այս շաբաթվա սկզբին կղզու գրավյալ թուրքական մասում։ Տղամարդիկՙ երկու հույն եւ մեկ թուրք, ազատ են արձակվել ոստիկանատուն հասնելուց եւ «պետությանը վիրավորելու համար» յուրաքանչյուրը 1 մլն թուրքական լիրա (2 դոլարից մի փոքր պակաս) վճարելուց հետո։ Էշը, բնականաբար, չի տուգանվել։

Կիպրոսի կառավարության խոսնակը պատահարը բնութագրել է որպես «ամենալավը անցնող 29 տարիների ընթացքում»։ Դա մաս է կազմել Դենքթաշի «մերձեցման» շարժման դեմ կազմակերպված միջհամայնքային (հույն եւ թուրք կիպրոսցիներ) բողոքի ցույցի, որի գաղափարն առաջացել է հենց իրՙ Դենքթաշի ելույթի մի արտահայտությունից, որ «իսկական կիպրոսցին կիպրոսցի էշն է»։

Թուրքական մասի առաջնորդին, անշուշտ, միջադեպը դուր չեկավ, մանավանդ որ գրավյալ մասի ընդդիմադիր թերթերը հանդես եկան առաջին էջում «Ձերբակալեցինք մեկ էշ եւ երեք այլ կիպրոսցիների» եւ «Չորս կիպրոսցիներՙ 2 հույն, 1 թուրք եւ 1 էշ ձերբակալված» խորագրերով։

Խորհրդանշական էշի գաղափարն առաջացել է նույնիսկ ավելի վաղՙ հակագաղութարարական պայքարի (1955-59) ժամանակներում, երբ կղզին դեռ բրիտանական իշխանության ներքո էր։ Կիպրոսի այդ ժամանակվա կառավարիչ ֆելդմարշալ Ջոն Հարդինգը ԷՕԿԱ-ի մարտիկներին կոչ էր արել զենքերը հանձնել, որին որպես պատասխան նրանք մի խաղալիք հրացան էին կապել էշի մեջքին եւ բաց թողել քաղաքով մեկ հետեւյալ մակագրությամբ. «Հանձնվում եմ, մարշալ»։

Ասում են, Հարդինգը չէր հավանել կատակը։ Գալով Դենքթաշին, ոչ ծիծաղելի է համարել ներկա միջադեպը, ոչ էլ հավանել, հատկապես երբ կիպրոսցի թուրքին հարցրել ենՙ «որտե՞ղ է էշդ», եւ նա պատասխանել է. «Պրեզիդենտական նստավայրում»։

Կիպրոսի նախկին նախագահ Գլաֆկոս Քլերիդեսի դուստր Քեյթը, որն ականատես է եղել միջադեպին, պատմել է, որ «ամեն ինչ սկսվեց որպես զուտ բողոքի արտահայտություն, բայց խնդիրը լրջացավ, երբ 73 տարեկան իշապանից պահակները պահանջեցին անձնագիր, օպերատորներն ու լուսանկարիչները սկսեցին ձվերով հարվածել նրանց»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4