Քաղաքական տրամադրություններն էլ, կենդանի օրգանիզմի նման, լարվածությունից հետո ժամանակ առ ժամանակ հանգստի կարիք են զգում։ Ընտրությունների ընթացքում շիկացած մթնոլորտը խաղաղ տեղատվություն է ապրում։ եվ հասարակությունն էլ կարծես դեն է նետել լնդարմատները խտղտացնող անհատական ծածկագրերի ռետինե խաղալիքը եւ նոր ատամ հանելու պատճառի է սպասում։ Իրականությունը, սակայն, նրան առայժմ այդպիսի առիթ չի ընծայաբերում։ Եվ մահապատժի վերացման 6-րդ արձանագրության ընդունմանը, եւ ԶԼՄ ազատությունը զոհասեղանի դատապարտած օրինագծիՙ ԱԺ-ում ընթացող տուրեւառումներին նա չի մասնակցում։ Համր է ու անտարբեր, ասես այդ ամենը իրեն չի վերաբերում։ Իրենց շահերը ծվատող խնդիրների հետ քաղաքական գործիչները մնացել են մենակ։
Ամառային հանգստից հետո պատգամավորական աթոռներ նվաճելու դափնու արժանացածների մեծամասնությունը բերանը ջուր առած հետեւում է ԱԺ-ում ընթացող իրադարձություններին։ Կռիվ են տալիս նրանք, ում համար քաղաքականությունը իսկապես կենսապայման է դարձել, կարեւոր չէ, դոնկիխոտյան պայքա՞ր է հողմաղացների դեմ, թե՞ նախապես կարգադրված սցենարի հնազանդ կատարում։ Թեժ աշնան ակնկալիքները չգիտես ինչու ավանդութային սպասելիք են դարձել քաղաքական կյանքի հանդիսատես ու մեկ-մեկ էլ մասնակից դարձող մեր հասարակության գիտակցության մեջ։ Որքանո՞վ են դրանք հիմնավորված այս տարի։
Ինչպե՞ս են գնահատում իրենքՙ քաղաքական գործիչները ԱԺ-ում ընթացող իրողությունները եւ հետագա ինչ կանխատեսումներ են անում, ինչպես կզարգանան իրադարձությունները։ Ինչը կարող է կրկին անգործությունից հանել հասարակական կյանքի քարացած անիվները։
Խաչատուր Սուքիասյան (ընդգրկված չէ ԱԺ որեւէ խմբում կամ խմբակցությունում)-ԱԺ-ն քաղաքական համակարգ է, քաղաքական ամբիոն ու լսարան, եւ ընթացող իրողությունները նորմալ են։ Չեմ կարծում, որ մթնոլորտը միշտ այսպես խաղաղ է մնալու։ Երբ որ կլինեն օրենսդրական այնպիսի նախաձեռնություններ ու նախագծեր, որոնք հասարակական շահերի մեծ սպեկտրի են առնչվում, կարող է փոխվել։ Ինչպես, օրինակ, ԶԼՄ օրենքի նախագիծը եւ ավելի շատ այն օրինագծերը, որոնք քաղաքական համակարգին են վերաբերում։
Շավարշ Քոչարյան («Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ)-Ինձ թվում է, հնարավոր շիկացումների մեխը կարող է դառնալ հանրաքվեի օրենքի նախագիծը հանրաքվեի օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ, երբ հնարավորություն կստեղծվի նախագահի վստահության հանրաքվե անցկացնել, այսինքն մեկ տարվա ընթացքում իրականացնել այն, ինչ որոշել է մեր Սահմանադրական դատարանը։
Լեւոն Մկրտչյան (ՀՅԴ խմբակցության ղեկավար)- ԱԺ-ում հանդարտ, նորմալ աշխատանքային մթնոլորտ է հիմա։ Բայց խնդիրներ, իհարկե, շատ կան եւ արտաքին, եւ ներքին ոլորտում։ Առաջիկայում մեզ մի քանի լուրջ պրոբլեմներ են սպասում արտաքին ճակատումՙ կապված Ադրբեջանի ընտրությունների հետ, մեր ժողովուդը չպետք է զգոնությունը կորցնի ղարաբաղյան հիմնախնդրի եւ ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերը պահպանելու հարցում։ Ներքին կյանքում խնդրահարույց կարող են լինել բյուջեի հաստատումը, ընդդիմության դիրքորոշումները որոշակի հարցերի վերաբերյալ։
Մհեր Շահգելդյան («Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ)- Կարծում եմ, որ նորմալ, խորհրդարանական աշուն է եւ սրացման միտումներ չի պարունակում։ Քաղաքական կուսակցությունները շատ հարցերում տարբեր բեւեռների դիրքորոշումներ են արտահայտում, սակայն պահպանելով քաղաքական սկզբունքները, հնարավոր է լինում այս կամ այն նախագծի հետ կապված ընդհանուր լուծումներ գտնել։ Այդպիսի հարց, որ շիկացնի իրադարձությունները, այս փուլում չեմ տեսնում։ Տեսնում եմ հարցեր, որոնք տարակարծություններ կառաջացնեն։ Իսկ դիրքորոշումները սուր ելույթներով ներկայացնելը բնական է պառլամենտի համար։ ԱԺ-ից դուրս նույնպես կարծես այդպիսի բան չեմ տեսնում, չնայած հասարակական հնչեղության բազմաթիվ հիմնախնդիրներ կան։ Բայց եթե օրենսդիրն ու գործադիրը իրենց ջանքերը ներդնում են այդ խնդիրները լուծելու, ապա դրանց լուծման դեպքում նման իրողություններ չեն սպասվի։
Վիկտոր Դալլաքյան («Արդարություն» խմբակցության քարտուղար)-Ես ընդհանրապես ըստ տարվա եղանակների քաղաքականություն կառուցելն ուղղակի ծիծաղելի եմ համարում։ Ինձ համար աշունը պարզապես գուներանգներով հարուստ եղանակ է, ընդամենը հաջորդում է խորհրդարանական հանգստին, երբ քաղաքական ուժերը նախապատրաստական վիճակում են։ Դրա համար էլ կանխագուշակվում է, որ հանդարտ չի լինելու։ Կարծում եմ, որ Ազգային ժողովն իր աշխատանքները բավական հետաքրքիր է սկսել, ներսում աշխատանքային մթնոլորտ է, մյուս կողմն էլ կարծես մեզ հետ որոշ հարցերում համաձայնության գալիս է։ Օրենսդրական առաջարկները, որ մենք անում ենք, համենայն դեպս առաջին եռօրյայի ընթացքում դրական վերաբերմունքի են արժանացել։ Պայմանական թեժացում, կարծում եմ, կլինի, երբ հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունները ներկայացվեն։ Հենց հիմա բուռն են ընթանում ԶԼՄ օրենքի նախագծի քննարկումները։ Բայց եթե ԱԺ-ից դուրս ժողովրդի մասնակցությունը չեղավ մեր քննարկումներին, մենք արդյունքի չենք հասնի, ու այդ ժամանակ թեժացում հաստատ կլինի։
Մանուկ Գասպարյան (անկախ պատգամավոր)- ԱԺ-ում առկա իրավիճակը դուք անդո՞րր եք համարում։ ԱԺ-ի կաթսայում եռք, խմորումներ չե՞ք տեսնում։ Գերլարված, գերշիկացած վիճակ է, ուղղակի ամեն մեկն առայժմ ատամների հետեւում է պահում ասելիքը, դեռ նախահարձակ չեն ուզում լինել։ Բայց որ կաթսան միանգամից է եռալու, կասկած չունեմ։ Առաջիկա 2-3 ամսում թեժ մենամարտեր են սկսվելու, եւ ընդդիմության ներսում, բոլոր ուղղություններով, ուղղակի պատճառներ են փնտրելու։ Գերպատճառն այս անգամ լինելու է գազի, ջրի, լույսի թանկացումը հունվար, փետրվար, մարտ ամիսներին։ Եվ հնարավոր է, որ ԱԺ դարպասներից դուրս էլ շիկացումը տարածվի։ Ժողովուրդը մնացած հարցերում, ինձ թվում է, այդքան մեծ ակտիվություն չի ցուցաբերի։ Եվ եթե իշխանությունները խելամիտ չլինեն, հնարավոր է, որ կայծից բոց էլ բռնկի։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ