Երեկ «Հանրապետական» մարզադաշտում կայացավ 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Երեւանի «Բանանցի» եւ Գյումրու «Շիրակի» միջեւ։ Այդ հանդիպումը չափազանց կարեւոր նշանակություն ուներ արծաթե մեդալների համար մղվող պայքարում։ Թվում էր, թե խաղը կանցնի համառ ու անզիջում մրցապայքարում, սակայն, ցավոք, սպասված համառ մրցակցությունը չստացվեց։ Թեեւ խաղասկզբում «Շիրակի» ջախջախիչ պարտությունը դժվար թե որեւէ մեկը կանխագուշակեր։ Երկու թիմերն էլ շատ ակտիվ սկսեցին մրցավեճը։ Արդեն 4-րդ րոպեին շիրակցի Արարատ Հարությունյանի ձախ թեւով սրընթաց անցումն ավարտվեց տուգանային հրապարակ կատարված վտանգավոր փոխանցումով, սակայն պաշտպանները հեռացրին գնդակը։ 3 րոպե անց նմանատիպ կոմբինացիա ձեռնարկեցին արդեն «Բանանցի» ֆուտբոլիստները։ Այս անգամ Արամ Հակոբյանի փոխանցումը եղբորը խափանեցին շիրակցիները։ Նույն ոճով շարունակվեց հանդիպումը։ «Շիրակի» պաշտպանությունն այս խաղում վստահ չէր գործում։ Հենց դա էլ թիմի խոշոր հաշվով պարտության պատճառ դարձավ։ 13-րդ րոպեին Ամիրյանը ձախ թեւով սրընթաց անցումից հետո գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակ ներխուժած Արամ Հակոբյանին, եւ վերջինս մոտ տարածությունից բացեց հաշիվը։ Ընդամենը 2 րոպե անց աչքի ընկավ առաջնության գլխավոր ռմբարկու Արա Հակոբյանը, որին պաշտպանները հսկողությունից դուրս էին թողել։ Առաջ անցնելով նշենք, որ Արան այս խաղում դարձավ 4 գոլի հեղինակ, որոնցից երկուսը խփեց 11 մ հարվածներով։
Ինչ խոսք, շիրակցիների պարտության պատճառներից մեկն էլ թիմի ֆուտբոլիստների անզուսպ պահվածքն էր, որի հետեւանքով դեռեւս առաջին խաղակեսին Արարատ Ճաղարյանը դաշտից հեռացրեց թիմի ավագ Հովհաննես Թահմազյանին, ինչն ավելի ծանրացրեց գյումրեցիների վիճակը։ Մնալով 10 հոգով, շիրակցիները դժվարությամբ էին դիմագրավում դաշտի տերերի անընդհատ գրոհներին։ Եվ ահա 42-րդ րոպեին Արա Հակոբյանի հերթական սլացիկ անցումը «Շիրակի» դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանը ստիպված էր խափանել խաղի կանոնների խախտմամբ։ Տուժողն ինքն էլ իրացրեց 11 մ հարվածը։ Երկրորդ խաղակեսում երկրորդ դեղին քարտը ստանալով, խաղադաշտը թողեց շիրակցի Կարեն Խաչատրյանը։ Բնականաբար, շիրակցիներին դժվար էր 9 հոգով խաղալ ոգեւորությամբ գործող «Բանանցի» ֆուտբոլիստների դեմ։ Արդյունքում Արա Հակոբյանը եւս երկու անգամ ստիպեց հյուրերին խաղն սկսել դաշտի կենտրոնից։ Միայն խաղավերջում Տիգրան Դավթյանին հաջողվեց խփել պատասխան միակ գնդակը։
5-1 հաշվով համոզիչ հաղթանակ տոնելով, «Բանանցն» ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում։ Իսկ շիրակցիների համար պարտությունը կարող է ճակատագրական լինել առաջնության պարգեւների համար մղվող պայքարում, քանի որ «Միկան» հետապնդում է գյումրեցիներին։ Տուրի մյուս խաղումՙ Կապանում մրցեցին «Լեռնագործն» ու «Դինամոն»։ Խաղի 33-րդ րոպեին դաշտի տերերից Արթուր Ղազարյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ Խաղավարտից 7 րոպե առաջ Արմեն Վարդանյանը կրկնապատկեց հաշիվը։ Միայն 89-րդ րոպեին «Լեռնագործից» Ալեն Մովսիսյանը 11 մ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը։
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 17 | 13 | 4 | 0 | 49-7 | 43 |
2. Բանանց | 17 | 12 | 2 | 3 | 48-10 | 38 |
3. Շիրակ | 17 | 10 | 1 | 6 | 37-22 | 31 |
4. Միկա | 16 | 9 | 1 | 6 | 26-20 | 28 |
5. Կոտայք | 17 | 5 | 5 | 7 | 19-26 | 20 |
6. Դինամո | 17 | 5 | 2 | 10 | 15-39 | 17 |
7. Լեռնագործ | 17 | 2 | 4 | 11 | 12-35 | 10 |
8. Արաքս | 16 | 1 | 1 | 14 | 5-52 | 4 |
Ռմբարկուները
Արա Հակոբյան | «Բանանց» | 28 |
Արամ Հակոբյան | «Բանանց» | 10 |
Էդգար Մանուչարյան | «Փյունիկ» | 8 |
Լեւոն Փաչաջյան | «Փյունիկ» | 8 |
Արամ Ոսկանյան | «Միկա» | 8 |
Տիգրան Դավթյան | «Շիրակ» | 8 |