«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2003-09-24 | #173, 2003-09-25 | #174, 2003-09-26


ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 63-րդ առաջնությունն առանձնացավ չեմպիոնի կոչման համար մղված համառ ու անզիջում մրցապայքարով։ Դա հատկապես վերաբերում է ավարտական տուրերին։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մրցաշարի ավարտից հետո չեմպիոնն այդպես էլ չորոշվեց։ Երկու մասնակիցներՙ Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը 9 հնարավորից վաստակել էին հավասարՙ 6,5-ական միավոր։ Մրցակարգի համաձայն, երեկ նրանց միջեւ անցկացվեց 2 պարտիայից բաղկացած մրցամարտՙ արագ շախմատի կանոններով։ Ողջ պարտիայի համար շախմատիստներին տրամադրվել էր 25 րոպե ժամանակ։ Առաջին պարտիայում սեւերով խաղում էր Գաբրիել Սարգսյանը։ Փորձառու գրոսմայստերը կարողացավ իրացնել առավելությունն իր ավելի երիտասարդ մրցակցի նկատմամբ եւ հաղթանակ տոնեց։ Մրցակիցների երկրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի։

Այսպիսով, լրացուցիչ մրցախաղը շահելով 1,5-0,5 հաշվով, Գաբրիել Սարգսյանը 2-րդ անգամ նվաճեց հանրապետության չեմպիոնի կոչումը։ Առաջին անգամ նա նման հաջողության էր հասել 2000 թ.-ին։ Գաբրիելը տարեվերջին կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ունի։

Վիճակագրությամբ հետաքրքրվողների համար նշենք, որ Հայաստանի առաջնություններում բոլորից հաճախՙ 10 անգամ չեմպիոն է հռչակվել շախմատային կոմպոզիցիայի գծով գրոսմայստեր աշխարհահռչակ Հենրիկ Գասպարյանը։ Գործող շախմատիստներից 7 անգամ ուժեղագույնն է ճանաչվել Աշոտ Անաստասյանը, 4-ական անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել են Արտաշես Մինասյանն ու Սմբատ Լպուտյանը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի 63 առաջնություններում հաղթող են ճանաչվել 31 շախմատիստներ։

Նշենք, որ մրցակարգի համաձայն, չեմպիոնը պարգեւատրվելու է մեկուկես միլիոն դրամով։ Երկրորդ տեղը գրաված շախմատիստը կստանա 900 հազար, 3-5-րդ տեղերըՙ համապատասխանաբար 500, 300 եւ 200 հազար դրամ։ Քանի որ Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը վաստակել են հավասար քանակությամբ միավորներ, ուստի նրանցից յուրաքանչյուրին կտրվի 1,2 միլիոն դրամ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4