«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2003-09-24 | #173, 2003-09-25 | #174, 2003-09-26


ՆԱԽԿԻՆՈՒՄ ՆԱԽ ԱՎՏՈ ԷԻՆ ԳՆՈՒՄ, ՀԵՏՈՙ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ

Այսօր մոտեցումը փոխվել է

Երեկ «Յունիքոմփ», «Ինթել» եւ «Հյուլեթ Փակարդ» ընկերությունների կազմակերպած կոնֆերանս-սեմինարը նպատակ ուներ Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող կազմակերպություններին ներկայացնել այդ ընկերությունների նոր արտադրանքները։ «Ինթել» կորպորացիայի ներկայացուցիչ Վլադիմիր Կուպրյուխինը ներկայացրեց հիպեր-թրեդինգ (Hyper Thrading) տեխնոլոգիան, որը համակարգչին հնարավորություն է տալիս միաժամանակ կատարել մի քանի գործողություն եւ ժամանակ խնայել։ «Գուցե այսօր Հայաստանում նման սարքավորումների պահանջարկը մեծ չէ, ասաց «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը, բայց յուրաքանչյուրս պետք է կարողանանք ինչ-որ ձեւով զարգացում ապահովել։ Այսօր արտադրանքը կներկայացնենք մեկին, որը մեր վաղվա հավանական գնորդն է»։ Պրն Բալդրյանն այսօր իշխանությունների եւ գործող կազմակերպությունների համագործակցությունը դրական է գնահատում։ Ըստ նրաՙ չխանգարելը հաճախ մեծ օգնություն է լինում։

«Վիրաժ լոջիկ» ընկերության համակարգիչների սիստեմային կառավարիչ Սարգիս Մուսոյանի գնահատմամբ այսօր Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ձեւավորված շուկա գոյություն չունի։ Դա մեծապես պայմանավորված է ինչպես ժողովրդի, այնպես էլ գործող կազմակերպությունների ֆինանսական վատ վիճակով։

Արմեն Բալդրյանը, աշխատելով հայկական շուկայում, հիմնական խնդիրը համարում է վարկային բարձր տոկոսները եւ տեխնիկական մասնագետների պակասը։ Ինչ վերաբերում է մասնագետներին, դա, ըստ տնօրենի, ե՛ւ ուսուցման, ե՛ւ պրակտիկայի խնդիր է։

Սարգիս Մուսոյանը գտնում է, որ տասը տարի առաջ Հայաստանում մասնագետները շատ էին, բայց այսօր նրանց մեծ մասը, աշխատանքի հնարավորություն չունենալով, հետ է ընկել ժամանակակից զարգացումներից, լավագույններից քչերն են ապահովված աշխատանքով։

Սեմինարի վերջում ընկերությունները հովանավորչական նպատակով Բյուրականի աստղադիտարանին համակարգիչ նվիրեցին։

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4