«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2003-09-24 | #173, 2003-09-25 | #174, 2003-09-26


ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՌԱՎՈՐ ԳՅՈՒՂԵՐ ՄԵԿՆՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Լեռնային եւ սահմանամերձ գյուղերում թափուր է 680 ուսուցչի հաստիք։ Այս բացը լրացնելու նպատակով կառավարությունը երեկ հաստատել է կարգ, որով արտոնություններ են տրվելու այդ հաստիքները զբաղեցնելու նպատակով գյուղեր բնակության մեկնող մանկավարժներին։ Ինչպես կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց գիտության եւ կրթության նախարար Սերգո Երիցյանը, այդ ուսուցիչներին կտրվի ֆինանսական աջակցություն։ Նրանք 15 հազար դրամ կստանան տեղափոխման եւ տրանսպորտային ծախսերի համար, տարեկան 4 անգամՙ ճանապարհածախս, բնակվարձի համարՙ ամսական 10 հազար դրամ, կեցության այլ ծախսերի համարՙ 5 հազար դրամ։ «Միջին ամսական գումարը կկազմի 20 հազար դրամ», նշեց գիտության եւ կրթության նախարարըՙ պատասխանելով «Ազգի» հարցին։ Մեր մեկ այլ հարցին, թե արդյոք այդ արտոնությունները չե՞ն վերաբերում ներկայումս լեռնային եւ սահմանամերձ գյուղերում դասավանդող ուսուցիչներին, ստացանք բացասական պատասխան։ Մինչդեռ արդարացի կլիներ եթե ոչ նույն չափով, ապա գոնե որոշ հավելում տրվեր նաեւ տարիներ շարունակ այդ բնակավայրերում անտրտունջ իրենց աշխատանքը կատարող ուսուցիչներին։

Սերգո Երիցյանը նաեւ տեղեկացրեց, որ գյուղեր մեկնող ուսուցիչների հետ կկնքվի առնվազն 2 տարվա պայմանագիր։ Նախարարը հայտնեց, որ հատկապես օտար լեզուների ուսուցիչների պակաս կա։ Այս կապակցությամբ աջակցելու պատրաստակամություն են հայտնել Խաղաղության կորպուսը, Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանատները։

Կառավարությունը երեկ անդրադարձել է նաեւ դպրոցների օպտիմալացման ծրագրին եւ որոշել վերականգնել Սեւանի թ. 8 եւ Երանոսի թ. 2 դպրոցները, որպես միջնակարգ հանրակրթական։ Վանաձորի թ. 3 եւ թ. 4 դպրոցները, որոնք մինչ այդ միացվել էին, վերստին առանձնացվեցին։ Վիճելի մի քանի դպրոցների ճակատագրերը դեռեւս քննարկման փուլում են։

Սերգո Երիցյանը վերջում հայտնեց, որ այս տարի լավագույն ուսուցչին եւ լավագույն դաստիարակին կտրամադրվեն 21.06 ավտոմեքենաներ, իսկ Վանաձորում այսուհետեւ կգործի Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի մասնաճյուղը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4