Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը, ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի եւ Իրանի արտգործնախարարներին հանդիպելուց հետո, հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարար Օսկանյանի հետ։ Թուրքական թերթերը սեպտեմբերի 26-ի համարներում արձանագրում են միայն Գյուլ-Օսկանյան հանդիպման փաստը։ Ուրեմն, մանրամասների մասին որեւէ տեղեկություն չունեն։
Ինչ վերաբերում է թուրքական հանրային հեռուստատեսությանը, ապա դա սեպտեմբերի 26-ի առավոտյան Նյու Յորքի սեփական թղթակցի միջոցով տեղեկացրեց, որ սա Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների երկրորդ հանդիպումն էր, դրա ավարտին արտգործնախարարները հավաստիացրել են հանդիպումները շարունակելու իրենց պատրաստակամության մասին։
Այլ կերպ, թուրքական հեռուստատեսությունը եւս որեւէ մանրամասնություն չհաղորդեց։ Դա ինքնին հասկանալի է։ Թուրքիայի օրակարգում Իրաք զորք ուղարկելու հարցն է դրված, որի շուրջ թուրքերը շարունակում են սակարկել ամերիկացիների հետ։ Թերեւս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իրան կատարելիք այցի հետաձգումը, որը նախապես ծրագրված էր, եւ ի պատասխան դրանՙ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Խաթամիի Թուրքիա այցելելու մտադրությունից հրաժարվելն այդ սակարկությունների արձագանքներն են։
Ելնելով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի բացասական դիրքորոշումից, դժվար չէ կռահել, որ Էրդողանին ամերիկացիներն են արգելում այցելել Թեհրան։ Հետեւաբար, Փաուել-Գյուլ հանդիպմանը բացի Իրաք թուրքական զորք ուղարկելու, ինչպես նաեւ Թուրքիային 8,5 մլրդ ամերիկյան վարկ տրամադրելու հարցերից, քննարկված պետք է լինեն Էրդողանի այցի հետաձգմանն առնչվող խնդիրներ։
Ըստ երեւույթին նույնը պետք է ասել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Քամալ Խարազիի հետ Գյուլի հանդիպման օրակարգի առնչությամբ։ Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի եւ Հունաստանի արտգործնախարարների հետ հանդիպումներին, ապա Գյուլը վերջիններիս հետ տարածաշրջանային խնդիրները քննարկելիս պետք է անդրադառնար Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության եւ Կիպրոսի խնդիրներին։
Այս ամենը նշանակում է, որ Թուրքիայի օրակարգը չափազանց հագեցած է, հետեւաբար նա ոչ միայն հայկական սահմանի բացման խնդրով զբաղվելու, նույնիսկ Հայաստանի հետ մերձեցման պատրաստակամությամբ միջազգային հանրությանը հերթական անգամ ապակողմնորոշելու հնարավորություն չունի։
Մնում է հուսալ, որ հայտնի քաղաքական ուժերը եւ մի շարք լրատվամիջոցներ, կդադարեցնեն Թուրքիայի հայկական սահմանի մոտալուտ բացման առնչությամբ Հայաստանում ծավալվող քաղաքական լավատեսության անհիմն քարոզը։ Թերեւս դրանով էլ հայ հասարակությունը կձերբազատվի թուրքական դիրքերից իրեն պարտադրվող կարծիքի անընդմեջ քննարկումներին անուղղակիորեն մասնակցելու տհաճ պարտականությունից։
Չպետք է մոռանալ, որ անկախ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ԱՄՆ-ի շահագրգռություններից, Հայաստանի սահմանը փակել է Թուրքիան եւ դա պատճառաբանել մի քանի նախապայմաններով։ Վերոհիշյալ քաղաքական ուժերը եւ այդ լրատվամիջոցներն էլ հայ-թուրքական սահմանի անհապաղ բացման անհրաժեշտությունը պայմանավորում են Հայաստանի առջեւ ծառացած տնտեսական խնդիրներով։ Այդ ընթացքում ողջամտորեն շրջանցվում են միջազգային պրակտիկային անհարիր նախապայմանները։
Հարցը սակայն սոսկ նախապայմանները չեն, այլեւ Թուրքիայի հետ բացի ռազմական եւ ռազմավարական բնագավառներից, նաեւ տնտեսական բնագավառում Ադրբեջանի եւ Վրաստանի սերտ համագործակցությունն ու համագործակցության պայմաններում տնտեսական խնդիրների հաղթահարման վերջիններիս անընդունակությունը։ Այլ կերպ, եթե հնարավոր լիներ Թուրքիայի աջակցությամբ տնտեսական դժվարությունների հաղթահարումը, ապա Վրաստանն ու Ադրբեջանը հաղթահարման ենթակա խնդիր չէին ունենա։
Ուրեմն վերոհիշյալ քաղաքական ուժերը, լրատվամիջոցները, գործարարները թուրքական նախապայմանները շրջանցելիս, ավելի մեծ ողջամտությամբ շրջանցում են նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի պարագան։ Սա նշանակում է, որ նրանց առջեւ քաղաքական այլ խնդիր է դրված։ Դժվար է ասել, թե ո՞վ է այդ խնդիրը դրել։ Բայց որ Հայաստանի ներկայիս իշխանությունները թուրքական սահմանի բացման համար հազիվ թե նախապայմաններն ընդունեն, ակնհայտ է։ Հետեւաբար քաղաքական վերոհիշյալ խնդիրը չի լուծվի։ Եթե նույնիսկ հաջողվի ապակողմնորոշել հայ հասարակությանը, միեւնույն է, վերոհիշյալ քաղաքական խնդրից բխող առաջադրանքը ձախողված է։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ