ԲԱՔՈՒ, 26 ՍԵՊՏԵՍԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 2-ին տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին այսօր Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Ռենո Հառնիշը հայտնել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովի հետ կայացած հանդիպմանը։ Դիվանագիտական աղբյուրների տվյալների համաձայն, երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը կկայանա Փարիզում ԵԱՀԿ-իՙ Լեռնային Ղարաբաղի խնդրով Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Բանակցությունների հիմնական թեման կլինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը։ Չի բացառվում, որ այդ հանդիպմանը միջնորդները կողմերին կներկայացնեն հիմնախնդրի լուծման նոր նախաձեռնություններ։