«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2003-09-25 | #174, 2003-09-26 | #175, 2003-09-27


ՄԱՀԱՓՈՐՁ, ԱՌԵՎԱՆԳՈՒՄ, ԾԵԾԿՌՏՈՒՔ

Երեկ մահափորձ է կատարվել վրաց-աբխազական հակամարտության կարգավորման համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Զուրաբ Լակերբայայի դեմ։ Վերջինս ազգությամբ աբխազ է եւ Թբիլիսիում հաստատված Աբխազիայի վտարանդի կառավարության նախարարներից։ Մահափորձը կատարվել է Թբիլիսիում, Լակերբայայի վիճակը համարվում է կայուն ծանր։

Լակերբայան Աբխազիայի վտարանդի կառավարության այն ներկայացուցիչն է, ով մուտքի իրավունք ունի չճանաչված Աբխազիա եւ անհրաժեշտության դեպքում մեկնում է Սուխումՙ բանակցելու դե ֆակտո անկախ հանրապետության իշխանությունների հետ։

Երեկ Արեւմտյան Վրաստանում գրանցվել է հերթական առեւանգումը։ Առեւանգվողը Վանի քաղաքի ընտրական հանձնաժողովի նախագահ Մերաբ Լորտկիպանիձեն է։ Այլ մանրամասներ հայտնի չեն, ենթադրվում է, որ առեւանգումը կապ ունի նոյեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։

Երեկ ընտրությունների «թեմայով» տեղի է ունեցել խոշոր ծեծկռտուք, որի ընթացքում օգտագործվել է «թեթեւ զենք»ՙ ատրճանակներ։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել Վրաստանի արեւելքումՙ Բոլնիսի շրջանի Թալավերի ադրբեջանաբնակ գյուղում, հակամարտող կողմերից մասնակցել է մոտ 200 մարդ։ Ընդհարվել են նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի եւ ընդդիմադիրՙ Միխայիլ Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ազգությամբ ադրբեջանցի ակտիվիստները։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4