«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2003-09-25 | #174, 2003-09-26 | #175, 2003-09-27


ՀԱՆՈՒՆ ԱՅՍՕՐՎԱ ԵՎ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 12-րդ նիստը

Հայաստանի Հանրապետության հռչակումից մի քանի ամիս անց ծնվեց «Հայաստան» հիմնադրամը, նախադեպ չունեցող մի կառույց, որ կոչված է լինելու վերքաղաքական ու վերհատվածական գաղափարների կրողը։ Հիմնադրամը նոր որակ հաղորդեց հայրենիք-սփյուռք համագործակցությանը, ցուցաբերելով միասնաբար գործելու առավելությունն ու արդյունքը։ Եվ այսօր, երբ լրացել է հիմնադրամի 10-ամյակը, սեպտեմբերի 22-27-ն անցկացվում է խորհրդի հոգաբարձուների 12-րդ նիստը։ Այն նիստ չէ նեղ իմաստով, որովհետեւ ծրագրում ամենաբազմազան միջոցառումներ են ներգրավված։

Սեպտեմբերի 22-ին եւ 23-ին հիմնադրամի ներկայացուցիչները եղան Արցախում, հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների հետ։ Առաջին օրը նրանք այցելեցին Հյուսիս-հարավ մայրուղու հյուսիսային հատված, իսկ երկրորդ օրըՙ երկրորդ հարավային հատված։ Այս ճանապարհը ժողովուրդը համարում է «Արցախի ողնաշար»։ Մայրուղին անցնում է ԼՂՀ բոլոր հինգ շրջաններովՙ Ստեփանակերտի մատույցներում հանգուցվելով Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին։ Անցնելով ավելի քան 20 բնակավայրերով եւ մոտենալով 100-ից ավելի գյուղերի, մայրուղին ապահովելու է ԼՂՀ ներքին հաղորդակցությունը եւ առանձին շրջանների կապը Հայաստանի հետ։ Հյուսիս-հարավ մայրուղու շնորհիվ Ղարաբաղում արտադրվող արդյունաբերական ապրանքներն ու գյուղմթերքներն ավելի արագ եւ նվազագույն ծախսով կարտահանվեն Հայաստանի եւ արտերկրի շուկաներ։

Ավտոմայրուղու շինարարությունը սկսվել է 2000 թվականի ամռանը եւ արդեն կառուցված է 69 կիլոմետր ընդհանուր երկարության 3 ճանապարհ, իսկ ամբողջ ճանապարհի երկարությունը լինելու է 169 կիլոմետր։ Ավտոմայրուղու շինարարությունը շարունակելու նպատակով 2002 թվականի նոյեմբերին Եվրոպայում (Ֆրանսիա, Գերմանիա, Հոլանդիա) ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում կազմակերպվեց համահայկական մարաթոն, որի ընթացքում եղավ 5 միլիոն 126 հազար 783 ԱՄՆ դոլարի խոստում։ Այս գումարը հնարավորություն կտա կառուցելու եւս երկու հատված։ Բացի ճանապարհից, Արցախում «Հայաստան» հիմնադրամի միջոցներով իրականացվում են նաեւ այլ ծրագրերՙ Առաջաձոր, Ծմակահող, Շահմասուր եւ Վանք գյուղերի սնող գազամուղի, Ստեփանակերտի պոլիկլինիկայի շինարարությունները։

Սեպտեմբերի 24-ին հոգաբարձուների խորհրդի անդամները եղան աղետի գոտում, ներկա գտնվեցին Գյումրու «Անի» թաղամասի բնակելի մեկ շենքի շահագործման արարողությանը, ծանոթացան հիմնադրամի ծրագրերի իրականացմանը։ Ապա Սպիտակում եւ Վանաձորում ծանոթացան շինարարական աշխատանքներին։

Անցած տարի Գյումրիում շահագործման հանձնվեց «Ալբեր եւ Ժան Պողոսյաններ» մանկական արվեստի քոլեջը եւ միաժամանակ սկսվեց «Մեղվիկ» կենտրոնի շինարարությունը։ Այս երկու ծրագրերը ֆինանսավորել են «Ռոբեր Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամը (Ֆրանսիա)։ 2002 թվականին այստեղ կառուցվել են նաեւ թիվ 9 դպրոցըՙ Մոնրեալի հայության, թիվ 19 դպրոցըՙ Ֆրանսիայի հայության նվիրատվություններով, իսկ թիվ 29 դպրոցի շինարարության ֆինանսավորումը Լոս Անջելեսում կայացած հեռուստամարաթոնում ստանձնել է բարերար Ջոզեֆ Դարյանըՙ նվիրաբերելով 440 հազար ԱՄՆ դոլար։ Շիրակի մարզի Մարալիկ ավանի թիվ 1 դպրոցը վերակառուցված է «Ռոբեր Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի նվիրատվությամբ։

2000 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամն սկսեց Սպիտակի կենտրոնում 78 ընտանիքի համար կառուցվող «Եռանկյունի» թաղամասի շինարարությունն ու կանաչապատումը։ Մեծ Բրիտանիայի հայության նվիրատվությամբ կառուցված 5 շենքերում արդեն բնակվում է 30 ընտանիք։ Այս տարի բրիտանահայ բարերար Պարգեւ Գասարջյանի ֆինանսավորմամբ կառուցվում է 6 ընտանիքի համար նախատեսված եւս մեկ շենք։

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում խորհրդային տարիներին կառուցված բնակելի 6 շենքերի համար կառուցվել են կաթսայատներ եւ սնուցող գազատարներ, ջեռուցման համակարգը միացվել է շենքերին։

Նշանակալից աշխատանքներ են կատարվել նաեւ Երեւանում։

2002 թվականի նոյեմբերին հայկական մանկավարժական պետական համալսարանում հիմնովին վերակառուցումից հետո բացվեց «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը։ Այն կառուցվել է ամերիկահայ բարերար Ջեք Հեքիմյանի կտակով։ Վերակառուցվել է Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի լաբորատորիան (ծրագիրը ֆինանսավորել է արգենտինահայ Սարյան ընտանիքը)։

2000 թվականին «Ռոբեր Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամը (Ֆրանսիա) հիմնադրեց «Հանրապետության նախագահի մրցանակ»։ Դա ամենամյա է եւ նպատակ ունի խրախուսել գիտության, առողջապահության, գրականության, արվեստի եւ հումանիստական արժեքների զարգացումը։ Ամեն տարի հիմնադրամն այս նպատակի համար հատկացնում է 25 հազար ամերիկյան դոլար։

Ամերիկահայ «Ֆլորա ֆեմիլի» հիմնադրամի հատկացրած միջոցներով ծրագրեր են իրականացվում Մատենադարանում եւ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում։

«Նպաստներ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների երեխաներին» ծրագիրն սկսվել է 1995 թվականի հունվարին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ։ Դրա նպատակն է միասնական ծրագրի շրջանակներում լուծել այդ երեխաների սոցիալական հարցերը։ Ծրագիրն ինքնաբավ դարձնելու համար ստեղծվում են մնայուն ֆոնդեր։ 770 հազար դոլարի հիմնադրամներ արդեն ստեղծված են, բայց անհրաժեշտ է ավելացնել դրանց թիվը։

Այս մասին երեկ խոսվեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում, որը գումարվեց ՀՀ կառավարության ընդունելությունների տանը։

Ժուռնալիստները շատ կարճ ժամանակ ունեցան հանդիպելու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ, սակայն բոլորն էլ գոհունակություն հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2002 թվականին իրականացրած ծրագրերի չափով ու որակով։

Նիստն աշխատանքն սկսեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ։ Աշխարհի 24 երկրներից Հայաստան եկած հիմնադրամի խորհրդի անդամների աշխատանքը ղեկավարում էր հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նախագահի առաջարկությամբ հիմնադրամի խորհրդի կազմում ընդգրկվեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը։ Ապա ՀՀ նախագահը նիստի մասնակիցներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել հոգաբարձության հանգուցյալ անդամ, գրող Հրանտ Մաթեւոսյանի հիշատակը։

2002 թվականին «Հայաստան» հիմնադրամի միջոցներով Հայաստանում եւ Արցախում կատարվել է ընդհանուր առմամբ 5 միլիոն դոլար գումարի աշխատանք։ Անցած տարի հիմնադրամին զգալիորեն աջակցել են Բրազիլիայի, Կանադայի եւ Գերմանիայի հայկական համայնքները։ Հիմնադրամի ֆրանսիացի ներկայացուցիչ, բարերար Պետրոս Թերզյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվեց «Մխիթար Հերացու» մեդալով։

¬ Ես այս նվիրատվությունը կկարծեմ, որ ուղղված է ողջ ֆրանսահայությանը, - «Ազգի» թղթակցին հայտնեց Պետրոս Թերզյանը։ ¬Ֆրանսիայի մեջ 11 հազար նվիրատու ընտանիքներ ունենք, որոնք 50 հազար հոգի անձ կկազմեն։ Այդ բոլորին է ուղղված այս շքանշանը։

Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան ափի պատասխանատու Թոմիկ Ալեքսանյանն ասաց.

¬ Թեեւ բավականին աշխատանք կատարված է, բայց նաեւ անելիքներ շատ ունենք։ Եթե հաշվի առնենք, որ միայն Գլենդեյլում մենք ունենք 100 հազար հայեր, մեզ չի գոհացնում 12 հազար խոստումը։

Գերմանիայի հայկական համայնքի ներկայացուցիչ Ջիլբերթ Մոմջյանը հայտարարեց.

¬ Մեր պարտականությունն է, որպես հիմնադրամի գործադիր վարչություն, տեւաբար եւ մշտապես տեղյակ պահել ժողովրդին եղած գործունեության մասին, փաստել, թե հիմնադրամն ամուր է, լավ գործեր կկատարե եւ թե իրենց կատարած ներմուծումները ճիշտ տեղը կհասնին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն ընտրվեց Նաիրա Մելքումյանը։

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունենալու «Հանրապետության նախագահի մրցանակ»-ների հանձնման արարողությունը, որով եւ փաստորեն կավարտվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 12-րդ նիստը։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4