«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2003-09-25 | #174, 2003-09-26 | #175, 2003-09-27


«ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԻ ՀԱՅՐԵՆԻՔ, ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ»

Օրերս Սիդնեյից Երեւան է ժամանել Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ, Ծայրագույն Արեւելքի երկրներում հայրապետական պատվիրակ Աղան արք. Պալիոզյանը։ Գերաշնորհ սրբազանը այցելեց «Ազգի» խմբագրություն։ Հարցազրույցի խնդրանքով դիմեցինք նրան, իսկ նա սիրահոժար պատասխանեց մեր հարցերին։

- Սրբազան հայր, ի՞նչ առաքելությամբ եք Հայաստան ժամանել։

¬ Ինչպես գիտեք, այս տարի մայր տաճար Սբ. Էջմիածնի օծման 1700-ամյակի տոնակատարություններն են։ Այս առիթով Վեհափառ հայրապետը եւ Գերագույն հոգեւոր խորհուրդը որոշեցին, որ յուրաքանչյուր թեմ ու թեմական առաջնորդ ուխտի պատարագ մատուցանե Մայր տաճարում։ Այնպես որ, նախ այդ պատարագը մատուցելու համար եկա Հայաստան։ Երկրորդ պատճառը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստն է, իսկ ես Ավստրալիայի տեղական հանձնախմբի նախագահն եմ։ Եվ երրորդ, Հայաստան էր ժամանում Ավստրալիայի ներգաղթի նախարարը։ Իր հետ Հայաստանում միասին լինելով, իրեն դիմավորելու եւ ընկերակցելու առաքելություն եւս ունեմ։

- Քանի որ Ավստրալիայի ներգաղթի նախարարի այցին անդրադարձաք, խնդրում եմ ասեք նրա այցի նպատակների մասին։

¬ Խոնարհաբար ասեմ, որ ես շատ մոտիկ հարաբերությունների մեջ եմ նրա հետ։ Ավստրալիայում նրան ճանաչողական բնույթի բավականին տեղեկություններ եմ հաղորդել Հայաստանի եւ Սբ. Էջմիածնի մասին։ Երբ անցյալ տարի Ամենայն հայոց կաթողիկոսը այցելեց Ավստրալիա, առիթներ ստեղծեցի, որպեսզի նախարարը հաճախ հանդիպում ունենա Վեհափառ հայրապետի հետ, եւ այդ օրերին Ավստրալիայի վարչապետի հետ խոսեցինք ու արտոնություն ստացանք, որպեսզի այս այցելությունը կատարվի։ Եվ այնպես արեցինք, որ իմ այցը զուգադիպի նախարարի այցին։

- Սրբազան հայր, որքան ինձ հայտնի է, առաջնորդարանը Սիդնեյում է։ Ձեր թեմը բացի Սիդնեյից եւ Ավստրալիայի այլ քաղաքներից, ո՞ր երկրներում է գործունեություն ծավալում։

¬ Այն թեմը, որ ես եմ առաջնորդում, կոչվում է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմ։ Կենտրոնը Սիդնեյն է։ Ավստրալիայի երկրորդ գլխավոր քաղաքը Մելբուռնն է։ Ամբողջ Ավստրալիայի տարածքում ունենք 30-40 հազար հայեր աշխարհի զանազան կողմերից։ Մեծամասնությունը, ինչ խոսք, գտնվում է Սիդնեյումՙ շուրջ 24 հազար հայ։ Մոտ 10 հազար հայ բնակվում է Մելբուռնում, մնացյալը ցրված է Ավստրալիայի զանազան քաղաքներում։ Այս քաղաքներն իրարից չափազանց հեռու են։ Մեկ քաղաքից մյուսը ճամփորդելու համար երբեմն 5 ժամ օդանավով պետք է թռչել։ Մայրաքաղաքում, օրինակ, 7-8 հայ ընտանիք կա։ Այնպես որ մյուս քաղաքներում ցրված մի քանի ընտանիքներ են բնակվում։

- Իսկ Նոր Զելանդիայում որքա՞ն հայ է բնակվում։

¬ Նոր Զելանդիայի հին գաղութը մոտավորապես 50 հոգի էր հաշվվում, որոնց մի մասը մահացավ կամ երկրից հեռացավ։ Վերջերս նոր երեւույթ է, որ Իրաքից, Պարսկաստանից եւ Հայաստանից մի շարք ընտանիքներ գան ու հաստատվեն։ Հայաստանցիները հազիվ քաղաքացիություն ստացած տեղափոխվեցին Ավստրալիա կամ Կալիֆոռնիա, գլխավորապես Լոս Անջելես։ Իսկ իրաքցի հայերը մնացին Նոր Զելանդիայում։ Նոր Զելանդիայի մայրաքաղաքը Վելլինգտոնն է։ Սակայն հայությունը մեծ մասամբ գտնվում է երկրի հյուսիսային քաղաքներից Օքլոնդում։ Հավանաբար այստեղ արժե հիշել, որ ժամանակին Նոր Զելանդիայի կառավարիչներից մեկը հայ էր։ Բավական հին ընտանիքներ կան այս երկրում։ Թեեւ շատ մեծ գաղութ չի եղել, բայց նշանավոր ընտանիքներ է տվել, որոնցից մեկի աղջիկը ամուսնացած է նախկին կառավարչի հետ։ Իսկ այսօրվա Նոր Զելանդիայի գլխավոր դատախազը հայ է, 50-52 տարեկան մի տիկին, որի հայրն է հայ, մայրըՙ Ուեյլսից։ Եվ ինքը միշտ հպարտ է իր հայկականությամբ։ Հազիվ մեկ-երկու բառ հայերեն կխոսի։ Ես անձամբ իրեն ճանաչում եմ, ծնողներին նույնպես։ 1983-ին նրանց Հայաստան եմ բերել։ Կհուսամ, որ մի օր ինքն էլ այստեղ կայցելի։

- Սրբազան, բացի Ավստրալիայից եւ Նոր Զելանդիայից, թեմը ո՞ր երկրներում է գործունեություն ծավալում։

¬ Իմ պատասխանատվությունը, որպես թեմի առաջնորդի, տարածվում է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի համայնքների վրա։ Սակայն միաժամանակ ես հայրապետական պատվիրակն եմ Ծայրագույն Արեւելքի, որն ընդգրկում է Հնդկաստանը, ավելի շուտՙ Սինգապուրից Հնդկաստան, Հնդկաստանից մինչեւ Ճապոնիա։ Այս երկրներից Հնդկաստանի տարբեր քաղաքներում յոթ եկեղեցի ունենք, գլխավորապես Կալկաթայում, Բոմբեյում, Մադրասում եւ այլն։ Եկեղեցի ունենք նաեւ Բանգլադեշում։ Եթե մյուս երկրներում յուրաքանչյուր եկեղեցուն հարող փողոցն է հայկական կոչվում, ապա Բանգլադեշում հայկական է կոչվում ամբողջ թաղամասը։

Եկեղեցին կառուցված է 1781 թ.։ Բանգլադեշի գաղութը միշտ փոքր է եղել։ Այսօր ութ հայ կա այնտեղ, որոնցից մեկը եկեղեցու պատասխանատուն է։ Վերջերս ձեր թերթում հայտարարություն էր արվել, թե Բանգլադեշում իբր ութ հարյուր հայ ընտանիք է բնակվում, իբր անտարբեր ենք գտնվել նրանց նկատմամբ։ Իրականում դա այդպես չէ։ Ես կապի մեջ եմ Բանգլադեշի հայերի հետ։ Առնվազն երեք անգամ առիթ ունեցել եմ այցելելու նրանց։ Ի դեպ, քաղաքական իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէր, որպեսզի հաճախակի այցելեի։

Նաեւ եկեղեցի ունենք Բիրմայում, Լանգուն քաղաքում, որ 1860-ական թվերին է կառուցված։ Դժբախտաբար, երկրում հաստատվել է զինվորական իշխանություն, ուստի այնտեղ գնալը բավականին դժվար է, բայց ես կապի մեջ եմ, գիտեմ նաեւ անգլիկան եկեղեցականի մասին, որը հայ եկեղեցում պաշտոնավարում եւ հայերեն պատարագ է մատուցում։ Ասում են, որ նա 40 օրվա մեջ է սովորել հայերեն պատարագը։ Թեեւ նա գիրք կարդալ չի կարող, բայց պատարագն անգիր գիտի։ Ես նրան հանդիպել եմ։ Սինգապուրում նույնպես ունենք հայկական եկեղեցի, որը կառուցվել է 1835 թ.։ Մեր եկեղեցին Սինգապուրում առաջին քրիստոնեական տաճարն է։ Այլ եկեղեցիներ ավելի ուշ են կառուցվել։ Քաղաքը փոքր է, եկեղեցինՙ նմանապես, բայց շատ գրավիչ եկեղեցի է։ Սինգապուրի կառավարության կողմից որպես պատմական հուշարձան պահպանվում է։

- Իսկ Սիդնեյո՞ւմ։

¬ Սիդնեյում եկեղեցի ունենք, նաեւ Մելբուռնում։ Ունենք դպրոցներ, ընդ որումՙ երեք ամենօրյա դպրոց Սիդնեյումՙ Համազգայինի, Բարեգործականի եւ Հայ կաթոլիկ եկեղեցու, իսկ շաբաթօրյա դպրոցները հինգն են, որոնցում հայերեն են սովորեցնում։ Գաղութը հայախոս է, եւ այս դպրոցները դրական աշխատանք են տանում համայնքի հայեցի դաստիարակության առումով։ Սա նոր գաղութ է, եւ կառավարությունը բազմամշակութային ծրագրեր ունի, քաջալերում եւ ցանկանում է, որ երկրի էթնիկ խմբավորումները պահեն ու պահպանեն իրենց լեզուն, մշակույթը, արվեստը։ Եվ դրա համար ոչ միայն քաջալերում, այլեւ նյութապես սատար է կանգնում Ավստրալիայի հայ համայնքին։ Այս ամենի շնորհիվ գաղութը հայախոս է մնում։ Այդ առումով մեզ եւս հաջողվել է լուրջ հաջողությունների հասնել։

- Սրբազան, հայկական իշխանությունները կամ դեսպանատները որեւէ աջակցություն ցույց տալի՞ս են գաղութներին եւ ձեզ հետ կապ պաշտպանո՞ւմ են։

¬ Ընդհանրապես ամուր կապ ունենք, որպես առաջնորդարան, անշուշտ, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի եւ պետական զանազան օղակների, ինչպես նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ՀՀ արտգործնախարարության, նախագահի ապարատի ու Հեռավոր Արեւելքի երկու դեսպանների ՙ Հնդկաստանի եւ Չինաստանի, այդ թվում Թայլանդի պատվո հյուպատոսի հետ։ Անշուշտ, եթե Ավստրալիայում հայկական ներկայացուցչություն լինի, այս կապն անհամեմատ ամուր կլինի, եւ դա կնպաստի կազմակերպչական աշխատանքներին։

- Սրբազան, դուք ընդգծեցիք Սուրբ Էջմիածնի հետ ձեր թեմի սերտ կապը։ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Հայաստանն անկախացավ, մեր եկեղեցում ի հայտ եկան կենտրոնախույս որոշակի միտումներ։ Այս միտումները ԽՍՀՄ-ի ժամանակ այնքան ցայտուն չէին։ Մինչդեռ Հայաստանը փոքրիկ պետություն է, զրկված խորհրդային պաշտպանական վահանից։ Ելնելով դրանից, թվում էր, թե Հայաստանի անկախացումից հետո տրամաբանորեն պիտի հակառակը կատարվեր։ Այսինքն, թեմերը ավելի սերտորեն պիտի համախմբվեին Մայր աթոռի շուրջ։ Ի՞նչ կարող եք ասել կենտրոնախույս միտումների մասին։

- Եթե հարցը Ավստրալիային է վերաբերում, ղարաբաղյան շարժումից եւ հատկապես 1991-ի անկախությունից հետո մեր կապը շատ ավելի զորացավ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հետ։ Սակայն նկատի ունենալով ընդհանուր սփյուռքը, այո, որոշ ճշմարտություն կա ձեր ասածների մեջ եւ որոշ իրականություն։ Դժբախտաբար, որոշ կազմակերպություններ եւ կուսակցություններ կենտրոնախույս աշխատանք են տարել, եւ դա վնասեց նաեւ իրենց։ Այսինքն, այդ միտումը վնասելով սփյուռքին, կուսակցություններն ու կազմակերպություններն էլ դրանով վնասվեցին, որովհետեւ միտումների ի հայտ գալու հետ նրանք սկսեցին ներքին փլուզում ապրել եւ կանգնել քայքայման փաստի առջեւ։ Փոխանակ իրենց շրջանակը եւ համակիրներին դեպի հայրենիք առաջնորդելու, հեռացրին հայրենիքից։ Տարիներով ու տարիներով հայրենիքի ազատության եւ անկախության գաղափարը փայփայած լինելով, նրանք այսօր երբ անտարբեր են գտնվում հայրենիքի նկատմամբ, ապա փլուզումը անխուսափելի է դառնում իրենց շարքերում։

- Հայկական ո՞ր կուսակցություններն են գործում Ավստրալիայում։

¬ Ավստրալիայում ազգային ավանդական երեք կուսակցություններ են գործում, որտեղ դաշնակցականները հիմնադրվել են 60-ականներին, ռամկավարներըՙ 70-ական, իսկ հնչակյաններըՙ 80-ական թթ.։ Շնորհալի աշխատանք են կատարում։ Իրենց գործունեությունը կենտրոնացրել են հայապահպանման վրա։ Կարծում եմ, հասնում են նաեւ հաջողության։

- Սրբազան, երբ ես կենտրոնախույս ասացի, նկատի չունեի միայն թեմերին եւ առաջնորդարաններին։ Կա նաեւ Անթիլիասի եւ Սբ. Էջմիածնի հարաբերությունները սրելու որոշակի միտում։ Ձեր կարծիքով ընդհանուր կրոնական կանոնադրության մշակումը, որին դուք անմիջականորեն մասնակցում եք, կնպաստի՞ հարաբերությունների հարթեցմանը։

¬ Կանոնադրության մշակումը հատուկ է Հայաստանյայց եկեղեցուն, որովհետեւ այսօր կան դժվարություններ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ, որոնք որեւէ ձեւով չեն ընդգրկված։ Սակայն այստեղ նախատեսումներ, կարելիություններ եւս կան, որ հայ եկեղեցին իր ամբողջության մեջ ընդգրկվի այդ կանոնադրության շրջանակներում։ Անշուշտ, տարիների պատրաստվածություն գոյություն ունի։ Հիմա արդեն մշակումը հասել է վերջնական փուլին, ներկայումս ամեն մի օրենքի աղբյուրը, հիմքը գտնելու աշխատանքն է, որ տարվում է, որպեսզի պատահական դրույթներ տեղ չգտնեն կանոնադրության մեջ։ Օրենքները լինելու են հիմնավոր, պատմական եկեղեցու ավանդույթների վրա հիմնված։ Գալով Էջմիածին-Անթիլիաս փոխհարաբերություններին, մերթընդմերթ վայրիվերումներ են տեղի ունենում, բայց ես հավատացած եմ, որ իր գլխին վեղար կրող հայ եկեղեցականը, հատկապես կուսակրոն, պետք է մեկ հասկացողություն ունենա. «Հայրենիք, Սուրբ Էջմիածին եւ հայ ժողովուրդ»։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4