«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2003-09-25 | #174, 2003-09-26 | #175, 2003-09-27


ՆՈՐ ԵԹԵՐԱՇՐՋԱՆ, ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

«Եթերը միշտ պետք է թարմ լինի եւ հեռուստադիտողն անընդհատ իր համար նորույթ գտնի։ Այս սկզբունքն են որդեգրել Հայաստանի հանրային հեռուստատեսության պատասխանատուները նոր եթերաշրջանի մեկնարկին։ Թե Հանրային հեռուստատեսության եւ թե ռադիոյի համար նոր եթերաշրջանը մեկնարկել է մեկ շաբաթ առաջ։ Երեկ հրավիրված մամլո ասուլիսում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ Հանրային հեռուստատեսության տնօրեն Արմեն Արզումանյանը նշեցին, որ նոր եթերաշրջանում տեղ գտած մոտեցումները, հաղորդաշարերը նախաձեռնել էր Տիգրան Նաղդալյանը։ Պատահական չէ, որ թեեւ ավարտուն տեսքի են հասցվել առանց նրա, սակայն նոր եթերաշրջանը նվիրված էր Տիգրան Նաղդալյանի հիշատակին։

Նախ, Հանրային հեռուստատեսության մետրային ալիքը SECAM համակարգից անցում է կատարել PAL-ի, ուստի ապահովվել է հեռարձակման ավելի լավ որակ։ Սա, սակայն, որոշ բարդություն կստեղծի հանրապետության մարզերի այն բնակիչների համար, որոնց հեռուստացույցը վերջին 15 տարում չի փոխվել։ Նրանք ստիպված կլինեն եթերը դիտել սեւ-սպիտակ գույներով։

Դեցիմետրային ալիքը կշարունակի կրել երիտասարդական ուղղվածություն. լավագույն հաղորդաշարերը կտեղափոխվեն մետրային հաճախության։ Դեցիմետրային հաճախությանը կծառայեն նաեւ ուսուցողական նպատակները։ Ալեքսան Հարությունյանի խոսքով, մոտ ապագայում ստեղծվելու է Հեռուստատեսության եւ ռադիոյի բարձրագույն դպրոց, եւ դեցիմետրային ալիքը կարող է իբրեւ դարբնոց ծառայել։ Ինչ վերաբերում է համահայկական արբանյակային ալիքին, թեեւ արբանյակային ցանցով բարձրացվող խնդիրներն այլ պետք է լինեն, հաշվի առնելով սփյուռքի առանձնահատկությունները, սակայն դրա համար առայժմ տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները սուղ են։

Նոր եթերաշրջանի կարեւոր խնդիրներից է եղել լրատվական նոր ցանցի ստեղծումը. այսուհետեւ «Հայլուր» լրատվականը եթերում կլինի երկու ժամը մեկ։ Լինելու են բազմաթիվ թոք-շոուներՙ ամենատարբեր թեմաներ արծարծող, քաղաքականից մինչեւ կենցաղային եւ ինտիմ։ Հանրային հեռուստատեսությունը մեծ ուշադրություն կհատկացնի մարզական իրադարձությունների լուսաբանմանը, կհեռարձակի 2004 թվականի օլիմպիական խաղերը, ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։

Լրագրողներից մեկը նկատեց, թե հեռուստատեսության եւ ռադիոյի աշխատակիցներից շատերն ազատվել են աշխատանքից։ Ալեքսան Հարությունյանի խոսքով, տեղի է ունեցել նորմալ գործընթաց. աշխատակիցների մի մասի հետ նոր պայմանագրեր են կնքվել, մյուսների հետՙ ոչ. «Եթերը չի կարող սոցիալական խնդիր լուծել, ամեն մի աշխատակից պետք է զգա իր հետեւից եկողի շունչը»։ Այս սկզբունքն, ըստ Ալեքսան Հարությունյանի, թույլ կտա եթերում բարձր որակ ապահովել։

Ինչ վերաբերում է Հանրային հեռուստատեսության եթերում բազմակարծության ապահովման խնդրին, ապա Ալեքսան Հարությունյանը կարծում է, որ դա պետական հեռուստաալիքների եթերում ապահովված է։ Արմեն Արզումանյանը հավելեց, թե նոր եթերաշրջանում լինելու են թոք-շոուներ, որոնք իրենց բնույթով արդեն ենթադրում են ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը։

«Կա՞ արդյոք Հայաստանում անկախ հեռուստաընկերություն»։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի այս հարցին Ալեքսան Հարությունյանը հարցով պատասխանեց. «Ազատություն» ռադիոկայանն անկա՞խ է, թե՞ ոչ։ Մենք ձեզ հետ գրեթե նույն իրավիճակում ենք։ Պարզապես տարբերությունն այն է, որ դուք այլ պետության բյուջեից եք ֆինանսավորվում, մենքՙ Հայաստանի»։ Այդուհանդերձ, Ալեքսան Հարությունյանը ֆինանսական անկախությունից զատ կարեւորում է լրագրողի ներքին ազատության անհրաժեշտությունը։

Ի դեպ, ֆինանսավորման մասին։ Հանրային հեռուստաընկերության պատասխանատուները հերքում են լուրերը, թե պետբյուջեից մեծ գումարներ են հատկացվում պետական հեռուստաալիքի ֆինանսավորմանը։ Հաջորդ տարվա բյուջեով նախատեսված գումարի չափը չի աճել։ Հանրային հեռուստատեսության ֆինանսավորումն իրականացվում է նաեւ կոմերցիոն եւ հովանավորչական գումարներից։

«Եթե ցանկանում ենք լավ հեռուստատեսություն ունենալ, պետք է գումար ծախսել, նշեց Արմեն Արզումանյանը, մեր նպատակն է ստեղծել նորմալ, եվրոպական հեռուստատեսություն»։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4