ԱՄՆ կառավարությունը կրճատելու է Վրաստանին տրամադրելիք ֆինանսական օժանդակությունը, քանի որ, ինչպես Էդ. Շեւարդնաձեի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ օժանդակությունը համակարգող Թոմաս Ադամսը, «Թբիլիսին չի կարողացել կատարել առաջադրված խնդիրները»։
Իսրայելից եւ Եգիպտոսից հետո Վրաստանը ԱՄՆ-ից առատորեն ֆինանսավորվող պետությունն է։ ԱՄՆ այս քայլը երկրորդ լուրջ հարվածն է Վրաստանին այն բանից հետո, երբ Միջազգային արժութային հիմնադրամը (ՄԱՀ) վերջերս ժամանակավորապես դադարեցրեց համագործակցությունը Թբիլիսիի հետ, ինչի պատճառով Վրաստանն ի վիճակի չի լինի մոտ ապագայում վճարել իր արտաքին պարտքի, այդ թվումՙ Հայաստանի մասնաբաժինը։
Թոմաս Ադամսը հայտարարել է, որ նախկին ԽՍՀՄ եւ Եվրոպայի սոցիալիստական ճամբարի 27 երկրներից Վրաստանն ամենից թերզարգացածն է եւ այդ թերզարգացածության գլխավոր պատճառներն են կոռուպցիան եւ կառուցվածքային բարեփոխումների չկատարումը, հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը։
Հանդիպման ընթացքում Շեւարդնաձեն ասել է, որ «Վրաստանն անողոք պայքար է հայտարարել կոռուպցիայի դեմ եւ մոտ ապագայում կկարողանանք այդ չարիքին հասցնել վերջնական հարված, պարտության մատնել։ Կոռուպցիայի դեմ ես պայքարել եմ դեռ խորհրդային տարիներին», հաղորդում է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը։
Ուշագրավ է, որ 2004 թ. ԱՄՆ-ը ֆինանսական միջոցներ չի տրամադրի, ի թիվս այլ ոլորտների, փոքր ՀԷԿ-երի վերականգնման համար։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 1-ից ռուսական ՌԱՕ ԵԷՍ-ը ամերիկյան AES-«Թելասի» ընկերությունից գնել է բաժնետոմսերի 75 տոկոսը։ AES-«Թելասին» Թբիլիսիի էներգետիկ բաշխիչ ցանցերի բաժնետերն էր, եւ ամերիկյան ընկերության հեռանալը Վրաստանից արժանացավ Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայլսի, ամերիկացի այլ պաշտոնյաների խիստ բացասական արձագանքին։
Ամերիկացիները դժգոհություն հայտնեցին, երբ Վրաստանը ռուսական «Գազպրոմի» հետ հունիսին կնքեց ռազմավարական համագործակցության 25-ամյա համաձայնագիր։
Չի բացառվում, որ Վաշինգտոնը նվազեցնի Թբիլիսիի հետ ռազմական համագործակցության ներկա մակարդակը։ 2004 թ. գարնանն ավարտվում է ամերիկյան 64 մլն դոլար արժողությամբ «Վարժեցրու եւ հանդերձավորիր» ծրագիրը, ըստ որի Վրաստանը կունենա ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող չորս գումարտակ (արդեն պատրաստվել են երեքը)։ Ադամսը Թբիլիսիում հայտարարել է, որ 2004 թ. ավարտվում է «Վարժեցրու եւ հանդերձավորիր» ծրագիրը, եւ ապագայի համար ԱՄՆ-ը Վրաստանում նմանօրինակ ծրագիր «առայժմ չունի»։
Խիստ հավանական է, որ Վրաստանը չի ստանա Համաշխարհային բանկի 15 մլն վարկը։ Վրաստանի արտաքին պարտքը 1,7 մլրդ դոլարից ավելի է։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ