«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2003-09-26 | #175, 2003-09-27 | #176, 2003-09-30


ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ

Կարճ ժամանակով Հայաստան էր եկել Բեյրութի «Զարթօնք» թերթի գլխավոր խմբագրի օգնական, արվեստի ու մարզական բաժնի խմբագիր Գրիգոր Տեկիրմենջյանը։ Այս այցն ավելի շատ աշխատանքային կարելի էր համարել, որովհետեւ Գրիգորը հարցազրույցներ արեց մեր մշակույթի ճանաչված մարդկանցՙ Սոս Սարգսյանի, Վարդուհի Վարդերեսյանի, Պերճ Զեյթունցյանի, Երվանդ Ղազանչյանի, Զուլում Գրիգորյանի, Վլադիմիր Մսրյանի, Գուժ Մանուկյանի հետ։ Կարճ ժամանակ անց սփյուռքում լավ հայտնի եւ հեղինակավոր «Զարթօնք» թերթում կկարդանք Գրիգոր Տեկիրմենջյանի հարցազրույցները։ Հավատացած ենք, որ դրանք հետաքրքրական նյութեր կլինեն, որովհետեւ ինքըՙ Գրիգորը, իսկապես մշակույթի մարդ է։

25 տարուց ավելի նա թղթակցում է «Զարթօնք» թերթին, իսկ ահա արդեն 8 տարի վարում է արվեստի եւ մարզական բաժինները։ Ուստի հետաքրքրական էր իմանալ նրա կարծիքը մեր այսօրվա մշակութային վիճակի մասին։

¬ Պետք է ասեմ, որ մշակութային կյանքում նահանջը նկատելի է, հատկապես մայր հայրենիքում,¬ մեր զրույցի ժամանակ ասաց Գրիգորը։¬ Սակայն նաեւ համոզված եմ, որ այն ժամանակավոր բնույթ ունի, քանզի հայ մարդն առանց մշակույթի երբեք չի ապրել։ Հեղափոխական, անցումային խառը ժամանակներ են։ Ամեն ինչ ժամանակի ընթացքում կզուլալվի, արժեքավորն ու մնայունն իր հունը կգտնի։

Գրիգոր Տեկիրմենջյանն արդեն 34 տարի անդամակցում է Հայ երիտասարդաց ընկերության Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախմբինՙ որպես բեմադրիչ եւ որպես դերասան։ Բեմադրել է «Չորեքշաբթի գիշերը», «Կիները բնավ սուտ չեն խոսիր», «Քաջ Նազար», «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ», «Օլիվեր Թվիստ» պիեսները։ Այս թատերախմբի կազմում Գրիգորը 1972 թ. առաջին անգամ հյուրախաղերի է մեկնել Սիրիա, Հորդանան, Կիպրոս, Ֆրանսիա, Անգլիա, եղել է Հայաստանում։ Իսկ որպես դերասան մասնակցել է Համազգայինի Գասպար Իփեկյանի թատերախմբին, եղել է Պերճ Ֆազլյանի, Գրիգոր Սաթամյանի, Վարուժան Խտշյանի կողքին, աշխատել է հայրենաբնակ բեմադրիչ Արտաշես Հովհաննիսյանի հետ։

1985 թ. Թեքեյան մշակութային միության Բեյրութի մասնաճյուղում հիմնադրել է թատերախումբ, եղել գեղարվեստական ղեկավարը։ 40 երեխաներ ունեցող այս թատերախումբը Գրիգոր Տեկիրմենջյանի ղեկավարությամբ իրականացրել է «Երաժշտության ձայները», «Թագավորն ու ես», «Իմ չքնաղ լեդի», «Անի» պիեսների բեմադրությունները (ինչպես բեմադրությունների, այնպես էլ օտարալեզու պիեսների թարգմանությունների հեղինակն ինքըՙ Գրիգորն է)։

Սփյուռքում գտնվող մեր շատ ու շատ արվեստագետների նման Գրիգոր Տեկիրմենջյանն աշխատել է առանց ակնկալիքի, պարզապես արյան կանչով։ Եվ շնորհակալ լինենք իրեն, որ այսօր էլ շարունակում է աշխատել նվիրվածությամբ։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4