«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2003-09-27 | #176, 2003-09-30 | #177, 2003-10-01


ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ

Նրանց թվում է Ստամբուլի համալսարանի ռեկտորը

Թուրքիայում գործազրկությունը համատարած բնույթ է կրում, գողությունըՙ նմանապես։ Թեեւ դա որպես սոցիալական երեւույթ կարելի է բացատրել բնակչության լայն զանգվածների չքավորությամբ, սակայն խոսքը տվյալ դեպքում վերաբերում է ոչ թե սովորական գողությանը, այլՙ գրագողությանը։ Դրանով, ինչպես այդ մասին սեպտեմբերի 24-ի համարում նշում է թուրքական «Վաքիթ» թերթը, զբաղվում են թուրք գիտնականներըՙ թուրքական համալսարանների ռեկտորներով հանդերձ։ Մինչդեռ վերջիններս բավականին բարձր են վարձատրվում։ Ուրեմն գրագողությունը չքավորության հետ որեւէ առնչություն ունենալ չի կարող։

Ակամա հարց է ծագումՙ այդ դեպքում ինչո՞վ բացատրել թուրք գիտնականների գրագողությունը։ Մինչ հարցին պատասխանելը պետք է նշել, թե ովքե՞ր են այդ գիտնականները եւ ի՞նչ բնույթի գրագողություն են կատարում։ «Վաքիթ» թերթը գրագողերի թվում նշում է Ստամբուլի համալսարանի ռեկտոր Քեմալ Ալեմդարօղլուին, նույն համալսարանի սոցիոլոգիայի ինստիտուտի դասախոս, դոկտ., պրոֆ. Սեմրա Ունալին, Իզմիրի համալսարանի բժշկական ֆակուլտետի դասախոսներից դոկտ., պրոֆ. Աթալայ Արքանին եւ Անկարայում գործող «Ղազի» համալսարանի դասախոս Ուղուր Հոդօղլուգիլին։

Նրանցից Ստամբուլի համալսարանի ռեկտոր Ալեմդարօղլուն նույնությամբ յուրացրել է ԱՄՆ-ում հրատարակված «New Laparoscopy Devolopment» աշխատությունը, որի թուրքերեն թարգմանությունը հրատարակել է իր ստորագրությամբ։ Վիրջինիայի համալսարանի Գրագողության կենտրոնը, բացահայտելով այդ փաստը, հրապարակել է ինտերնետային էջում։ Դրան է հետեւել մի խումբ թուրք գիտնականների նախաձեռնությունը, որոնք եւս ինտերնետում գրագողության էջ են բացել եւ Ալեմդարօղլուի գլխավորությամբ բացահայտել են մյուս գրագողերին։ Ի դեպ, Վիրջինիայի համալսարանի բացահայտումը նույնությամբ թելադրվել է «Գրագողության» թուրքական սայթում։

Ստամբուլի համալսարանի սոցիոլոգիայի ինստիտուտի դասախոս տկն Ունալի գրագողությունն անմիջականորեն առնչվում է նրա դոկտորական ատենախոսությանը, որը նույնպես արտասահմանում հրատարակված աշխատություններից է վերցրած։ Այլ կերպՙ տկն Ունալը ոչ միայն գրագողությամբ է զբաղվել, այլ դրա միջոցով պաշտպանելով ատենախոսությունը, դոկտորի գիտական կոչման է արժանացել, ապա եւ դարձել է պրոֆեսոր։

Դոկտ., պրոֆ. Արքանը, թեեւ գրագողության միջոցով ատենախոսությունը չի պաշտպանել, սակայն նա էլ Գերմանիայում հրատարակված բժշկագիտական աշխատությունը նույնությամբ թուրքերեն է թարգմանել եւ Ալեմդարօղլուի պես հրատարակել է իր անունով։ Իզմիրի բժիշկների պալատը, նկատելով դա, պրոֆ. Արքանին 15 օրով զրկել է մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Այս որոշումը հաստատել է Թուրքիայի բժիշկների միությունը։

Ինչ վերաբերում է «Ղազի» համալսարանի դասախոս Հոդօղլուգիլին, ապա նա գրագողության արդյունք հանդիսացող նույնպես բժշկագիտական հոդվածը, իբրեւ սեփական, ներկայացրել է Բարձրագույն ուսումնական խորհրդին, ընդ որում հենց անգլերենով, առանց թարգմանության վրա ժամանակ վատնելու։

«Վաքիթ» թերթը մեկ առ մեկ նշում է այն արեւմտյան գիտնականներին, որոնց աշխատություններից Հոդօղլուգիլը հոդված է ձեւակերպել, եւ զարմանքով նշում է, որ Բարձրագույն ուսումնական խորհուրդն ըմբռնումով է վերաբերվել նրան։

Ըստ թերթի, գրագողությամբ զբաղվող վերոհիշյալ բոլոր թուրք գիտնականները նույն խորհրդի անդամ են, իսկ այդ խորհուրդը Թուրքիայում տնօրինում է բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեությունը։ Ուրեմն, գրագողության պարագայում դրանով զբաղվող գիտնականներին առաջնորդում է Բարձրագույն ուսումնական խորհրդի երաշխավորած անպատժելիությունը։ Ինչ վերաբերում է գրագողության բացահայտմանը, ապա պետք է ասել, որ օրերս խիստ սրվել են խորհրդի հետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կառավարության հարաբերությունները։ Կառավարող այս կուսակցությունն իսլամամետ է, իսկ «Վաքիթ» թերթնՙ իսլամական։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4