«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2003-09-27 | #176, 2003-09-30 | #177, 2003-10-01


ՍԵՅՍՄՈԼՈԳՆԵՐԻ ՆԻՍՏ ՍՊԻՏԱԿՈՒՄ

Սպիտակի աղետալի ողբերգության 15-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) գործակալության հյուսիսային բաժանմունքի աշխատակիցների հրավերով կայացավ Հայկական սեյսմոլոգիական եւ երկրի ֆիզիկայի ընկերակցության (ՀՍԵՖԸ) արտագնա նիստը։ Ինչպես տեղեկացրեց ընկերակցության մամլո ծառայությունը, նիստում ելույթ է ունեցել ընկերակցության նախագահ, պրոֆեսոր Սերգեյ Բալասանյանըՙ անդրադառնալով հետեւյալ հարցերինՙ 1. ընկերակցության հիմնախնդիրները եւ նպատակները, ներառյալ Սպիտակի ողբերգության հետ կապված միջոցառումների անցկացումը, 2. ընկերակցության մասնակցությունը ՀՀ տարածքում եւ Երեւանում սեյսմիկ ռիսկի նվազեցմանը, պետական երկու երկարաժամկետ ծրագրերի կատարմանը, օրենսդրական հիմքի զարգացմանը, 3. Հայաստանի գիտական ներուժի ներգրավումը սեյսմիկ պաշտպանության խնդիրների լուծմանըՙ սկսած հիմնարար գիտությունների ներկայացուցիչներից (մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ) մինչեւ հասարակական եւ այլ գիտությունների ներկայացուցիչներ, 4. ընկերակցության միջազգային համագործակցության ընդլայնումը, վերը նշված պետական ծրագրերի կատարման համար ֆինանսական ներդրումներ ներգրավելու նպատակով, 5. Հայաստանում սեյսմիկ պաշտպանություն ապահովելու նպատակով համագործակցություն հասարակական, պետական եւ մասնավոր կառույցների հետ։

ՀՍԵՖԸ-ի արտագնա նիստի ընթացքում հնարավոր չեղավ խուսափել ՍՊԱԾ-ի հյուսիսային բաժանմունքի աշխատակիցների այն հարցերից, որոնք վերաբերում էին ներկայումս ՍՊԱԾ-ում տիրող աղետալի իրավիճակին։ Ինչպես նշում էին ելույթ ունեցող աշխատակիցներըՙ այդ վիճակը ստեղծվել է վերջին տարվա ընթացքում ՍՊԱԾ-ին պետական կառավարման մարմնի կարգավիճակից զրկելու եւ սեյսմիկ պաշտպանության հետ կապ չունեցող Արտակարգ իրավիճակների վարչությանը հանձնելու հետեւանքով։ Նրանց կարծիքով, այդ քայլը ճիշտ չէ թեկուզ ֆորմալ իրավական տեսակետից։ Համաձայն սահմանադրության եւ ՀՀ օրենքների, կառավարությանն առընթեր վարչության կազմում չի կարող լինել գործակալություն, այն էլ ազգային ծառայություն։ Բացի այդ, չէ՞ որ երբեք եւ ոչ մի երկրում սեյսմիկ ծառայությունը քաղպաշտպանության համակարգում չի գտնվել, քանի որ դրանք պետական գործունեության բոլորովին տարբեր ոլորտներ են։ Ելույթ ունեցողները շեշտում էին, որ 1991-2002 թթ., ամենածանր պայմաններում, Հայաստանում ստեղծվեց սեյսմիկ պաշտպանության ժամանակակից համակարգ, որն արժանացավ ամենաբարձր գնահատականին։ Իսկ վերջին տարվա ընթացքում ՍՊԱԾ-ի զարգացումն ընդհատվել է, համակարգը սրընթաց անկում է ապրում։

Այդ կապակցությամբ պրոֆեսոր Բալասանյանը հայտնեց, որ «պետք է ոչ թե առճակատման գնալ կառավարության հետ, այլ շարունակել բացատրել մեկ տարի առաջ ընդունված որոշման անկատար լինելը։ Մենքՙ ՍՊԱԾ ստեղծողներս եւ կառավարությունը, խորապես շահագրգռված ենք Հայաստանի անվտանգության ապահովման հիմնախնդրում։ Անհնար է պատկերացնել անգամ, որ սեյսմավտանգ գոտում որեւէ կառավարություն որոշի փլուզել գործող սեյսմիկ պաշտպանության համակարգը։ Համոզված եմ, որ դա չի ցանկանում նաեւ Հայաստանի կառավարությունը, առավել եւս Սպիտակի աղետից հետո...»։

Ամփոփելով արտագնա նիստը, ելույթ ունեցողները հույս հայտնեցին, որ գոնե այսօր հնարավոր կլինի ընդհանուր ուժերով համոզել կառավարությանը, դուրս բերել սեյսմիկ պաշտպանության համակարգն առկա ծանր վիճակիցՙ շարունակելով համակարգի հետագա զարգացումն ի բարօրություն մեր ժողովրդի եւ երկրի։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4