Ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան (մինչեւ 19 տարեկան) առաջնության ընտրական մրցաշարում, որն անցկացվում է Կիեւում, հաղթանակով մեկնարկեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները։ Մեկնարկային խաղում մեր պատանիների մրցակիցն էր Ուկրաինայի հավաքականը։ Հանդիպման 66-րդ րոպեին փյունիկցի Նդունբուկ Բալեպ Բայի խփած միակ գնդակը հաղթանակ պարգեւեց հայ պատանիներին։ Այս հաջողությունը խիստ կարեւոր է ընտրական խմբում խաղարկվող երկու ուղեգրերից մեկին տիրելու գործում։ Ինչ խոսք, հաջող մեկնարկը ոգեւորիչ է եւ հույս ունենք, որ Հայաստանի պատանեկան հավաքականը նույն հաջողությամբ կանցկացնի նաեւ խմբային մրցաշարի մյուս երկու հանդիպումները։ Վաղը մեր հավաքականը կմրցի Ֆրանսիայի ընտրանու, իսկ հոկտեմբերի 4-ինՙ ուժերը կչափի Բոսնիայի պատանիների հետ։